Հա

Համայնք

17/03/2019 - 09:40

«Մենք բոլորս քո գառներն ենք, Սրբազա՛ն». Հրանդ Աբրահամեանի մէկ յուշը՝ Մելիք-Թանգեան Սրբազանից

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը շարունակելով իր բանահաւաքի աշխատանքը, թեմում դեռեւս կենդանի տարեց հայորդիների բանաւոր յուշերի գրառումը կատարում է, իբրեւ թանկագին մասունք, Ատրպատականի հայութեան ապագայ պատմութեան էջերը հարստացնող: Առաջնորդ Սրբազանը այս նկատառումով հանդիպեց բնիկ ղարադաղցի եւ այժմ թաւրիզաբնակ Հրանդ Աբրահամեանի հետ, որը շատ վաղ հասակում Ղարադաղի Ղշլաղ գիւղից փոխադրւել էր Թաւրիզ, պապենական գիւղի հայաթափման հետեւանքով:

«alikonline.ir» - Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը շարունակելով իր բանահաւաքի աշխատանքը, թեմում դեռեւս կենդանի տարեց հայորդիների բանաւոր յուշերի գրառումը կատարում է, իբրեւ թանկագին մասունք, Ատրպատականի հայութեան ապագայ պատմութեան էջերը հարստացնող: Առաջնորդ Սրբազանը այս նկատառումով հանդիպեց բնիկ ղարադաղցի եւ այժմ թաւրիզաբնակ Հրանդ Աբրահամեանի հետ, որը շատ վաղ հասակում Ղարադաղի Ղշլաղ գիւղից փոխադրւել էր Թաւրիզ, պապենական գիւղի հայաթափման հետեւանքով: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ստորեւ ներկայացնում ենք Սրբազան հօր կատարած յուշագրումը, ի՛ր գրչով:

 

Մուտք

«Մեր թեմի հայաշատ զոյգ քաղաքները իրենց բնիկ հայութիւնից գրեթէ զրկւած են, առաջին հերթին սերնդափոխութեան պատճառով եւ երկրորդ՝ շրջաններից եկած հայութեամբ ողողւած լինելու հետեւանքով: Այսօր Թաւրիզում շա՜տ քիչ տոկոսը հայաբնակչութեան բնիկ թաւրիզեցի է, իսկ բնիկ ուրմեցի հայի մասին ընդհանրապէս կարելի չէ երեւակայել, եթէ նկատի չունենանք այն նոր սերունդը, որը Ուրմիա քաղաքում է ծնւել:

Երկու քաղաքներն էլ ողողւած են շրջակայ քաղաքներից եւ մանաւանդ գիւղերից ներգաղթած հայութեամբ: Թաւրիզը այսօր, Ղարադաղի հինգ գաւառակների մէկուկէս տասնեակ գիւղերի, Սալմաստ եւ Խոյ գաւառների գիւղերի, Մարաղայի եւ նրա գիւղերի՝ Միանդաբ, Թաղիաբադ եւ մի քանի այլ յետին գիւղերից Թաւրիզ ապաստանած հայի բեկորներից կազմւած խառնուրդ է, որոնք տեսնելով իրենց շրջաններում հայկական դպրոցների փակումն ու հայ ուսուցչի բացակայութիւնը, ի սէր իրենց զաւակների, դատարկել են իրենց պապենական գիւղերը եւ վաճառելով իրենց կալւածները, հաստատւել են հայաշատ Թաւրիզում: Սրանք իրենց հետ միասին Թաւրիզ են բերել ո՛չ միայն իրենց շարժուն գոյքն ու արհեստները, այլեւ իրենց տեղական բարքերն ու սովորութիւնները, ցեղային տեղական դրոշմը կրած վարքագծերն ու օտար լեզուների խոր ազդեցութիւնը ստացած բարբառները, քերականական ու բայական եղանակների անհեթեթ տարբերակումներով ու արտայայտելի մտքերի մասնաւոր շարահիւսութեամբ:

