Հա

Օրակարգ

19/09/2019 - 10:00

Իրանը 10-15 տարւայ ընթացքում կը գնի Մեղրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ամբողջ ծաւալը

Երեւանն ու Թեհրանը պարբերաբար միջկառավարական յանձնաժողովի նիստեր են անցկացնում, որոնց ընթացքում քննարկւում է էլեկտրակայանի շինարարութեան հարցը, բայց նախագծի ապագան առայժմ մշուշոտ է։

«alikonline.ir» - Երեւանն ու Թեհրանը պարբերաբար միջկառավարական յանձնաժողովի նիստեր են անցկացնում, որոնց ընթացքում քննարկւում է էլեկտրակայանի շինարարութեան հարցը, բայց նախագծի ապագան առայժմ մշուշոտ է։

Թեհրանը համաձայնել է 10-15 տարւայ ընթացքում գնել Մեղրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ամբողջ ծաւալը, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան յայտնեցին Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարարութիւնից։

Նախագծի իրագործման թեման շոշափւել է փոխըմբռնման մասին յուշագրում, որը ստորագրւել է 2019 թ. յուլիսի 1-2-ը Թեհրանում կայացած հայ-իրանական միջկառավարական համատեղ յանձնաժողովի 16-րդ նիստի արդիւնքում։

«Կողմերը կարեւորում են Մեղրի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը ՀՀ եւ ԻԻՀ միջկառավարական համատեղ յանձնաժողովի 15-րդ նիստի (18 փետրւարի 2019 թ.) արձանագրութիւնում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների համաձայն»,- նշւած է փաստաթղթում։

Իրանական կողմը համաձայնել է 10-ից 15 տարւայ ընթացքում գնել Մեղրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ամբողջ ծաւալը 1 կՎտ/ժ համար 4․5-6․5 ցենտ համաձայնեցւած գնով։

«Վերոնշեալ պայմանաւորւածութեան հիման վրայ հայկական կողմը սեղմ ժամկէտներում ներդրողներ կը ներգրաւի Մեղրի ՀԷԿ-ի ծրագրի իրականացման համար»,- գրւած է նախարարութեան պատասխանում։

Ինչպէս աւելի վաղ յայտնել էին Հայաստանի էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների նախարարութիւնից՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, նախագծի համաձայն` 100 ՄՎտ հզօրութեամբ ՀԷԿ-ն ամէն տարի կարտադրի 750-800 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։

Նշենք, որ սա հայ-իրանական խոշորագոյն նախագծերից է։ Մեղրիի էլեկտրակայանը (Արաքսի հայկական ափին) իրենից ներկայացնում է երկու ՀԷԿ-երից կազմւած կասկադ (երկրորդ կայանը կը կառուցւի իրանական ափին՝ Քարաչիլարում)։ Այդ ՀԷԿ-երը պէտք է դառնան ամենամեծը Հարաւային Կովկասում։

Հայաստանն ու Իրանը սկսել են այդ գաղափարը քննարկել դեռ 2006 թ.-ին, իսկ 2010 թ.-ին յուշագիր են ստորագրել շինարարութեան մասին։ Սկզբնական գաղափարի համաձայն` Մեղրու ՀԷԿ-ի հզօրութիւնը պէտք է կազմի 130 մեգավատ (դա 10 տոկոսով աւելի է 2017 թ.-ին Հայաստանում ամբողջ էլեկտրականութեան մշակումից)։

Շինարարութեան ծրագրերը ձախողւել էին 2012-ին, երբ Եւրոմիութիւնը էմբարգօ էր սահմանել իրանական նաւթի վրայ։ Դրանից յետոյ նախագիծը սառեցւել էր, քանի որ Հայաստանը ներդրումներ է սպասել Իրանից։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։