Հայաստան - ԱրցախՍփիւռք

Արամ Ա կաթողիկոս. «Մեզ պէտք են խարիզմատիկ եւ հեռատես առաջնորդներ թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում»

«ԱԼԻՔ» – Ի պատիւ Արամ Ա Վեհափառ Հայրապետի, նոյեմբերի 19-ին Նիւ Եօրքում, Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան հայոց թեմի ազգային առաջնորդարանի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր պաշտօնական ընդունելութիւն:

Ընդունելութեան ընթացքում ելոյթով հանդէս է եկել Վեհափառ Հայրապետը՝ ամփոփելով իր հովւապետական այցը:

Իր ելոյթում Արամ Ա կաթողիկոսն անրադարձել է նաեւ համազգային հարցերին եւ դրանց հետ կապւած մարտահրաւէրներին:

Վեհափառ Հայրապետը մասնաւորապէս նշել է. «Որպէս ազգ, մենք մեր նորագոյն պատմութեան վճռական փուլում ենք: Հայաստանում եւ Սփիւռք-Հայաստան յարաբերութիւններում տիրում է անորոշութիւն, լարւածութիւն եւ բեւեռացում։ Արցախեան ողբերգութիւնից յետոյ Հայաստանը ենթարկւում է նոր վտանգների։ Որպէս Սփիւռք, մենք չենք կարող անտարբեր մնալ։ Մենք կոչւած ենք ճանաչելու առաջացող աշխարհաքաղաքական իրողութիւնները, որոնք, ցաւօք, Հայաստանի օգտին չեն։ Թոյլ տւէք պարզաբանել։ Մենք չենք կարող շարունակել նոյն ոգով, կրկնւելով, անցեալը ներկայում ապրելով եւ մեր կեանքում առաջնորդւելով կարգախօսներով։ Մենք պէտք է իրատես լինենք։

Մեզ պէտք են խարիզմատիկ եւ հեռատես առաջնորդներ թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում, որոնք ունակ են ճանաչել ժամանակի նշանները եւ ըստ այդմ առաջնորդել մեր հայրենիքն ու ազգը՝ ղեկավարւելով մեր ազգի բարձրագոյն արժէքներով եւ շահերով։

Մենք պէտք է նոր ռազմավարութիւն մշակենք մեր հայրենիքի եւ Սփիւռքի առջեւ ծառացած նոր մարտահրաւէրների եւ հանգամանքների համար:

Մենք պէտք է ազատւենք լճացած մտածելակերպից, դոգմատիկ մօտեցումներից ու կարծրատիպերից, որոնք գերիշխում են մեր ընկալումներում եւ գործողութիւններում, եւ մշակենք նոր ռազմավարութիւններ ու մեթոդոլոգիաներ, որոնք համահունչ են ձեւաւորւող իրողութիւններին եւ հիմնւած են մեր ազգի իդէալների վրայ։

Վստահ եմ, որ մեր երիտասարդներն իրենց ստեղծագործ մտքով եւ հեռատես տեսլականով կարող են առանցքային դեր խաղալ աւելի լայն տարածութիւնների, նոր հորիզոնների համար մեր ազգի ու հայրենիքի բացայայտման գործում»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button