Ուրմիոյ պարագային շատ աւելի բարդ իրավիճակ կարելի է պատկերացնել, որովհետեւ մինչ Թաւրիզում արդէն կայացած համայնք՝ եկեղեցի, դպրոց, միութիւններ եւ կազմակերպութիւններ դարաւոր անցեալ էին ունեցել եւ կարողացան հիւրընկալել նորեկներին, Ուրմիա քաղաքում հայկական կառոյց գոյութիւն չունէր: Գիւղերում 1908-1911 թւերին մեծ ջանքեր ի գործ դրւել են դպրոցներ հիմնելու եւ այսպէս նոյն թւերին դպրոցներ ունեցել են Ռահւա, Գեարդաբադ, Իսալու, Նախջեւան Թափա, Իքի աղաջ, Ջամալաբադ, Խանբաբախան, Փախկաբակլու գիւղերը, իսկ Շիրաբադը, Գարակզն ու Ղարաջալու գիւղերը միասնաբար մէկ դպրոց են պահել: Մէկ դպրոց էլ բացւել էր Դարբառուդ գիւղում: Դժբախտաբար շուտով բոլորը փակւել են եւ միայն մնացել են Ռահւայի եւ Գեարդաբադի դպրոցները, որոնք քաջալերող ունէին այդ օրերին, եւ որոնք հետագայում վերջնականապէս փակւել են:

Ուրմիոյ շրջակայ հայաբնակ գիւղերից 18-րդ դարի վերջալոյսին եւ 19-րդ դարի արշալոյսին դէպի Ուրմիա քաղաք տեղափոխւած հայութիւնը ի՛նք ստիպւած է եղել կառուցել իր եկեղեցին, Սբ. Ստեփանոս անունով ու հայոց դպրոցը, որոնց յաջորդել են Միութիւններն ու Կազմակերպութիւնները՝ հերթաբար:

Նորահիմն ուրմիահայութիւնը, հետեւաբար, առաջին օրերից իսկ դժւարութիւնների մատնւել է, երբ իւրաքաչիւր գիւղից քաղաք հասած բարբառը հասարակաց գետին չի ունեցել միաձուլւելու, կամ գէթ զտւելու օտար լեզուների՝ քուրդերէնի եւ թուրքերէնի, ինչպէս նաեւ բարբառային քերականութեան անճոռնիութիւնից: Սակայն, քաջալերելի հայախօսութիւնը նախապատիւ համարելով, ուրմիահայութեանը յաջողւել է կանգնած մնալ հայերէն լեզւով արտայայտւելու ազգային ինքնութեան պահպանման այս հարթակի վրայ, մեծ կարեւորութիւն տալով հայեցի կրթութեան՝ դպրոցում հայերէնով աւանդւող առարկաների եւ արտադասարանային աշխատանքների անհրաժեշտութեան:

 

Ղարադաղի գաղթականները Թաւրիզում

Մինչեւ 1950-ականների սկիզբը, Ղարադաղի որոշ գիւղերում դեռեւս հայեր ապրում էին: Դէպի Հայաստան ներգաղթը 1946 թւին, մեծ տարողութեամբ եւ նոյնքան մեծ թափով, իրարու յետեւից դատարկել է Ղարադաղի հայկական գիւղերը, որոնց բնակչութիւնը յոգնել էր արդէն տեղական խաների թալաններից եւ բռնութեան ճնշւածութիւնից: Յաճախակի կողոպուտը, առեւանգումները, սպանութիւններըն ու այլ դժւարութիւնները անդրանցնելու լաւագոյն միջոց համարել են նրանք, անցնել Սովետական Հայաստանի երկաթեայ վարագոյրի յետեւը, առանց իմանալու անշուշտ, թէ ի՞նչ էր սպասւում նրանց այնտեղ:

Ղարադաղի գիւղերի իրարից անջատւած լինելը, բացի հարեւան գիւղերից, որոնք եւս կլիմայական ցուրտ պայմաններում խզւում էին իրարից, հաղորդակցութեան դժւարութիւնները, ճանապարհների չգոյութիւնը եւ անտառախիտ բնութեան ծոցում վայրի գազաններից յօշոտւելու վտանգները, իւրաքանչիւր գիւղին տւել էր կենցաղային ու բարբառային իւրայատկութիւն:

