Հա

Համայնք

23/04/2019 - 13:40

Մեր սրբերի արեան գինը խաղաքարտ չէ՛

Պահանջատէր մեր ժողովուրդը արդէն 104-րդ տարին լինելով, ապշահար հետեւում է քաղաքակիրթ կոչւած աշխարհի յամրաքայլ ընթացքին, որոնք իրենց դարաւոր քնից արթնացող հեքիաթային իշխանների նման, նոր յիշում են 20-րդ դարի առաջին եւ մեծագոյն ողբերգութիւնը գէթ ճանաչելու իրենց պարտականութիւնը, թող դեռ դատապարտելու պարտաւորութիւնը:  

Սրբացեալ նահատակաց յիշատակի օրը առաւել հզօրացնում է մեր մէջ պահանջատիրական զգացումը, այն սլաքելով ո՛չ միայն 104 այլեւ աւելի տարիներ, որովհետեւ արդարութեան ձայնը կարելի չէ՛ խեղդել, ո՛չ էլ արեւի լոյսը քօղարկել ցանկացած մութ «կտաւ»-ներով:

Ցաւերի բազմաթիւ տեսականի ունի մարդկութիւնը, որոնք խմբւում են երկու դասակարգումների տակ: Ֆիզիկական եւ հոգեկան ցաւեր: Իւրաքանչիւրի տեւողութիւնը եւ բուժման ընթացքը կախեալ է վէրքի ու ցաւի խորութիւնից, զգացման վիրաւորանքի ուժգնութիւնից եւ այլ պատճառներից:

Պահանջատէր մեր ժողովուրդը արդէն 104-րդ տարին լինելով, ապշահար հետեւում է քաղաքակիրթ կոչւած աշխարհի յամրաքայլ ընթացքին, որոնք իրենց դարաւոր քնից արթնացող հեքիաթային իշխանների նման, նոր յիշում են 20-րդ դարի առաջին եւ մեծագոյն ողբերգութիւնը գէթ ճանաչելու իրենց պարտականութիւնը, թող դեռ դատապարտելու պարտաւորութիւնը: Միւս կողմից, նրանց հարիւրամեայ թմբիրը ստրկամտութեամբ գնահատելու մեր ունակութեան մէջ անթերի, միշտ պատրաստ ենք «բարեկամ» ճանաչելու այն երկրներին, որոնք ինչ-ինչ հաշիւներով ճանաչողութիւն են տալիս Հայոց Ցեղասպանութեան, խաղաքարտի վերածելով մեր ազգի սուրբ նահատակների արեան գինը: Դեռ մինչեւ ե՞րբ գերպետութիւնների բոլորակաձեւ թաւշեայ կանաչապատ սեղանի վրայ իբրեւ խաղաքարտ աժանօրէն պիտի բաշխւեն մեր նահատակները, որոնցից իւրաքանչիւրը անուն ունէր ու ինքնութիւն, արժանապատւութիւն ու հռչակ, համբաւ ու վաստակ: Մեզանից ո՞վ պիտի ուզէր, որ նոյնիսկ իր աճիւնները դուրս բերւէին գերեզմանափոսից, փողոցի լաճերի ձեռքերում խաղալիկի վերածւելու համար…:

Մենք մեր թմբիրից արթնանալու կարիք ունենք ժողովո՛ւրդ Հայոց, եւ այն էլ՝ շատ շուտով:

Հայ Դատի նւիրեալ յառաջամարտիկը լինելու է իւրաքանչիւր հայ, ո՛ր երկրում, կամ ի՛նչ պայմաններում էլ ապրի նա: Երազի հայրենիքի ցաւով տոգորւում է մեզանից իւրաքանչիւրի սիրտը, ու մորմոքւում է հոգին: Մենք ուրանանք, Եփրատի ջրերը իրենց գլգլոցով անիծելու են մեզ, որովհետեւ նրանք իրենց կոհակների վրայ յուղարկաւորեցին մեր երիտասարդ մայրերին ու աղջիկներին, դէպի իրենց անդունդները, գնահատելով արժանապատւութեան բարձր գիտակցութիւնը փափուկ սեռի վտիտ մարմիններով այդ հերոսուհիներին: Եթէ չունենք Եփրատ գետի յիշողութիւնը, գէթ ունենանք արժանապատւութիւնը, տղամարդու կեցւածքով վերականգնելու արդարութիւնը:

