Հա

Համայնք

23/02/2019 - 11:40

Ս. Սարգսի տօնը Ատրպատականի հայոց թեմում եւ Լիլաւայի եկեղեցու անւան օրը

Ուրբաթ 15 եւ շաբաթ 16 փետրւար 2019 թ.-ին Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում տեղի ունեցաւ Ս. Սարգսի տօնի յատուկ ժամերգութիւն, նախատօնակ եւ ս. պատարագ: 

«alikonline.ir» - Ուրբաթ 15 եւ շաբաթ 16 փետրւար 2019 թ.-ին Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում տեղի ունեցաւ Ս. Սարգսի տօնի յատուկ ժամերգութիւն, նախատօնակ եւ ս. պատարագ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սբ. Սարգսի տօնը լինելով նաեւ անւանակոչութեան օրը Լիլաւայի համանուն եկեղեցու, յատուկ նախատօնակ կատարւեց այս առիթով Թաւրիզի եկեղեցում, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի, մասնակցութեամբ Թաւրիզի Հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի, իսկ Ուրմիայի Սբ. Ստեփանոս ծխական եկեղեցում 16 փետրւարի երեկոյեան ժամերգութիւն կատարւեց եւ Սբ. Հաղորդութիւն տրւեց Ուրմիայի Հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի միջոցով:

Եկեղեցական արարողութիւնը ճոխացրին Թաւրիզի եւ Ուրմիայի Կրտսերաց դպրաց դասի անդամները: Ըստ աւանդութեան, թեմի բարեպաշտ հաւատացեալներ ծոմապահութիւն էին կատարել, եւ Նախատօնակի աւարտին բոլորն էլ հաղորդւեցին, լուծելու համար իրենց ծոմապահութեան երեք օրերը:

Սբ. Սարգիս եկեղեցու անւան տօնի առիթով, Թաւրիզի եկեղեցիների Խնամակալ Մարմնի կողմից պատրաստւել էին «աղի բլիթ»-ներ, յատուկ կապոցներով փաթաթւած եւ տօնը նշող յուշանւէրով ճոխացւած, որոնք եկեղեցական արարողութեան ընթացքում օրհնւեցին Սրբազան Հօր ձեռամբ եւ իւրաքանչիւր հաւատացեալ իր հետ տարաւ, կիրառելու համար տօնի ազգային աւանդոյթը: Իւրաքանչիւր կապոց նաեւ ունէր Ս. Սարգիս Զօրավարի կեանքի ամփոփ գծերը ներկայացնող գունազարդ նկարով չորսէջեայ թերթիկ, ինչպէս նաեւ անհրաժեշտ մի քանի աղօթքներ, որոնք տպագրւել էին Խնամակալ մարմնի Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի կողմից:

Եկեղեցական արարողութեան ընթացքում երգւեց սուրբին նւիրւած «Ամենասուրբ Երրորդութեան ընտրեալ ծառայ» շարականը եւ տեղի ունեցաւ նախատօնակ: Առաջնորդ Սրբազանի գլխաւորութեամբ, նախատօնակի արարողութեան ընթացքին կատարւեցին օրւայ սուրբին նւիրւած «Հարց», «Մեծացուսցէ», «Ողորմեա» եւ «Տէր Յերկնից» հոգեզմայլ շարականները, որոնք երկար տարիներից ի վեր չէին լսւել թեմի եկեղեցիներում:

Նշենք, որ երբ 1845 թւին կառուցւել է այս եկեղեցին թաւրիզահայերի կողմից, հայաշատ Լիլաւա թաղամասում, այն կոչւել է Սբ. Սարգիս, նրա արագահաս օգնութեան եւ ապաւինելով վստահաբար:

Առաջնորդ Սրբազանը բարձր գնահատեց Խնամակալ մարմնի նւիրեալ գործունէութիւնը թեմի եկեղեցիներին, յատկապէս այսօրւայ տօնի գծով նրանց կատարած աշխատանքը՝ բոլոր հաւատացեալներին յուշանւէրով պատւելու համար:

Թաւրիզի Սբ. Սարգիս եկեղեցու անւանակոչութիւնը հոգեւոր վերանորոգման եւ հաւատքի վերաթարմացման առիթ հանդիսացաւ բոլոր հաւատացեալների համար, որոնք ամէն կիրակի իրենց այցելած Հաւատքի տունը մտնում են անսակարկ սիրով ու անվերապահ հաւատքով:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Դուգիդարա գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Դուգիդարա գիւղում

    Ատրպատականի ամէնից ընդարձակ եւ լեռնային խիստ բնութեամբ յատկանշւող շրջաններից է Ղարադաղը, որտեղ մեր թեմի անցեալի բնակավայրերի՝ գիւղերի եւ դրանցում գտնւած եկեղեցիների ու գերեզմանատների մասին ուսումնասիրութիւններ է կատարում առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը: Երկուշաբթի, 9 սեպտեմբեր 2019 թ.-ին, Սրբազան Հայրը մեկնեց Ղարադաղի Դուգիդարա գիւղը, ուսումնասիրելով տեղի եկեղեցին եւ գերեզմանատունը:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը իր մասնակցութիւնն է բերելու «Սալմաստի պատմութիւնն ու մշակոյթը» գիտաժողովին (6-7 սեպտեմբեր 2019, Երեւան)
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը իր մասնակցութիւնն է բերելու «Սալմաստի պատմութիւնն ու մշակոյթը» գիտաժողովին (6-7 սեպտեմբեր 2019, Երեւան)

    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը պաշտօնական հրաւէր ստացած լինելով Երեւանի Պետական համալսարանի Իրանագիտութեան ամբիոնի վարիչ՝ դոկտ. Վարդան Ոսկանեանի կողմից, որը անձնապէս Թաւրիզ էր այցելել եւ հանդիպում ունեցել Սրբազան Հօր հետ, մեկնեց Երեւան, իր մասնակցութիւնը բերելու եւ բանախօսելու «Սալմաստի պատմութիւնն ու մշակոյթը» խորագրեալ գիտաժողովին:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում

    Մեր թեմի նախապէս հայաբնակչութեամբ յորդուն բնակավայրերում՝ գաւառներում եւ գիւղերում գտնւող եկեղեցիների տեղագրութիւնը կատարելու իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 23 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Սարդու գիւղը, որը այսօր անմարդաբնակ եւ աւերակ է:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում

    Թեմի պատմութեան ընթացքում հայաթափւած տարբեր բնակավայրերում գտնւող եկեղեցիների եւ ազգային այլ կառոյցների տեղագրութիւնը կատարելու մեծ ճիգ ի գործ դնելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը երկուշաբթի, 12 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Իւրգիւթիւն գիւղը, վերայայտնելու այն ինչ որ մնացել էր անցեալից, իբրեւ շօշափելի յիշատակ, տեղի հայ կեանքից:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում

    Տեղագրական եւ կալւածային ցուցակագրման իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 9 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի նախկին հայաբնակ Ասրան գիւղը, հայկական հետքեր որոնելու այնտեղ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։