Հա
05/05/2019 - 10:50

«Armenia airways»-ը մեկնարկում է դէպի Թեհրան թռիչքներով

Հայկական «Armenia airways» աւիաընկերութիւնն առաջիկայ շաբաթներին երկինք կը բարձրանայ: Ընկերութիւնն սկսելու է իրականացնել Երեւան-Թեհրան-Երեւան կանոնաւոր չւերթներ: Այս մասին տեղեկանում ենք աւիաընկերութեան ֆէյսբուքեան էջից: Ճիշտ է՝ առայժմ տոմսերի վաճառք չկայ, եւ «Զւարթնոց» օդանաւակայանի կայքում էլ չւացուցակը դեռ չի երեւում:

«alikonline.ir» - Հայկական «Armenia airways» աւիաընկերութիւնն առաջիկայ շաբաթներին երկինք կը բարձրանայ: Ընկերութիւնն սկսելու է իրականացնել Երեւան-Թեհրան-Երեւան կանոնաւոր չւերթներ: Այս մասին տեղեկանում ենք աւիաընկերութեան ֆէյսբուքեան էջից: Ճիշտ է՝ առայժմ տոմսերի վաճառք չկայ, եւ «Զւարթնոց» օդանաւակայանի կայքում էլ չւացուցակը դեռ չի երեւում:

Չւերթներն իրականացւելու են 112-տեղանոց «BAe 146-300» տիպի ինքնաթիռով: Այն Ռումինիայից է բերւել Հայաստան, «Armenia airways»-ը լիզինգով է վերցրել օդանաւը: Վերջինս ՀՀ-ում ստացել է «EK-14601» գրանցումը: Չնայած հայկական աւիաընկերութիւնը չի հասցրել փոխել նախորդ օպերատորներից մնացած կանաչ գոյնը, որով ինքնաթիռը ներկւել է դեռ 2010-ին, այդուհանդերձ, «EK-14601»-ի վրայ արդէն յայտնւել է «Armenia airways»-ի լոգոտիպը:  Տեղեկացնում է «Hetq.am»-ը:

Յիշեցնենք, որ «Armenia airways»-ի սեփականատէր Առլէն Դաւուդեան-Զարնաին պարսկահայ է, նրա «Տաթեւ ՏՏՏ» տուրիստական գործակալութիւնը ներկայում «Iran Aseman Airlines»-ի ներկայացուցիչն է Հայաստանում, իսկ ժամանակին աշխատել է նաեւ «Mahan Air»-ի հետ: Յատկանշական է, որ այս պահին Թեհրանն ու Երեւանը իրար է կապում միայն «Mahan Air »-ը, բայց յունիսի 1-ից թռիչքներ ունի նաեւ «Iran Aseman Airlines»-ը:

Մեր տեղեկութիւններով՝ նոր-նոր շուկայ մտնող «Armenia airways»-ը ցանկանում է առանց մեծ ռիսկերի առաջ գնալ, դրա համար էլ առայժմ սահմանափակւում է միայն Թեհրանի ուղղութեամբ եւ օգտագործում է համեմատաբար փոքր օդանաւ:

Ինչպէս գրել ենք, աւիաընկերութիւնն ունի նաեւ 2 հատ 250-տեղանոց «Airbus 310-300» տիպի ինքնաթիռ, որոնք մինչեւ վերջերս գտնւում էին Թեհրանում: Դրանցից մէկը, որը Հայաստանում գրանցւած է որպէս «EK-31002», արդէն բերւել է Երեւան ու կանգնած է «Զւարթնոցում», իսկ միւսը (EK-31001), ինչպէս յայտնել ենք, տեխնիկական խնդիրներ ունի ու, ամենայն հաւանականութեամբ, չի շահագործւի եւ պահեստամասի դեր կը կատարի միւսի համար: Քանի որ «Airbus 310-300»-ը յարմար է յատկապէս երկարատեւ թռիչքների համար, որոնք հայկական ընկերութիւնը ծրագրում է իրականացնել ոչ մօտ ապագայում, ինքնաթիռն առայժմ օդ չի բարձրանայ:

Աւիաօպերատորի թիրախում են եւրոպական, ռուսական, չինական, մերձաւորարեւելեան շուկաները, հեռանկարում՝ ԱՄՆ-ն:  

«Hetq.am»-ի աղբիւրը յայտնել է նաեւ, որ տեխսպասարկման թեթեւ աշխատանքները կատարելու է հէնց «Armenia airways»-ի թիմը, իսկ աւելի բարդ տիպի աշխատանքների համար «BAe 146-300»-ն, ըստ էութեան, կուղարկւի Ռումինիա:

Յիշեցնենք, որ «Airbus 310-300»-երը եւս ձեռք են բերւել Ռումինիայից. դրանք միասին, ըստ երկկողմ յուշագրի, գնահատւել էին 5.48 մլն. դոլար (հարկերն ու այլ ծախսերը չհաշւած):  

Տեղեկացել ենք նաեւ, որ այս պահին մեր երկրում որակեալ աւիացիոն կադրերի խիստ պակաս կայ. շատերը հեռացել են երկրից, իսկ եղածները վերապատրաստման կարիք ունեն, քանի որ աւիացիան օրեցօր մեծ քայլերով առաջ է շարժւում, իսկ Հայաստանում այս պահին միայն մէկ աւիաընկերութիւն կայ («Aviacompany Armenia»), որը կանոնաւոր չւերթներ է կատարում:

Միւս կողմից՝ երկինք բարձրանալ ցանկացող տեղական աւիաընկերութեան համար հեշտ չէ փորձառու հայ մասնագէտներին գրաւելն ու Հայաստան վերադարձնելը, քանի որ ընդամենը մի քանի տարի առաջ սնանկացած «Armavia»-ի ու «Air Armenia»-ի փորձը յուշում է, թէ գիգանտ ընկերութիւնների հետ անառողջ, պետութեան կողմից չվերահսկւող մրցակցութեան պայմաններում որքան արագ կարելի է յայտնւել լուսանցքում:   

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։