Աւելորդ է ասել, որ նահապետական յարգանքով ու նոյնիսկ ընտանեկան յարկի տակ նւիրապետական աստիճանաւորումով ապրող գիւղերից իւրաքանչիւրը ունէր գիւղապետ, որը բոլորի կողմից ընդունւած եւ յարգւած պաշտօն էր գիւղում:

 

Ղշլաղի վերջին երկու գիւղապետները

75 տարիներ առաջ Ղարադաղի Դզմար գաւառակի Ղշլաղ գիւղից Թաւրիզ տեղափոխւած հայերից է Հրանդ Աբրահամեանը, որի հետ մեր ունեցած զրոյցը, տարեց հայորդու մտքում դեռ պայծառ մնացած մէկ քանի յուշեր վերաթարմացրեց, որոնք սոյն գրութեան նիւթ հայթայթեցին, բանաւոր պատմութիւնը գրաւորի վերածելու բարեբախտութիւն ընձեռելով մեզ:

Ազգային առաջնորդարանիս վիճակագրական տւեալների համաձայն, այդ տարիներին Ղշլաղում ապրում էր 39 տուն հայ, իւրաքանչիւրը մօտաւորապէս 6 հոգի, այսինքն ընդհանուր գիւղաբնակչութիւնը կազմում էր շուրջ 234 հոգի:

Հրանդ Աբրահամեանը լսել էր իրենց գիւղի նախկին գիւղապետ Սահակ Բաբախանեանի անունը: Ազդեցիկ մէկ անձնաւորութիւն, թաւ բեխերով, որը երկար տարիներ Ղշլաղի գիւղապետութիւնը ձեռնահօրէն վարել էր, ներքին եւ արտաքին ճակատների վրայ պահպանելով անդորրը:

Ղարադաղի հայկական գիւղերի գիւղապետների պաշտօնը այսօրւայ իմացւած ազգային նմանօրինակ պաշտօնների հանդիսաւորութիւնը չունէր, ո՛չ էլ աշխատանքային հեշտ միջոցներն ու ապահովական պայմաններ ունէին նրանք: Գիւղացիների ներքին հարցերի լուծումից սկսեալ մինչեւ աւազակների յարձակումներից գիւղացիների  կեանքն ու ստացւածքը պաշտպանելու հերոսական քաջութիւնը ունեցող անձ պիտի լինէր սոյն պաշտօնն  զբաղեցնող  մարդը: Աւելին, ինքնահռչակ գիւղատէր կամ բռնի ոյժով տւեալ գիւղը սեփականացրած Խանի  հետ  լեզու  ճարելու, տուրքերը ժամանակին փոխանցելու եւ նոյնիսկ որոշ դէպքերում նրան հաճեցնելու ճկունութիւնը պիտի ունենար գիւղապետը, փրկելու համար կեանքներ, ինչպէս նաեւ ազատելու համար գիւղացոց շարժուն եւ անշարժ գոյքը:        

- Բաբախանեան Սահակ երբ յառաջանում է տարիքի մէջ,- պատմում է Հրանդ Աբրահամեանը, իր մօտ է կանչում հօրս՝ Բաբաջան Աբրահամեանին եւ իր յորդորները տալով ու աշխատանքային ուղղութիւնները բացատրելով, նրան է յանձնում գիւղապետի պաշտօնը: Մենք շատ պատանի տարիքում էինք երբ եկանք Թաւրիզ: Սակայն իմ յիշողութեան մէջ միշտ վառ է մնացել մեր գիւղը եւ մանաւանդ իմ հօր գիւղապետութեան օրերին պատահած որոշ դէպքեր: Օրինակ, մէկ օր մեր գիւղին իշխող Խանը, չեմ յիշում ի՞նչ պատճառով, կապել էր տւել մեր գիւղացիներից մէկի ձեռքերը եւ  հրաման էր հանել որ նրա մէջքին մտրակով հարւածեն: Հայրս գիւղում չէր գտնւում այդ օր, բայց մայրս՝ Հեղինէ, անմիջապէս գնաց այն վայրը, որտեղ խանը կապել էր տւել մարդուն: Նա, իբրեւ գիւղապետի կինը, եւ ուրեմն նրա բացակայութեան՝ «փոխանորդը», քակել տւեց նրա ձեռքերը եւ վերստին դաշտ ուղարկեց աշխատանքի: Այսպէս քաջասիրտ կին էր մայրս, որ իր ամուսնու բացակայութեան նման կեցւածք որդեգրեց տւեալ կացութեան դիմաց,- պատմում է Հրանդ Աբրահամեանը:

 

Եւ մէկ յուշ Մելիք-Թանգեան Սրբազանից

1926 թւին յատուկ յանձնախումբ էր կազմւել, տօնելու համար Ատրպատականի Հայոց թեմի քաջարի առաջնորդ Տ. Ներսէս Ս. Արք. Մելիք-Թանգեանի հոգեւորական եւ ազգային-հասարակական գործունէութեան քառասնամեայ յոբելեանը: Սոյն յանձնախմբին մաս էին կազմում Տ. Յովհաննէս Քհնյ. Հաջեանը, տիկնայք՝ Էլիզ Մելիքովը, Նինիշ Ստեփանեանը եւ Կատարինէ Խանում Ներսիսեանը, ինչպէս նաեւ Զօրա Սագինեանը, Դոկտ. Վարդան Յովհաննիսեանը, Հայկ Գարագաշը, Կարապետ Խան Մասեհեանը, Դոկտ. Յարութիւն Ստեփանեանը, Աւետիս Խանը, Արսէն Խան Միքայէլեանը, Գէորգ Պետրոսեանը եւ Յակոբ Յովհաննիսեանը:

Թեհրանում կայացած յոբելենական հանդիսութիւններից բացի, Թաւրիզում եւս բնականաբար տեղի են ունեցել յատուկ ծրագրեր, պատւելու համար Թեմի առաջնորդին: Ատրպատականի տարբեր շրջաններից, մերձակայ եւ հեռաւոր գիւղերից, Ուրմիոյ զանազան գիւղերից, Սալմաստ գաւառի տարբեր գիւղերից եւ յատկապէս Ղարադաղի հայաբնակ գիւղերից պատւիրակութիւններ են ժամանել Թաւրիզ, Ղալայի Ազգային առաջնորդարանում իրենց յարգանքն ու երախտագիտութիւնը յայտնելու մեծ հոգեւորականին եւ ազգի նւիրեալ ծառային՝ Մելիք-Թանգեան Սրբազանին:

Ղշլաղից սոյն յանձնախմբին մաս են կազմել գիւղապետ Սահակ Բաբախանեանը, ինչպէս նաեւ հետագայ գիւղապետ՝ Բաբաջան Աբրահամեանը:

Յիշելով մէկ դրւագ պաշտօնական այս այցից, որը իր հայրը Բաբաջանը պատմել էր իրեն, Հրանդ Աբրահամեանը պատմում է.

- Ղալայի Սբ. Աստւածածին Մայր եկեղեցու շրջափակում գտնւող Ազգային առաջնորդարանում, նրանք (Իմա՛ պատւիրակութիւնը) հանդիպում են Մելիք-Թանգեան Սրբազանին: Գիւղացիները Ղարադաղից ի՞նչ նւէր կարող էին բերել իրենց հետ: Արդէն Թաւրիզի «Արամեան» դպրոցի գոյութիւնը պահպանելու համար նրանք ինչքա՜ն նւիրատւութիւն էին անում տարեկան դրութեամբ, իրենց արդար վաստակից: Ուստի այս յոբելեանի առիթով, Իւրաքանչիւրը մէկ գառնուկ է բերում եւ նւիրում Սրբազանին,- պատմում է Հրանդ Աբրահամեանը եւ ապա շարունակում.

- Ղարադաղցիներից մէկը, սակայն, դատարկ ձեռքով էր եկել: Սրբազանի ուշադրութիւնից չի՛ վրիպում նրա ձեռնունայն լինելը: Նա կատակելով դիմում է նրան եւ ասում.

