ԻրանՏնտեսական

Իրանի Կենտրոնական բանկ. Թեհրանն ու Մոսկւան ամբողջութեամբ հրաժարւել են SWIFT-ից

Ռուսաստանն ու Իրանը միացրել են իրենց ֆինանսական հաղորդագրութիւնների փոխանցման համակարգերը, ուստի այժմ բանկերը կարող են իրականացնել ուղղակի գործառնութիւններ: Այդ մասին յայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի միջազգային հարցերով փոխնախագահ Մոհսեն Քարիմին։

«Մենք միացրել ենք երկու երկրների (ֆինանսական) հաղորդագրութիւնների փոխանցման համակարգերը: Դա նշանակում է, որ երկու երկրների բանկերին Շւէյցարիան այլեւս հարկաւոր չէ միմեանց հետ կապւելու համար, եւ երկու պետութիւնների առեւտրային բանկերը կարող են միջնորդական յարաբերութիւններ հաստատել միմեանց հետ: Արտահանողը կարող է ռուսական կողմին ռիալով հաշիւ ներկայացնել եւ դրանով Իրանում ռուսական բանկերից գումար ստանալ»,- Քարիմիի խօսքը մէջբերել է Fars գործակալութիւնը։

Իրանի Կենտրոնական բանկի փոխնախագահը նաեւ ընդգծել է, որ երկու երկրների արտահանողները կարող են գործարքներ իրականացնել իրենց ազգային արժոյթներով։

Մէկ օր առաջ Իրանի Ազգային զարգացման հիմնադրամի գործադիր խորհրդի անդամ Հոսէյն Այւազլուն յայտարարել էր, որ Ռուսաստանի եւ Իրանի ազգային բարեկեցութեան հիմնադրամները պլանաւորում են ստեղծել համատեղ ներդրումային կոմիտէներ՝ նաւթագազային, նաւթաքիմիական, դեղագործական եւ մի շարք այլ ոլորտներում տարբեր նախագծեր իրականացնելու նպատակով։

Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը դեկտեմբերի վերջին յայտարարել էր, որ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ արժութային համաձայնագիրը, որը թոյլ կը տայ առեւտուր անել ռուբլով եւ ռիալով, կը ստորագրւի 2024 թւականի առաջին եռամսեակում։

Parstoday.ir

Առնչւող Յօդւածներ

Back to top button