Հա
11/06/2019 - 08:50

Հնարաւորինս պէտք է կրճատել կանխիկը Հայաստանի տնտեսութեան մէջ

ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանի կարծիքով՝ տնտեսութեան ստւերայնութեան հիմնական պատճառներից մէկը կանխիկ առեւտրի մեծ ծաւալն է։

«alikonline.ir» - Աշխարհի ամենամեծ ստւերային տնտեսութիւն ունեցող երկրների վարկանիշային ցուցակում Հայաստանը 34-րդ հորիզոնականում է։ «The Global Economy» հետազօտական կայքի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսութեան շուրջ 36%-ը ստւերին է բաժին ընկնում։ Այս ուսումնասիրութիւնը ներկայացնում է պատկերը՝ 2015 թւականի տւեալների հիման վրայ։ Գրում է «Factor.am»-ը:

ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանի կարծիքով՝ տնտեսութեան ստւերայնութեան հիմնական պատճառներից մէկը կանխիկ առեւտրի մեծ ծաւալն է։ «Մենք շատ ենք կանխիկով առեւտուր իրականացնում։ Սրա հետեւանքը նաեւ ստւերային տնտեսութիւնն է։ Հնարաւորինս պէտք է կրճատել կանխիկը Հայաստանի տնտեսութեան մէջ։ Պետութիւնն այս առումով պէտք է խրախուսի։ Օրինակ՝ Ադրբեջանի դէպքում ԱԱՀ-ն ոչ կանխիկ առեւտրի դէպքում աւելի ցածր է, քան կանխիկ առեւտրի ժամանակ, ինչի հետեւանքով ապրանքներն աւելի էժան են լինում։ Նման մեխանիզմներով հնարաւոր է խրախուսել քարտով առեւտուրը, որը մեր պրակտիկայում քիչ տարածւած է»,- նշեց Սուրէն Պարսեանը։

Չնայած նրան, որ Ադրբեջանում անկանխիկ առեւտրի մշակոյթն աւելի զարգացած է, ստւերային տնտեսութեան ծաւալը Ադրբեջանում աւելի մեծ է, քան մեր երկրում. այն հասնում է 44%-ի։ Էլ աւելի շատ է ստւերը հարեւան Վրաստանում. այն ամենաբարձրն է տարածաշրջանում՝ աւելի քան 53%։

Սուրէն Պարսեանը սա բացատրեց նրանով, որ Վրաստանում վիճակագրական հետազօտութիւններն աւելի խորքային են իրականացւում, մինչդեռ Հայաստանում այդքան էլ որակեալ չեն։ «Վրաստանում վիճակագրական տւեալների բազան բաւականին մաքրւած է, դասակարգւած՝ ի տարբերութիւն Հայաստանի։ Օրինակ, այն, որ տարիներ շարունակ գիւղատնտեսութեան ոլորտում ուռճացւած թւեր են ներկայացւել, մեծ նշանակութիւն ունի եւ ազդում է վերլուծական արդիւնքների վրայ»,- ընդգծեց տնտեսագէտը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։