- Դո՞ւ ինչու գառ չես բերել:

- Մենք բոլորս քո գառներն ենք, Սրբազա՛ն: - Պատասխանում է ղարադաղցին սրամտութեամբ.

Պատմում եւ լիաթոք ծիծաղում է Հրանդ Աբրահամեանը, հին մարդկանց եւ իրենց գիւղի բնութիւնը պատկերացնելով իր տամկացած աչքերում…:

Ղարադաղցի գիւղացին, որը հաւանաբար գիւղերում ուսուցչութիւն կատարող վաստակաւորներից մէկն էր, ծանօթ էր Քրիստոսի «Բանաւոր հօտ» աստւածաբանական եզրաբանութեանը…: Ահա մէկ վկայութիւն եւս, գիւղական ամենայետին միջավայրից եկած, որտեղ եկեղեցական արարողութիւնների եւ նոյնիսկ հասարակ գիւղացուն տրւած պարզ քարոզների ճամբով «եկեղեցու զաւակ» եւ «Աստծու ծառայ» լինելու գիտակցութիւնն ունէր հայ հաւատացեալը…»:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Դուգիդարա գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Դուգիդարա գիւղում

    Ատրպատականի ամէնից ընդարձակ եւ լեռնային խիստ բնութեամբ յատկանշւող շրջաններից է Ղարադաղը, որտեղ մեր թեմի անցեալի բնակավայրերի՝ գիւղերի եւ դրանցում գտնւած եկեղեցիների ու գերեզմանատների մասին ուսումնասիրութիւններ է կատարում առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը: Երկուշաբթի, 9 սեպտեմբեր 2019 թ.-ին, Սրբազան Հայրը մեկնեց Ղարադաղի Դուգիդարա գիւղը, ուսումնասիրելով տեղի եկեղեցին եւ գերեզմանատունը:

  • «Սալմաստի պատմութիւն եւ մշակոյթ». միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում
    «Սալմաստի պատմութիւն եւ մշակոյթ». միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում

    ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր (սեպտեմբերի 6-ին-ԽՄԲ.) տեղի է ունեցել «Սալմաստի պատմութիւն եւ մշակոյթ» խորագրով գիտաժողով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը իր մասնակցութիւնն է բերելու «Սալմաստի պատմութիւնն ու մշակոյթը» գիտաժողովին (6-7 սեպտեմբեր 2019, Երեւան)
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը իր մասնակցութիւնն է բերելու «Սալմաստի պատմութիւնն ու մշակոյթը» գիտաժողովին (6-7 սեպտեմբեր 2019, Երեւան)

    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը պաշտօնական հրաւէր ստացած լինելով Երեւանի Պետական համալսարանի Իրանագիտութեան ամբիոնի վարիչ՝ դոկտ. Վարդան Ոսկանեանի կողմից, որը անձնապէս Թաւրիզ էր այցելել եւ հանդիպում ունեցել Սրբազան Հօր հետ, մեկնեց Երեւան, իր մասնակցութիւնը բերելու եւ բանախօսելու «Սալմաստի պատմութիւնն ու մշակոյթը» խորագրեալ գիտաժողովին:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում

    Մեր թեմի նախապէս հայաբնակչութեամբ յորդուն բնակավայրերում՝ գաւառներում եւ գիւղերում գտնւող եկեղեցիների տեղագրութիւնը կատարելու իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 23 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Սարդու գիւղը, որը այսօր անմարդաբնակ եւ աւերակ է:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում

    Թեմի պատմութեան ընթացքում հայաթափւած տարբեր բնակավայրերում գտնւող եկեղեցիների եւ ազգային այլ կառոյցների տեղագրութիւնը կատարելու մեծ ճիգ ի գործ դնելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը երկուշաբթի, 12 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Իւրգիւթիւն գիւղը, վերայայտնելու այն ինչ որ մնացել էր անցեալից, իբրեւ շօշափելի յիշատակ, տեղի հայ կեանքից:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։