Մենք, որ վանք ու դպրոց, տուն ու այգի՝ հայրենի հող կորցրինք, թշնամու ոտքի կոխան դառնալով, մե՛նք վերաշահելու ենք մեր ազգի բռնաբարւած արժանապատւութիւնը, այնպէս ինչպէս մենք մեր ձեռքերով վերակառուցելու ենք ուրիշին փլցրածն ու այրածը: Հերի՛ք է որ մեզ մանրեն ու լումաների վերածեն: Առաջին համաշխարհային պատերազմից յետոյ բորենիների նման յափշտակեցին մեր հայրերի կերտած դարաւոր Կիլիկեան թագաւորութեան հողատարածքները եւ ամբողջ Արեւմտահայաստանը, թալանեցին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը եւ նրա բոլոր կալւածները, ու մանաւանդ բզկտեցին նրա նահատակ ժողովրդին անապատի աւազների վրայ, իսկ աքսորական ժողովրդին ցանուցրիւ արեցին բախտի ճանապարհների խաչմերուկների վրայ, հակառակ Կիլիկիոյ վշտակիր Սահակ Բ. Խապայեան կաթողիկոսի աղերսարկու դիմումներին Եւրոպական ափեր, Ֆրասնիա եւ այլուր: Նոյն Եւրոպան չէ՞ր միթէ նրա դիմումներին խուլականջ ձեւացողը: Նոյն քաղաքակիրթ երկրները չէի՞ն իրենց պալատների դռները փակողները: Նոյն մարդկային իրաւունքների պաշտպան Արեւմուտքը չէ՞ր կոյր վկայ ներկայացողը, սպիտակ փայտը ձեռքին ու սեւ ակնոցները աչքերին…:

Աշխարհաքաղաքական շահերի զո՜հ մեր ժողովրդի համար, նախ արժանապատւութեան վերատիրացման պայքար է պէտք, Ցեղասպանութեան ճանաչման գործընթացից, ինչպէս նաեւ հողերի վերատիրացման ցանկալի օրւանից առաջ:

Այո՛, ցաւերը բազմաթիւ են եւ բազմատեսակ, սակայն ասելու կարիք չկայ, որ կաշւի վրայ զգացւող ցաւը, պատմւող ցաւին աւելի ցաւալից է լինում, ամէնից հարազատ մարդուց աւելի մօտիկ մեզ ու անբաժան մեր մարմնից:

Արդեօ՞ք մեր կաշին քերելով կարող ենք ազատւել այս ցաւից: Վստահաբար ո՛չ: Որովհետեւ մեր մարմնից դա անցել եւ մտել է մեր հոգու մէջ: Այսօր մեր մարմինը չի՛ ցաւում մեր սուրբ նահատակների ֆիզիկական ցաւով, այլ մեր հոգին է մղկտւում ու մեր միտքն է գալարւում ո՛չ միայն համաշխարհային անարդարութեան ցաւով, այլեւ մեր նահատակների սուրբ արեան գնի խաղաքարտի վերածւելու տանջանքով:

Նահատակութիւնը վեր է ամէն հաշիւներից ու շահերից: Արիւնը չի՛ սակարկւում ի՛նչ ազգի եւ ի՛նչ երկրի զաւակ էլ լինի այդ արեան տէր մարդը: Արեան գինը ամէնից բարձր արժէքն է ներկայացնում, որը չի՛ վաճառւում, ձրի չի՛ տրւում, ո՛չ էլ տրամադրւում է, այլ՝ միայն նւիրաբերւում է վեհագոյն նպատակի: Այդ նպատակը ինքնին երրեակ միութեամբ սրբութիւն է՝ Ազգ, Կրօն, Հայրենիք:

Կաշւի ցաւը մեր մարմնի վրայ, կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զաւակներին հաւատարիմ մնալու մեր նահատակների սուրբ կտակին, որպէսզի նրանց կմախքացած գանկերի մութ ակնափոսերից դադարեցնենք արտասուքի հոսքը, եւ նրանք տեսնեն աշխարհի վրայ բացւած արդարութեան արշալոյսի պայծառ առաւօտը:

ԳՐԻԳՈՐ ԵՊՍ. ՉԻՖԹՃԵԱՆ

Առաջնորդ Ատրպատականի հայոց թեմի

24 Ապրիլ, 2019

Ազգային առաջնորդարան, Թաւրիզ

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմը Անթիլիասում ներկայացրեց իր յառաջիկայ գործունէութեան նախագիծը
    Ատրպատականի հայոց թեմը Անթիլիասում ներկայացրեց իր յառաջիկայ գործունէութեան նախագիծը

    Հինգշաբթի 9 մայիս 2019-ի յետմիջօրէին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի նախագահութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչութիւնը լսեց Ատրպատականի հայոց թեմի պատրաստած նախագիծը, իր գործունէութեան յառաջիկայ տարիների գծով:

  • Շեշտուեցաւ Արցախին յաւելեալ աջակցութիւն ապահովելու կարեւորութիւնը
    Շեշտուեցաւ Արցախին յաւելեալ աջակցութիւն ապահովելու կարեւորութիւնը

    Մինչ Միացեալ Նահանգներու Ծերակոյտին եւ Ներկայացուցիչներու տան յանձնախումբերը 2020 տարեշրջանի ամավարկի մանրամասնութիւնները կը վերջնականացնեն, Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ներկայացուցիչները, ընկերակցութեամբ Արեւելեան թեմի առաջնորդ Անուշաւան արք. Դանիէլեանի, շարք մը քոնկրեսականներու հետ խորհրդակցութիւններ ունեցան Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւններուն ամերիկեան յաւելեալ աջակցութիւն ապահովելու, Միացեալ Նահանգներու եւ Հայաստանի միջեւ ռազմավարական համագործակցութիւնը սերտացնելու եւ Հայոց Ցեղասպանութիւնը ճանչնալու եւ յիշատակելու պատեհ քաղաքականութիւն մը որդեգրելու նպատակով։

  • Մեր առանցքային նպատակը Թուրքիայի կողմից Ցեղասպանութեան ճանաչումն է
    Մեր առանցքային նպատակը Թուրքիայի կողմից Ցեղասպանութեան ճանաչումն է

    Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի կապակցութեամբ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի հաղորդակցութեան պատասխանատու Յարութ Շիրինեանի հետ:

  • Արաբական աշխարհում Հայ Դատին նպաստող ալիք է բարձրացել
    Արաբական աշխարհում Հայ Դատին նպաստող ալիք է բարձրացել

    Հայոց Ցեղասպանութեան հարցը վերջերս Միջին Արեւելքի երկրներում առաւել շատ է շօշափւում: Այդ ուղղութեամբ տարւող աշխատանքների, ինչպէս նաեւ Միջին Արեւելքում Թուրքիայի ազդեցութեան կապակցութեամբ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Միջին Արեւելքի Հայ Դատի գրասենեակի պատասխանատու Վեռա Եակուբեանի հետ:

  • Թուրքիան վախենում է արդարադատութիւնից
    Թուրքիան վախենում է արդարադատութիւնից

    «Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում խօսելով Իտալիայի եւ Պորտուգալիայի խորհրդարանների կողմից ընդունւած բանաձեւերի մասին՝ ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը ընդգծեց, որ ամէն մի նոր երկրի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումով Թուրքիան գնալով աւելի է մեկուսանում:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։