Հա

Օրակարգ

06/10/2019 - 10:20

Ինչո՞ւ նրանք, ոչ թէ Հայաստանը. իրանական կողմը խօսել է ազատ առեւտրի շահաբաժնի մասին

Իրանի հետ համաձայնագիրը Հայաստանի համար բացում է ոչ միայն ոչխարի մսի, այլեւ հանքային ջրի ու ոսկերչական իրերի արտահանման հնարաւորութիւնը։ Այս հնարաւորութիւններն արդէն հետաքրքրել են հայկական բիզնեսին։

«alikonline.ir» - Իրանի հետ համաձայնագիրը Հայաստանի համար բացում է ոչ միայն ոչխարի մսի, այլեւ հանքային ջրի ու ոսկերչական իրերի արտահանման հնարաւորութիւնը։ Այս հնարաւորութիւններն արդէն հետաքրքրել են հայկական բիզնեսին։

ԵԱՏՄ-Իրան արտօնեալ առեւտրի մասին համաձայնագիրը մեծ հնարաւորութիւններ է բացում երկու կողմի համար։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում այս մասին ասաց Իրանի ԱԳՆ-ի միջազգային ֆինանսական եւ առեւտրային կազմակերպութիւնների գծով բաժնի ղեկավար Ազիզ Մանսուրին։

2018 թւականի մայիսին Եւրասիական միութիւնն ու Իրանը ազատ առեւտրի գօտու մասին ժամանակաւոր համաձայնագիր են ստորագրել երեք տարի ժամկէտով։ Համաձայնագիրը ենթադրում է մաքսային տուրքերի նւազեցում մի շարք ապրանքների համար, այդ թւում իրանական 502 անուն ապրանքի եւ 864` եւրասիական։ Դրանցից 10-12-ը ցանկում ներառւել են Հայաստանի կառավարութեան առաջարկով։ Ընդ որում, կողմերը ոչ միայն կը նւազեցնեն տուրքերը, այլեւ կը պարզեցնեն սակագների հետ կապ չունեցող մաքսային արգելքները (արտահանման թոյլտւութիւն, ապրանքների սերտիֆիկացման պահանջներ եւ այլն)։ Դա յատկապէս արդիական է Իրան արտահանելու դէպքում, որտեղ իշխանութիւնները շատ խիստ են պաշտպանում ներքին շուկան։

Արդիւնքում ԵԱՏՄ երկրները կը կարողանան աւելի հեշտութեամբ Իրան արտահանել տաւարի եւ ոչխարի միսը, կարագը, հանքային ջուրը, հացահատիկը, ինչպէս նաեւ պողպատէ գլանւածքը, տրակտորն ու աւտոբուսը։ Իրանն իր հերթին կը կարողանայ աւելի հեշտութեամբ ԵԱՏՄ ներմուծել թուզ եւ պիստակ, մանր ծովախեցգետին, սպասք եւ գորգեր։

«Մենք կարծում ենք, որ համաձայնագիրը շատ մեծ հնարաւորութիւններ է բացում երկու կողմի համար էլ։ Պէտք է օգտւենք այդ հնարաւորութիւնից եւ աշխուժացնենք մեր առեւտուրը»,- ասաց Մանսուրին։

Ապրանքների փոխանակումից բացի, լայն հնարաւորութիւններ են բացւում տարանցման համար։

Հայաստանի տարանցման հնարաւորութիւնների մասին խօսեց իրանցի գործարար, Իրանում Հայաստանի առեւտրաարդիւնաբերական պալատի նախագահ Ռեզա Նաֆեզին։ Նրա խօսքով` պէտք չէ մոռանալ, որ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որը ցամաքով սահմանակից է Իրանին։

«Կան որոշ այլ երկրներ, չեմ ուզում հիմա անունները տալ, որոնց միջով Իրանից տարանցումը դէպի Ռուսաստան աւելի շատ է։ Ինչու այդ օգուտը պէտք է նրանք ստանան, ոչ թէ Հայաստանը»,- աւելացրեց Նաֆեզին։

Վերջերս նա Առեւտրաարդիւնաբերական պալատում հանդիպում է ունեցել հայ գործարարների հետ եւ քննարկել Իրան մատակարարւող ապրանքների նոր հնարաւորութիւնները։ Այժմ աւելի հեռանկարային է թւում ոչխարի մսի, ինչպէս նաեւ հանքային ջրերի եւ ոսկերչական իրերի արտահանման ընդլայնումը։

Առայժմ Իրանի ուղղութեամբ Հայաստանի արտահանումն այնքան էլ դիւերսիֆիկացւած չէ, հիմնականում իրանական շուկայի փակ լինելու պատճառով։ Արտահանման աւելի քան 80%-ն էլեկտրաէներգիան է, 12%-ը` ոչխարի միսը։ Եւս մի քանի տոկոսն էլ մարտկոցների ջարդոններն են։ Մնացած ապրանքներին բաժին է ընկնում արտահանման միայն 4%-ը։

Իրանը կը նւազեցնի տուրքերը հանքային ջրի եւ լիմոնադի, շոկոլադի եւ այլ քաղցրաւենիքի համար, ինչը շահաւէտ է Հայաստանի համար։ Ոսկերչական իրերի համար (որոնց արտադրութիւնը եւս զարգացած է Հայաստանում) Իրանը տուրքերը չի նւազեցնի, բայց կը վերացնի ոչ սակագնային սահմանափակումները։ Մասնաւորապէս, տնտեսավարողները չեն կարող մաքսատնով Իրան անցկացնել աւելի քան 150 գրամ ոսկեայ իրեր։ ԵԱՏՄ երկրների համար այդ սահմանափակումը կը հանւի։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։