Հա

Օրակարգ

24/09/2018 - 14:30

Թրամփ-Բին Սալման սուսերապարի հետքերով...

Ահւազում զօրահանդէսի ընթացքում ահաբեկչութեան ըստ ամենայնի դատապարտելի ոճրագործութիւնն արդէն իսկ համաշխարհային հանրութեան կրկնակի դատապարտութեանն ու նզովքին է արժանացել…

Դ. Մ.

 

Ահւազում զօրահանդէսի ընթացքում ահաբեկչութեան ըստ ամենայնի դատապարտելի ոճրագործութիւնն արդէն իսկ համաշխարհային հանրութեան կրկնակի դատապարտութեանն ու նզովքին է արժանացել…

Ահաբեկչական ոճրագործութեան թիրախը, տւեալ դէպքում, մարդկային անմեղ զոհերից բացի, Իրանի ինքնիշխանութեանը, անվտանգութեանն ու կայունութեանը հարւածելու սին նպատակին էր միտւած, այնպէս՝ ինչպէս նախորդ նմանատիպ ահաբեկչութիւնը՝ Էմամ Խոմէյնիի դամբարանում ու Մեջլիսի շրջափակում:

Նպատակը միեւնոյն է՝ ծնկի բերել Իրանին հնարաւոր բոլոր միջոցներով՝ տնտեսական սանկցիաներով, քաղաքական ու քարոզչական խարդաւանքներով, ընդհուպ՝ ներքին քաղաքացիական պատերազմով…

Այս վերջնի մոլի երկրպագուն ու մինչեւ իսկ բարձրաձայնողը հանդիսացել է նոյնինքն Ս. Արաբիան, երբ Թրամփին «սուսերապարով» դիմաւորելու հրճւանքն էին ապրում բին Սալմանները…

Վերոյիշեալի ապացոյց է նաեւ ու մանաւանդ նախագահ Ռոհանիի՝ Ահւազի ահաբեկչութեան առթիւ արտայայտած հետեւեալ ձեւակերպումը.- «Պարսից ծոցի հարաւային երկրներից մէկն իր վրայ է վերցրել ինչպէս ֆինանսական, այնպէս էլ գրոհայինների զինման հարցը. մեզ համար յստակ է՝ ով է դա արել, որ խմբաւորմանն են պատկանում եւ ում հետ կապ ունեն…»:

Եւ սա այն դէպքում, երբ անցնող շաբաթներում Իրանը մասնաւորապէս Եմէնի աղէտալի կացութեան խաղաղ կարգաւորման նպատակով երկխօսելու կոչեր էր ուղղում նոյն Ս. Արաբիային…

Ինչեւէ, Իրանի ժողովրդի տոկունութիւնը եւ բոլոր կարգի դժւարութիւնները յաղթահարելու կամարտայայտումը բազմիցս է վնասազերծել-չէզոքացրել յատկապէս երկրի ու պետականութեան ամբողջականութեանն ու կայունութեանը սպառնացող արտաքին դաւադրութիւններին, ինչ պիտակի ու շղարշի ներքոյ էլ թաքնւած լինեն դրանք:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։