Հա
02/02/2019 - 12:30

Իրանի հետ առեւտրի եւրոպական մեխանիզմն աւելի շատ քաղաքական նշանակութիւն ունի

Եւրոպական երկրներն Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալուց յետոյ այն պահպանելու հարցում զուտ յայտարարութիւններից անցել են գործնական քայլերի: Յունւարի 31-ին Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան (2015 թւականին միջուկային գործարքը ստորագրած եւրոպական կողմերը) պաշտօնապէս յայտարարեցին Իրանի հետ վճարումների յատուկ մեխանիզմ (INSTEX՝ «Առեւտրային փոխանակումների աջակցութեան գործիք») հիմնելու մասին:

ՅԱՍՄԻԿ ՎԱՐԴԱՆԵԱՆ

 

Եւրոպական երկրներն Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալուց յետոյ այն պահպանելու հարցում զուտ յայտարարութիւններից անցել են գործնական քայլերի: Յունւարի 31-ին Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան (2015 թւականին միջուկային գործարքը ստորագրած եւրոպական կողմերը) պաշտօնապէս յայտարարեցին Իրանի հետ վճարումների յատուկ մեխանիզմ (INSTEX՝ «Առեւտրային փոխանակումների աջակցութեան գործիք») հիմնելու մասին:

Մեխանիզմը կը գործի հետեւեալ կերպ. Իրանը նաւթ եւ այլ ապրանքներ կը մատակարարի Եւրոպա, սակայն գումարները չեն ուղարկւի իրանական բանկերին, այլ կը տրամադրւեն եւրոպական ընկերութիւններին, որոնք Իրանին արդիւնաբերական ապրանքներ, դեղորայք եւ սնունդ են մատակարարում: Նշենք, որ այդ ապրանքները պատժամիջոցների տակ չեն:

Նախատեսում է, որ այս մեխանիզմը կը սկսի գործել մի քանի ամսից: Այն պէտք է հաւանութեան արժանանայ ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից, սակայն, ինչպէս հետեւում է լրատւամիջոցներում շրջանառւող տեղեկութիւններից, եւրոպական երկրներն այս հարցում որոշակի տարաձայնութիւններ ունեն: Բացի ԵՄ-ից, նախատեսւում է համանման մի մեխանիզմ ստեղծել նաեւ Իրանում` եւրոպական ընկերութիւէնների հետ առեւտրում հաշւարկների համար:

Սակայն պէտք է նկատել, որ «INSTEX»-ը իրականում եւրոպական ընկերութիւններին հնարաւորութիւն է տալիս շրջանցել ոչ թէ ամերիկեան պատժամիջոցները, այլ «SWIFT» համակարգից Իրանին անջատելու դժւարութիւնները: Արդիւնքում, մեծ ընկերութիւնները, որոնք արդէն հեռացել են Իրանից, դժւար հետաքրքրւեն «INSTEX»-ի հնարաւորութիւններով: Այն աւելի շատ գրաւիչ է միջին եւ փոքր ընկերութիւնների համար, որոնք չեն վախենում ամերիկեան շուկան կորցնելուց:

Այնուամենայնիւ, ստեղծւած մեխանիզմը կարեւոր նշանակութիւն ունի երկու կողմի համար էլ: Այն ԵՄ կողմից յստակ ազդակ է Իրանին առ այն, որ իրենք մտադիր են պահպանել միջուկային գործարքը եւ շարունակել զարգացնել տնտեսական յարաբերութիւններն Իրանի հետ: Իսկ Իրանի իշխանութիւններն այս պահին նման ազդակի կարիք ունեն. երկրում տնտեսական դրութիւնը գնալով վատանում է` մեծացնելով հասարակութեան շրջանում սոցիալ-տնտեսական դժգոհութիւնները:

Միեւնոյն ժամանակ այս մեխանիզմի փորձարկումը ԵՄ-ին, որն այս պահին ի վիճակի չէ ԱՄՆ հետ լուրջ առճակատման գնալ, հնարաւորութիւն կը տայ հասկանալու` ինչ քայլեր կարելի է ձեռնակրել ԱՄՆ-ից կախւածութիւնը թուլացնելու ուղղութեամբ:

Այսպիսով, «INSTEX»-ի հիմնումը եւրոպական երկրների եւ Իրանի համար աւելի շատ քաղաքական, քան տնտեսական նշանակութիւն ունի: Կողմերը դեռեւս չունեն ամերիկեան պատժամիջոցները շրջանցելու արդիւնաէտ մեխանիզմներ: Իսկ այդպիսին չգտնելու դէպքում, ինչպէս բազմիցս յայտարարել են Իրանի Իսլամական Հանրապետութեան իշխանությունները, Թեհրանը եւս դուրս կը գայ միջուկային գործարքից:

«Armradio.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։