Հա
31/10/2018 - 09:40

Կառավարութեան տնտեսական հատւածի ծրագրերում զգալի դեր խաղաց հակակոռուպցիոն պայքարը

«finagent.am»-ի հարցազրոյցը ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանի հետ:

«alikonline.ir» - «finagent.am»-ի հարցազրոյցը ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանի հետ:

 

- Ինչպէ՞ս էք գնահատում կառավարութեան կատարած աշխատանքը եւ ծրագիրը, նաեւ տնտեսական նախաձեռնութիւնները:

- Միանշանակ պատասխան դժւար է տալ: Այս յունիսին Ազգային ժողովը հաստատեց նոր կառավարութեան գործունէութեան ծրագիրը, որը նախորդ կառավարութիւնների գործունէութեան ծրագրերից էականօրէն տարբերւում էր, յատկապէս այն հանգամանքով, որ այդ ծրագրի մէջ որեւէ քանակական ցուցանիշ նպատակադրւած չէր, դրանք պարզապէս բացակայում էին: Անշուշտ, այդ հանգամանքը տրամաբանական է, քանի որ այս կառավարութեան մէկ տարւայ գործունէութեան ծրագրի մէջ, իմ գնահատմամբ, հիմնականում դրւած են որակական ցուցանիշներ, այսինքն միջավայրի բարեփոխման հետ կապւած մտադրութիւններ՝ հակակոռուպցիոն, բիզնես - պետութիւն տարանջատում, իշխանութեան տարբեր թեւերի տարանջատում:

 

- Պարոն Պարսեան, Ձեր գնահատմամբ, որքանո՞վ են այդ սպասումներն արդարացւում:

- Կառավարութեան տնտեսական հատւածի ծրագրերում զգալի դեր խաղաց հակակոռուպցիոն պայքարը, որի էֆեկտն անմիջապէս զգացւեց տնտեսական ցուցանիշների շնորհիւ, առաւելապէս առեւտրի եւ ծառայութիւնների ոլորտի ցուցանիշների միջոցով: Հէնց այդ երկու ոլորտներում զգալիօրէն կրճատւեց ստւերը: Թւերի լեզւով՝ միայն յունւար-օգոստոս ամիսների ընթացքում Հայաստանի տնտեսութիւնն աճեց 7.7% անցած տարւայ նոյն ժամանակաշրջանի համեմատ, իսկ յուլիս-սեպտեմբերին գիւղատնտեսութեան ոլորտի ծաւալների շարունակական անկման պատճառով տնտեսական աճի ցուցանիշը կազմեց 6.5%: Մասնաւորապէս, այս սեպտեմբերին անցած տարւայ սեպտեմբերի համեմատ գիւղոլորտում արտադրանքի ծաւալը 17.7% կրճատւեց, ինչպէս տեսնում էք, խօսքը բաւականին մեծ ցուցանիշի մասին է: Պատճառը բանջարեղէնի ցանքատարածութիւնների կրճատումն էր, որում մեծ է դրամավարկային քաղաքականութեան դերը: Վերջին տարիներին ԱՊՀ գրեթէ բոլոր երկրներում ազգային արժոյթներն արժեզրկւել են 70-120%: Սակայն միայն Հայաստանում եւ Թուրքմենստանում ազգային արժոյթներն արժեզրկւեցին ընդամենը 15-20%, ինչը յանգեցրեց մեր գիւղմթերքի գների բարձրացմանը ԱՊՀ շուկաներում: Եթէ, օրինակ, մէկ լիտր գինին նախկինում վաճառւում էր 100 ռուբլիով, հիմա պէտք է վաճառւի առնւազն 150 ռուբլիով, որպէսզի ապահովւի հայկական ապրանքի ինքնածախսածածկումը:

Բացի այդ՝ գիւղոլորտը դեռ արտաքին շուկաների պահանջարկը բաւարարելու խնդիր ունի: Անշուշտ հայկական գիւղմթերքի համար ամենալայն դռները բացեց ռուսական շուկան: Սակայն այժմ երկիրը համապատասխան առաջարկ ստեղծելու խնդրի առաջ է կանգնած:

Ինչ վերաբերում է առեւտրին եւ ծառայութիւններին, ապա այստեղ միայն առեւտրի մասով եւ մանրածախում եւ մեծածախում ստւերը զգալի կրճատւել է եւ հէնց դրա շնորհիւ յունւար-սեպտեմբերին տնտեսութիւնն աճ է գրանցել: Իսկ ծառայութիւնների ոլորտի էֆեկտը տնտեսութիւնը զգաց հիմնականում շահող խաղերի ոլորտի շնորհիւ: Մասնաւորապէս, յունիս-յուլիս ամիսներին տեղի ունեցած ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնը նպաստեց բուքմէյքերական ընկերութիւնների շահոյթի աւելացմանը:

Այս ամէնով հանդերձ մեր տնտեսութիւնը դիւերսիֆիկացման մեծ կարիք ունի:

 

- Դուք ունէ՞ք տնտեսութեան դիւերսիֆիկացման տեսլական:

- Նախ անհրաժեշտ է որոշում կայացնել մակրոմակարդակով, որ պետութիւնը դառնայ շուկայական յարաբերութիւնների ակտիւ մասնակից: Նախորդ 27 տարիների տնտեսական լիբերալ մոդելով պետութեան դերը կայանում էր միայն պայմանների ստեղծման մէջ, սակայն, իմ համոզմամբ, պետութիւնը պէտք է լինի նաեւ տնտեսութեան խոշոր ծրագրերի իրականացնող մասնակից՝ արդիւնաբերութեան, գիւղատնտեսութեան, տրանսպորտի եւ այլ ոլորտներում:

Արձագանգելով Հարկային օրէնսգրքի վերջին փոփոխութիւններին, առեւտրային մի շարք բանկեր որոշում կայացրեցին զիջելու ֆիզիկական անձ յաճախորդների՝ 2018. մայիսի 31-ի դրութեամբ 271 եւ աւելի օր ժամկէտանց անյուսալի դասակարգւած վարկերի գծով հաշւարկւած տոյժերը՝ վարկառուի հետ համաձայնեցւած ժամանակացոյցով վարկի մայր գումարը եւ հաշւարկւած տոկոսները վճարելու պայմանով: Որքանո՞վ էր արդարացւած այս որոշումը, Ձեր կարծիքով:

Ըստ էութեան, այդ նախաձեռնութիւնը սոցիալական մեծ էֆեկտ չի կարող ունենալ պարզ պատճառով. այն մարդիկ, ովքեր չեն կարողանում վճարել մայր գումարը տոկոսների հետ միասին, նոյնիսկ տոկոսների ներման պարագայում մայր գումարը դարձյալ չեն վճարի: Այդ վարկառուներին, որոնց մէջ շատ են ՓՄՁ ներկայացուցիչները, օգնելու ամենաարդիւնաւէտ ճանապարհը տնտեսութեան մէջ իրենց ապրանքի հանդէպ պահանջարկ ձեւաւորելը կարող է լինել: Բազմաթիւ ՓՄՁ-ներ վերջին տարիների ընթացքում դադարեցնում են իրենց գործունէութիւնը ոչ թէ հարկային բեռի, այլ իրացման ծաւալների կտրուկ կրճատման պատճառով, յատկապէս՝ սա տեսանելի է մանրածախ առեւտրի ոլորտում, երբ խոշոր սուպերմարկետների ցանցերը ագրեսիւ ընդլայնում են իրենց գործունէութեան տարածքները, ինչի արդիւնքում յարակից փոքր եւ միջին խանութներ, կրպակներ փակւում են:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։