Հա

Համայնք

23/04/2018

Մոխրաթեւ 100-ամեայ փիւնիկը

Ապրիլ 24-ի դառնայուշ օրերի յիշատակը վերստին գօտեպնդում է մեզ, աննահանջ շարունակելու մեր հաւաքական պայքարի երթը ազգովի, մինչեւ մեր բռնաբարւած իրաւունքների ձեռքբերումը՝ հողային հատուցումով եւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումով, նախ ցեղասպանին եւ ապա քաղաքակիրթ համայն աշխարհի կողմից:

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի Ապրիլ 24-ի պատգամը

 

Ապրիլ 24-ի դառնայուշ օրերի յիշատակը վերստին գօտեպնդում է մեզ, աննահանջ շարունակելու մեր հաւաքական պայքարի երթը ազգովի, մինչեւ մեր բռնաբարւած իրաւունքների ձեռքբերումը՝ հողային հատուցումով եւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումով, նախ ցեղասպանին եւ ապա քաղաքակիրթ համայն աշխարհի կողմից:

Մարդկութեան զարմացրել են որոշ երեւոյթներ, որոնք իրաւամբ կոչւել են աշխարհի հրաշալիքները: Դրանց նմանները այսօր կարող են կառուցել մարդիկ, նորօրեայ ճարտարարւեստի հնարաւորութիւններով եւ ճարտարապետական արդիական միջոցներով:

Կան նաեւ աշխարհը զարմացնող ո՛չ նիւթեղէն երեւոյթներ, որոնք փառքն են կազմում ազգերի պատմութեան: Այս «հրաշալիքների» շարքում իր պատւաւոր տեղն ունի մեր ազգը, երկարաձիգ դարերի վրայ տարածւած իր գոյութեամբ եւ մշակութային բարձրամակարդակ ներկայութեամբ:

Հայ ազգը իբրեւ երեւոյթ այս աշխարհում, նախապատմական ժամանակներից գոյաւորւած լինելով հայկական բարձրաւանդակում, հեռու շրջակայ «ժխոր»-ից, այնպէս էլ անվրդով չի՛ անցել երկարդարեայ պատմութեան բովից, որը աւելի՛ է շեշտում նրա գոյութեան հրաշքի համազօր լինելը: Լախտի հարւածները միշտ իջեցւել են կամքի տէր անձանց, ինչպէս նաեւ ազգային իրենց ինքնութեամբ հպարտ եւ տառապանքի մէջ իսկ ինքնամխիթար լինելու կարողականութեամբ օժտւած ժողովուրդների գլխին:

Սով ու լաց, հալածանք ու աւերածութիւն, աքսոր ու ջարդ, մահ ու ցեղասպանութիւն, սուգ ու տրտմութիւն, նահատակութիւն եւ արքայութեան յոյս, լցնում են արնագիր էջերը Հայոց պատմութեան, չորացնելով մեր ժողովրդի երակներում հոսող հեղուկը սուրբ: Բայց անտեսանելի աւիշը եռում է դեռ նրա մարմնի բոլոր մասերում, գոյացնելով նոր արիւն ու մղելով այն նոր սերնդի մարմնի մէջ, կենսաւորելով նրան, փաստելու հայութեան ներկայութիւնը աշխարհում եւ ազգերի ընտանիքում, նրա արժանապատիւ տեղով ու կարեւոր դերով:

Պահպանւե՞լ է արդեօք պարզ արձանագրութիւն, թէ քանի՞ անգամ է այրւել համայնական մեր բոյնը ջերմիկ՝ մեր հայրենի աշխարհը քարքարոտ, կամ թէ քանի՞ անգամ է դատարկւել այն իր հարազատ բնակիչներից՝ մեր պապերից լեռնցի, աշխարհացրիւ անելով նրանց «մինչեւ ի չորիս ծագս աշխարհի»: Այն բոյնը, որի իւրաքանչիւր շիւղը մեր պատմութեան դիւցազնախօս մեղրակտուց բերաններով է բերւել ու կպցւել հաստաբուն կաղնուն հինգհազարամեայ: Բոյն՝ որի մէջ էր երկնել Վահագնը վիշապաքաղ, Հայկն ու Արամը նետաձիգ, Սասունցի Դաւիթն ու առիւծ Մհերը կայծակնաթուր, Աշխէնն ու Տրդատը առիւծասիրտ ու ազգաշէն, Լուսաւորիչն ու Մաշտոցը յաւերժալոյս, Շնորհալին ու Տաթեւացին հաւատապաշտ, ու վերջապէս մեր մէկուկէս միլիոն սրբերը՝ վկայախօս:

Մոխրացել էր բոյնը նորից, 1915-ի հողմապտոյտ հրդեհի լափլիզող համայնակուլ կրակով: Իր հայրենի բոյնի մէջ յանկարծական հրդեհով բռնկւած, փիւնիկը նաեւ զոհեց իր թեւերը այս անգամ: 1896-ի եւ 1909-ի հրդեհները մասամբ էին մոխրացրել նրա ապագան, իսկ հիմա մոխրաթեւ էր դարձել նոյնիսկ ինքը՝ փիւնիկը պանդոյր: Չքացել էին նրա փետուրները նուրբ ու երկգոյն, բայց մանաւանդ պայծառ եօթներանգ երկինքները թեւածելու երջանկայոյս կարողութիւնից էր զրկւել նա, հաշմանդամի սայլակն իր քարշ տալով անապատի աւազների վրայ, ամենուրեք տարտղնելով մոխրամասունքները իր թեւերի ու անցեալի փառաւոր պատմութեան:

100 եւ աւելի տարիներ են անցել այդ օրւանից: Անապատի անորոշութեան տափաստանային ուղին յոգնեցրել էր փիւնիկին, կոշտուկներ հագցրել նրա յամառ ոտքերին, բայց ահա տեսնում ենք նրան նորից նստած թխսի: Աւերւած ու մոխրացած իր բնի բոցահոտ թախթի վրայ է նա դարձեալ ծալապատիկ, կարեվէր, բայց չյուսահատւող աղքատի հզօր կամքով օրհնւած Երկնաւորից, մինչեւ նորածիլ փետուրների բուսնելն իր մոխրացած թեւերի սրածայր անկիւններին:

Նորից ճւճւոց է նրա մոխրահոտ բնում՝ աքսորականի համեստ հիւղակում, աշխարհի տարբեր անկիւններում, Սիրիայից ու Լիբանանից սկսած մինչեւ Արեւմտեան երկրներ: Հիւղաւաննե՜ր եւ նպաստամատոյց ընկերութիւննե՜ր վերընձիւղման եւ մարդասիրական օժանդակութեան տեսարան են կազմել, իսկ միւս կողմից նպաստընկալ փիւնիկը, որ օրն ի բուն բրինձ ու ձաւար է կտցում նրանց շուրջ թռչկոտելով, գէթ փարատելու իր առօրեայ անսւաղութիւնը: Միաժամանակ, իր մոխրացած թեւերով նա ըստ կարելւոյն պաշտպանում է ձագերն իր դեղնակտուց, նրանց հագագում էլ տեղադրելով մի քանի հատիկ ընդեղէն, հաւատալով ապագայում նրանց էլ թռվռալու յուսալի ունակութեան:

Եւ դարձեալ շիւղակազմւեց բոյնը 1918ի վառ արշալոյսի հետ, իսկ 1991-ին՝ փետրախիտ զարդարւեց 100ամեայ փիւնիկը մոխրաթեւ, դարձեալ ճախրելով ազատ ու անկախ կապոյտ ու անամպ երկնքում հայրենի: Բայց ունի՞ իրաւունք նա իր բոյնը հայրենիքի ցանկացած ծառի ճիւղին հիւսելու…: Արդեօք իր բնի մոխրանալու նոր վտանգի սպառնալիք չի՞ տեսնում իր շուրջ փիւնիկը, իրեն հարազատ թւացող ձեռքերով ու ծանօթ ջահից վառւած կրակով…: Որովհետեւ ունի՛ նա դառն փորձառութիւնը, մինչեւ իսկ մոխրացած տեսնելու իր սեփական թեւերը սրագնաց, այսինքն՝ թռչելու իր ամբողջ կարողականութեան արգելակումը…: Խուժան ասկեարի ձեռքով վառւած կրակի այրուցքը մռմռում է դեռ իր եւ իր ծնած ձագերի վարդագոյն կաշւի վրայ: Նրանք խորշակահար են այն բոցից, որը հայրենիքը ամբողջ կարող է հրդեհել, ինչպէս հրդեհւել էր նրանց տունն հայրենի արեւմտեան Հայաստանում, որտեղից մէկ ափ մոխիր անգամ չմնաց ժառանգ, ըստ Ակնեցի նահատակ բանաստեղծի ողբահիւս վկայութեան:

Ապրիլեան այս նւիրական օրերին, թող որ մէկ անգամ եւս հաւաստիացնենք համայն աշխարհին, թէ մոխրաթեւ 100ամեայ փիւնիկը՝ Հայ Ազգը իր հայրենիքում կամ սփիւռքեան իր գաղթօջախներում, նորից կը թռչի եւ՝ վստահաբար կը թռչի, նոյնիսկ եթէ վառեն իր բոյնը, եւ մինչեւ իսկ մոխրացնեն իր թեւերը ու քամուն տան:

Նոր սերունդները դեղնակտուց չե՛ն, այլ արդէն թափահարում են իրենց թեւերը ջլապինդ, եւ համարձակ ճախրելով, լայնլայն պտոյտներով պար են բռնում արեւահամ հայրենիքի երկնակամարում: Մոխրաթեւ 100-ամեայ փիւնիկը մաքրել է արդէն վառւած իր բոյնը հին, վերանորոգել վանքերն ու կանգնեցնել նոր եկեղեցիներ տուֆաշէն: Նա իր նորաբոյս փետուրներով առաւել ջերմացնում է իր բոյնը, մայրենի իր ծոցը, համայն հայութեան յաւերժական հանգրւանը՝ Մայր Հայաստանը:

ԳՐԻԳՈՐ ԵՊՍ. ՉԻՖԹՃԵԱՆ

Առաջնորդ Ատրպատականի հայոց թեմի

22 ապրիլի, 2018

Ազգ. առաջնորդարան, Թաւրիզ

Յարակից լուրեր

  • ՀՀ դեսպան՝ Արտաշէս Թումանեանը Ատրպատականի ազգ. առաջնորդարանում
    ՀՀ դեսպան՝ Արտաշէս Թումանեանը Ատրպատականի ազգ. առաջնորդարանում

    Չորեքշաբթի, 23 մայիս 2018-ի երեկոյեան ժամը 5-ին, Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը պաշտօնական այցով եղաւ Ատրպատականի հայոց թեմի Ազգային առաջնորդարանում, Թաւրիզ կատարած իր աշխատանքային այցելութեան շրջանակներում:

  • Համբարձման տօնը Մարալանի Սբ. Աստւածածին մատուռի ուխտավայրում
    Համբարձման տօնը Մարալանի Սբ. Աստւածածին մատուռի ուխտավայրում

    Հինգշաբթի 10 մայիս 2018-ին, մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնի առիթով, Ատրպատականի հայոց թեմում, տարիների աւանդութեան համաձայն, ս. պատարագ մատուցւեց Թաւրիզի Մարալան նախկին հայաշատ քաղաքամասում, ազգապատկան հսկայ այգում գտնւող Սբ. Աստւածածին ուխտավայր մատուռում: 

  • Ատրպատականի հայոց առաջնորդը Վենետիկում մասնակցեց «Մխիթարեան» միաբանութեան հաստատման 300-ամեակի գիտաժողովին
    Ատրպատականի հայոց առաջնորդը Վենետիկում մասնակցեց «Մխիթարեան» միաբանութեան հաստատման 300-ամեակի գիտաժողովին

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի բարձր տնօրինումով, 3 մայիս, 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան մեկնեց Վենետիկի Ս. Ղազարու վանքը, իբրեւ ներկայացուցիչը Վեհափառ Հայրապետին եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան: Սրբազանը Սուրբ Ղազար Մայրավանքում մասնակցեց, «Մխիթարեան» միաբանութեան սոյն կղզու վրայ հաստատման 300-ամեակի նւիրւած «Մխիթար եւ Մխիթարեաններ, Քրիստոնէութեան լուսաւորութեան դպրանոց մը» խորագրով գիտաժողովին, կազմակերպութեամբ «Մխիթարեան» միաբանութեան քահանայապետական պատուիրակ՝ Հ. Լեւոն արք. Զէքիեանի:

  • Ատրպատականի հայոց առաջնորդը մեկնեց Վենետիկ
    Ատրպատականի հայոց առաջնորդը մեկնեց Վենետիկ

    3 մայիս, 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Վենետիկ, Իտալիա, իբրեւ անձնական ներկայացուցիչը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի: Սրբազան Հայրը Սբ. Ղազար կղզում մասնակցելու է, «Մխիթարեան» միաբանութեան սոյն կղզում հաստատման 300-ամեակի նւիրւած հանդիսութիւններին եւ յատկապէս նոյն առիթով կազմակերպւած գիտաժողովին:

  • Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի առիթով Ատրպատականի հայոց թեմի կազմակերպած ոգեկոչական կենտրոնական ձեռնարկը՝ Թաւրիզում
    Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի առիթով Ատրպատականի հայոց թեմի կազմակերպած ոգեկոչական կենտրոնական ձեռնարկը՝ Թաւրիզում

    Սրբոց Նահատակաց յիշատակին մատուցւած ս. պատարագից եւ «Բարեխօսական Կարգ»-ի կատարումից երեք օր յետոյ՝ ուրբաթ, 27 ապրիլ 2018-ին, Թաւրիզում կայացաւ Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի ոգեկոչման կենտրոնական ձեռնարկը, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։