Հա
12/04/2017 - 13:10

Ահմադինեժադի անակնկալը

Դոկտ. Ահմադինեժադին ուղեկցել են նրա մերձաւորագոյն շրջապատը ներկայացնող Համիդ Բաղային եւ Էսֆանդեար Ռահիմ Մաշային, որոնք նոյնպէս առաջադրել են իրենց թեկնածութիւնը:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Իրանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ այսօր նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադն Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւններին մասնակցութեան յայտ է ներկայացրել:

Դոկտ. Ահմադինեժադին ուղեկցել են նրա մերձաւորագոյն շրջապատը ներկայացնող Համիդ Բաղային եւ Էսֆանդեար Ռահիմ Մաշային, որոնք նոյնպէս առաջադրել են իրենց թեկնածութիւնը:

Նրանցից բացի, ընտրութիւններին մասնակցութեան յայտ է ներկայացրել նաեւ Մասուդ Զարիբաֆանը, որը նոյնպէս համարւում է Ահմադինեժադի քաղաքական համախոհներից: Զարիբաֆանը, սակայն, յայտարարել է, որ անկախ է մասնակցելու առաջիկայ ընտրութիւններին՝ ընդգծելով, որ ինքը որեւէ մէկի «քաղաքական շւաքը չէ»:

Անկասկած, նախկին նախագահի քայլը պէտք է համարել Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների արձանագրութեան գործընթացի երկրորդ օրւայ մեծագոյն անակնկալը: Չմոռանանք, որ դեռեւս ամիսներ առաջ Իսլ. յեղափոխութեան առաջնորդը Մահմուդ Ահմադինեժադին կոչ էր արել չմասնակցել առաջիկայ նախագահական ընտրութիւններին, իսկ ինքը՝ Ահմադինեժադը յայտարարել էր, որ պաշտպանելու է Համիդ Բաղայիի թեկնածութիւնը:

Արդէն կարելի է ենթադրել, որ Ահմադինեժադի եւ նրա մերձաւորագոյն շրջապատի ներկայութիւնը միանշանակօրէն դառնալու է 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների խոշորագոյն ինտրիգը:

Այն, նաեւ լրջագոյն մարտահրաւէր է Պահապանների խորհրդի համար, որի ֆիլտրից են անցնելու ընտրութիւններին մասնակցութեան յայտ ներկայացրած բոլոր թեկնածուները:

Թէ ինչպէ՞ս կը վարւի Պահապանների խորհուրդը պարզ կը դառնայ արձանագրութեան աւարտից 5 օր յետոյ, երբ կը հրապարակւի թեկնածուների վերջնական ցուցակը, որոնց արժանաւորութիւնը կը հաստատւի խորհրդի կողմից:

Հէնց այս գործընթացը պէտք է համարել վերը նշւած ինտրիգի առաջին արարը: Այժմ ընտրութիւնների հետ կապւած, շարքային քաղաքացիներին յուզող անմիջական հարցն այն է, թէ ինչպէ՞ս է կարող Պահապանների խորհուրդը չհաստատել նախկին նախագահի արժանաւորութիւնը, որի մասին ժամանակին յեղափոխութեան առաջնորդը նշել էր, թէ իր տեսակէտներն ու մօտեցումներն աւելի մօտ են նրան:

Կարելի է ենթադրել, որ նման «ներկայացուցչական» թիմով ընտրութիւններին մասնակցութեան յայտ ներկայացնելը շախմատային լեզւով ասաց՝ Ահմադինեժադի թիմի կողմից ձիու քայլ է, որը կոչւած է ապահովելու այդ քաղաքական հոսանքի թեկնածուներից մէկն ու մէկի մասնակցութիւնն ընտրութիւններին: Այդ թեկնածուն կարող է լինել Համիդ Բաղային, որին պաշտպանելու մասին յայտարարութեամբ էր հանդէս եկել Մահմուդ Ահմադինեժադը:

Թէեւ յստակ գնահատականներ տալու կամ որոշակի կանխատեսումներ անելու համար անհրաժեշտ է սպասել իրադարձութիւնների հետագայ զարգացումներին, այդուհանդերձ, կարելի է միանշանակօրէն նշել, թէ ինչպիսին էլ, որ լինի Ահմադինեժադի եւ նրա թիմակիցների նկատմամբ Պահապանների խորհրդի որոշումը, նրանց այս քայլը միանշանակօրէն ազդելու է նախագահական ընտրութիւնների ընթացքի վրայ՝ որոշակիօրէն ուղղորդելով իրադարձութիւնների հնարաւոր զարգացումները:

 

Յ. Գ. Պատկերացրէք մի պահ նախագահական ընտրութիւնների այսպիսի մի սցենար. նախագահի պաշտօնի համար մրցակցում են Ռոհանին, Ռէյիսին եւ Ահմադինեժադը… իսկ մեկնաբանութիւնը՝ ԻՆՉՊԻՍԻ ԹԷԺ ԳԱՐՈՒՆ Է ՍՊԱՍՒՈՒՄ ՄԵԶ:

Յարակից լուրեր

  • Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս
    Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս

    Սեւրի պայմանագիրը դարձաւ 99 տարեկան:

    1920 թւականի օգոստոսի 10-ին Փարիզի արւարձանում՝ Սեւրում, Անտանտի երկրների եւ Օսմանեան կայսրութեան կողմից ստորագրւեց հաշտութեան պայմանագիր, որը պաշտօնապէս հաստատում էր կայսրութեան բաժանումը Եւրոպայի եւ Մերձաւոր Արեւելքի միջեւ:

  • Իրան-ԱՄՆ պրոքսի դիմակայութիւն. ինչպէս պէտք է վարւի Հայաստանը
    Իրան-ԱՄՆ պրոքսի դիմակայութիւն. ինչպէս պէտք է վարւի Հայաստանը

    Իրան-ԱՄՆ պրոքսի դիմակայութեան` վերընթաց կորագծով զարգացումը որոշակի բարդութիւններ է ստեղծել կողմերի հետ յարաբերութիւններ պահպանող երկրների, այդ թւում՝ Հայաստանի համար:

  • Ահմադինեժադ-Ղալիբաֆ. նոր կոալիցիա՞
    Ահմադինեժադ-Ղալիբաֆ. նոր կոալիցիա՞

    Բարեփոխականներին մօտ կանգնած «Էթեմադ» օրաթերթն անդրադարձել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի եւ Թեհրանի նախկին քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հանդիպմանը:

  • Նրանք մեզ խիզախել սովորեցրին. Խանասորի արշաւանքի 122-ամեակի առիթով
    Նրանք մեզ խիզախել սովորեցրին. Խանասորի արշաւանքի 122-ամեակի առիթով

    Ոմանց համար հարց կարող է առաջանալ, թէ այդ ինչպէ՞ս, որ տրամաբանութեամբ է կարելի դար ու քսաներկու տարի առաջ, Օսմանեան կայսրութեան մոռացւած ու խուլ մի անկիւնում, հայ-քրդական տեղային ընդհարումը, որը թերեւս հէնց այն օրերին էլ չէր կարող որեւէ նշանակութիւն ունենար, որը նրան կը դարձնէր յատկանշման արժանի պատմական մի իրադարձութիւն, կարող է նշւել եւ տօնւել մեր օրերում, առաւել եւս, ներկայացւել որպէս փառահեղ ռազմական գործողութիւն:

  • Վերարժեւորելու եւ հանրահռչակելու պահը (Փետրւարի 18-ի առիթով)
    Վերարժեւորելու եւ հանրահռչակելու պահը (Փետրւարի 18-ի առիթով)

    Փետրւարեան համաժողովրդական ապստամբութիւնը դարձաւ 98 տարեկան:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։