Հա

Օրակարգ

Երկուշաբթի, 27 Փետրւարի 2017 14:52

Ադրբեջանի անյուսալի փակուղին

Հայկական ուժերի յստակ գործողութիւնները վկայում են այն մասին, որ Հայկական ԶՈՒ-ը որդեգրել են բոլորովին նոր մարտավարութիւն, որի տրամաբանութիւնը հիմնւած է պատժիչ գործողութիւնների եւ կանխարգելիչ հարւածներ հասցնելու սկզբունքի վրայ:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Ղարաբաղա-ադրբեջանական զօրքերի շփման գծում լարւածութեան հերթական աճն է նկատւում:

Փետրւարի 25-ին, Աղդամի եւ Մարտունու ուղղութեամբ ադրբեջանական կողմը հերթական յարձակման փորձը ձեռնարկեց, ինչը յետ մղւեց հայկական ԶՈՒ-ի կողմից: Հակառակորդն ունեցաւ նաեւ կորուստներ, որոնք մնացել են չէզոք գօտում, ինչն էլ վկայում է այն մասին, որ հակառակ Բաքւի պաշտօնական պնդումների նախայարձակ կողմը կրկին Ադրբեջանն է եղել:

Ինչպէս փորձագէտներն են յուշում, ուշագրաւ է այն փաստը, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում, հերթական այս միջադէպը, վերջին շրջանի գրեթէ բոլոր նմանատիպ դէպքերի պէս հետեւել է Ապշերոնեան բռնապետութիւնում ներքաղաքական զարգացումներին, աւելի որոշակի՝ ուժերի վերադասաւորմանը, որոնք, բոլորն անխտիր կոչւած են ամրապնդելու Ալիեւի ընտանիքի իշխանութեան շարունակականութեան երաշխաւորմանը:

Փորձենք յիշել նմանատիպ վերջին իրադարձութիւնները, որոնց հետեւեց ադրբեջանական ԶՈՒ-ի հերթական սադրանքը շփման գծում:

Բոլորովին վերջերս Իլհամ Ալիեւն իր կնոջը՝ Մեհրիբան Ալիեւային նշանակեց առաջին փոխնախագահի պաշտօնում, իսկ մի քանի օր առաջ էլ անսպասելիօրէն պաշտօնից հեռացրել էր իր ամենաազդեցիկ նախարարներից Զիա Մամեդովին եւ լուծարել տրանսպորտի նախարարութիւնը: Ի դէպ, Զիա Մամեդովի պաշտօնանկութեան սցները զարմանալիօրէն նման է ոչ վաղ անցեալում ազգային անվտանգութեան երբեմնի «սուպեր նախարար» Էլդար Մահմուդովի դէպքին, որը մի գիշերում պաշտօնազրկւեց եւ կալանւորւեց պետական յեղաշրջման փորձի մեղադրանքով, իսկ նրա գլխաւորած նախարարութիւնն էլ կազմալուծւեց:

Փորձագէտները նկատել են տալիս, թէ Ադրբեջանում տեղի է ունենում «լատենտ իշխանափոխութիւն, աւելի ճիշտ՝ պետական քաղաքականութեան փոփոխութիւն» (Անուղղակի մէջբերումը «lragir.am»-ում հրապարակւած նաիրա Հայրումեանի «Իշխանութեան լատենտ փոփոխութիւն Ադրբեջանում» յօդւածից է- Ա.Շ.):

Ակնյայտ է, որ տեւական ժամանակ է, ինչ Ադրբեջանը յայտնւել է քաղաքական փակուղային իրավիճակում, որից ազատւելու համար անհրաժեշտ է քաղաքականութեան կտրուկ շրջադարձ, եւ ինչպէս պատմութիւնն է ցոյց տւել անցեալ 25 տարիների ընթացքում Բաքւում, քաղաքական նման կտրուկ շրջադարձերը միշտ էլ ուղղեկցւել են ղարաբաղեան ճակատում սրացումներով:

Բաւական է թերթել պատմութեան էջերը, յիշելու համար, թէ 1993 թւականին ինչպէս իշխանութեան վերադարձաւ Հէյդար Ալիեւը:

Իհարկէ, Ադրբեջանում ներքաղաքական զարգացումների ֆոնին բնաւ էլ պէտք չէ աչքաթող անել նաեւ այն իրողութիւնը, որ ապրիլեան արկածախնդրութիւնից յետոյ Բաքուն յայտնւել է բաւականին անյուսալի վիճակում:

Բոլոր փորձագէտները միաբերան խոստովանում են, որ Հայկական ԶՈՒ-ի սխրանքի շնորհիւ հնարաւոր եղաւ պահպանել ռազմա-քաղաքական այն հաւասարակշռութիւնը, որը պատերազմական լայնածաւալ գործողութիւնների միջոցով փորձում էր խախտել, աւելի որոշակի՝ վերաձեւէր Ադրբեջանը:

Ակնյայտ է, որ Բաքւի իշխանութիւնները ցանկացած գնով փորձում են ելք գտնել փակուղային այն իրավիճակից, որում յայտնւել են նրանք ապրիլից յետոյ: Վերջին 10 ամիսների ընթացքում ադրբեջանական դիւանագիտական կորպուսի գրեթէ բոլոր քայլերն ուղղւած են եղել հէնց այդ ուղղութեամբ:

Այս կապակցութեամբ չի կարելի չհամաձայնւել փորձագիտական այն մտքի հետ, համաձայն որի՝ վերջին շաբաթների ընթացքում, շփման գծում Ադրբեջանի սադրած լարւածութիւնը գործիք է, որով Բաքուն ձգտում է ճնշում բանեցնել հայկական կողմի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրայ:

Հայկական կողմից, զոհերի եւ վիրաւորների տեսքով, Ադրբեջանն արդէն ստացել է համաչափ ու համարժէք պատասխան: Հայկական ուժերի յստակ գործողութիւնները վկայում են այն մասին, որ Հայկական ԶՈՒ-ը որդեգրել են բոլորովին նոր մարտավարութիւն, որի տրամաբանութիւնը հիմնւած է պատժիչ գործողութիւնների եւ կանխարգելիչ հարւածներ հասցնելու սկզբունքի վրայ:

Միանշանակ է, որ այս նոր մարտավարութեան միջոցով հայկական կողմը պարզորոշ կերպով փորձում է հասկացնել բոլորին, որ  թոյլ չի տայ նոր արկածախնդրութեան շանտաժով ու սպառնալիքով բեկել ռազմա-քաղաքական այն հաւասարակշռութիւնը, որ ամրագրւել է ապրիլեան պատերազմից յետոյ (Անուղղակի մէջբերում Յակոբ Բադալեանի «Ադրբեջանը ստացաւ ծանր պատասխանը» յօդւածից է- Ա.Շ.):

Այս համատեքստում կայ թերեւս առաջին հայեացքից այնքան էլ չերեւացող մի կարեւոր փաստ, որն առաւել քան երբեւէ վկայում  է այն մասին, որ Բաքուն յայտնւել է իր իսկ լարած ծուղակում:

Արդէն տեղեկացրել ենք, որ փետրւարի 25-ի աւանտիւրայի հետեւանքով ադրբեջանական ԶՈՒ-ն ունի 5 կորուստ, որոնց դիերը գտնւում են չէզոք գօտում: Տեւական լռութիւնից յետոյ, ադրբեջանական կողմը ստիպւած է եղել խոստովանել այդ մասին:

Վերջերս ՀՀ Տաւուշի մարզում սպանւած ադրբեջանցի դիւերսանտի դին վերադարձնելու համար Ադրբեջանը բանակցում էր Երեւանի հետ: Սակայն, այժմ, իր վերջին կորուստների դիերը վերադարձնելու համար Բաքուն ստիպւած է ուղղակի բանակցել Ստեփանակերտի հետ: Սա ոչ պակաս ձախողում պէտք է համարել Ադրբեջանի համար, որն ամէն գնով փորձում է խուսափել Արցախի իշխանութիւնների հետ ցանկացած տիպի եւ ձեւաչափի շփումներից՝ դա համարելով Արցախի ինքնիշխանութեան դէ ֆակտօ ճանաչման փաստ:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։