Հա
Երեքշաբթի, 18 Ապրիլի 2017 14:20

Մենք խաղաղ ենք Ձեր շնորհիւ. Բանակի օրւայ առիթով

Իրանի բանակի սիրելի՛ զինւորականներ,

Շնորհաւորում ենք Ձեզ՝ այս մեծ տօնի կապակցութեամբ, եւ մաղթում, որ երբեւէ չզգացւի Ձեր մասնագիտական եւ բարոյական բարձր ունակութիւնները գործնականում՝ կռւի դաշտում կիրառելու անհրաժեշտութիւնը:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Պատմական իրողութիւն է, որ մարտունակ ու կազմակերպւած բանակի բացակայութիւնն աներկբայօրէն ողբերգական եւ անդառնալի հետեւանքներ է կարող ունենալ ցանկացած երկրի եւ ժողովրդի համար: Եւ հէնց սա է պատճառը, որ ցանկացած երկրում բանակը մշտապէս զգում է ժողովրդի առանձնայատուկ վերաբերմունքն իր նկատմամբ:

Այդ վերաբերմունքն առաւել շեշտաւորւում եւ ընդգծւում է օրհասական այն պահին, երբ երկրի անկախութեան ու տարածքային ամբողջականութեան պաշտպանութիւնը դառնում է օրակարգային եւ բանակն իր ամբողջ ուժով եւ կարողականութեամբ նետւում է առաջ:

Այդպիսին էր իրավիճակը 8-ամեայ պարտադրեալ պատերազմի տարիներին, երբ յանուն Հայրենիքի պաշտպանութեան, ռազմաճակատի առաջին գծում էր Իրանի բանակը:

Այդ օրերին, երբ երկիրն ու հասարակութիւնը դեռ ամբողջովին չէին թօթափել յետ յեղափոխութեան անցումային շրջանի խառնաշփոթը, Իրաքի կողմից մեզ պարտադրւած պատերազմը բառի բուն իմաստով կարող էր վերածւել իրական աղէտի եւ ողբերգութեան, եթէ, իհարկէ, կամաւորականների կողքին չյայտնւէին բանկի արհեստավարժ, փորձառու եւ ռազմարւեստին խորապէս տիրապետող զինւորականները:

Պատերազմի առաջին իսկ րոպէից, մեր քաջարի զինւորականները վեր խոյացան այնպէս, ինչպէս չէր հաշւարկել ու չէր կարող հաշւարկել Իրանի բանակի ներուժը թերագնահատած եւ հեշտ ու արագ յաղթանակի ցնորքով տարւած հակառակորդը: Նրանք անվարան նետւեցին մարտի դաշտ, ընկան հերոսաբար՝ պաշտպանելով ամենաթանգարժէքը՝ Հայրենի հողն ու սեփական ժողովրդի արժանապատւութիւնը:

Եւ իզուր չէ, որ այսօր խոնարհւում ենք բոլոր այն հերոս բանակայինների խնկալի յիշատակի առջեւ, որոնց շնորհիւ Իրանի բանակն արժանիօրէն կոչւում է յաղթական բանակ:

Հէնց այդ հերոս զինւորականների խիզախումների ու խոյացումների շնորհիւ է, որ ոք չի համարձակւում թերագնահատել Իրանի բանակի ուժն ու կարողականութիւնը: Ո՛ւժ, որը պարտադրում է թշնամիներին հեռու մնալ մեր Հայրենիքի սահմաններից: Ո՛ւժ, որն այսօր լրջագոյն կռւան է՝ յօգուտ տարածաշրջանի խաղաղութեան եւ անվտանգութեան պահպանման:

Իրանի բանակի սիրելի՛ զինւորականներ,

Շնորհաւորում ենք Ձեզ՝ այս մեծ տօնի կապակցութեամբ, եւ մաղթում, որ երբեւէ չզգացւի Ձեր մասնագիտական եւ բարոյական բարձր ունակութիւնները գործնականում՝ կռւի դաշտում կիրառելու անհրաժեշտութիւնը:

Մեր դաշտերը կանաչ են, ծովերն անալիք, իսկ երկինքը՝ խաղաղ: Այս բոլորի համար մենք պարտական ենք Ձեզ: Եղէ՛ք կանգուն ու հպարտ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողի՞ արդեօք դոկտ. Ռոհանին իրագործել իր նախընտրական խոստումները:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։