Հա

Համայնք

15/07/2019 - 10:00

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Աղայի եւ Բալա գիւղերում եւ Վարդան գիւղատեղում

Թեմի տարբեր շրջաններում հետազօտական իր աշխատանքների ծիրից ներս, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ուրբաթ 12 յուլիս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Աղայի եւ Բալա գիւղերը եւ նախկին հայկական Վարդան գիւղատեղը, տեղագրելով ցարդ աննկատ մնացած հինաւուրց գերեզմանատունը:

Սրբազան Հօր կատարած ուսումնասիրութիւնը ներկայացնում ենք ստորեւ, ի՛ր գրչով:

«alikonline.ir» - Թեմի տարբեր շրջաններում հետազօտական իր աշխատանքների ծիրից ներս, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ուրբաթ 12 յուլիս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Աղայի եւ Բալա գիւղերը եւ նախկին հայկական Վարդան գիւղատեղը, տեղագրելով ցարդ աննկատ մնացած հինաւուրց գերեզմանատունը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սրբազան Հօր կատարած ուսումնասիրութիւնը ներկայացնում ենք ստորեւ, ի՛ր գրչով:

«Ուսումնասիրական նպատակով մեր կատարած ճամբորդութիւնները Ատրպատականի հայոց մեր թեմի սահմաններում, երբեմն իրենք են ճանապարհ հարթում եւ մեզ առաջնորդում այնպիսի վայրեր, որոնք մեր ծրագրում արձանագրւած չէին նախօրօք: Մեր նպատակից եւ օրւայ համար մեր կազմած ծրագրից դուրս, յանկարծ լեռներում յայտնւած մի հովւի, կամ գիւղերում հանդիպած մի մարդու հետ կարճ զրոյը պատճառ է հանդիսանում, որ ուղեցկի նա մեզ, տանելու եւ ցոյց տալու մինչ այդ որեւէ պատմագրքում կամ տեղագրութեան ցուցակում չյայտնւած ու մոռացութեան տրւած նախկին հայկական մէկ բնակավայր:

 

Աղայի եւ Բալա գիւղերը

Ղարադաղի Քէյւան գաւառակի արեւմտեան մուտքում կարդացինք մէկ ցուցանակ, որը ցոյց էր տալիս «Աղայի» եւ «Բալա» գիւղերի ուղղութիւնը: Մեր ձեռքում եղած գիւղերի շարքում կարդացել էինք այս զոյգ գիւղերի անունները, իբրեւ թրքաբնակ գիւղեր: Սակայն Ղարադաղի ո՞ր մէկ գիւղը այսօր թրքաբնակ չէ: Ներկայիս բնակչութիւն ունեցող գիւղերը կա՛մ թրքաբնակ են եւ կա՛մ քրդաբնակ: Ճիշտ է, անցեալում հայկական եւ թրքական գիւղեր հարեւաններ իբրեւ ապրել են, սակայն հայերի զանգւածային գաղթերից յետոյ, թուրքեր տիրացել են հայկական գիւղերին, յատկապէս օգտւելու համար արդէն իսկ հայերի կողմից հերկւած ու պատրաստւած վարելահողերից:

Ժամանակակից պատմութեան էջերը լեցուն են Ղարադաղի վերջին զանգւածային գաղթի՝ 1946 թւին դէպի Հայաստան ներգաղթի նկարագրութիւններով, երբ հայեր ուրախ ու զւարթ մեկնում էին Խորհրդային Հայաստան, նոյնիսկ առանց հնձելու իրենց ցանած ցորենը, կամ կալում թողնելով հնձւածը…:

Կան անշուշտ նախկին հայկական գիւղեր, որոնք անմարդաբնակ եւ լքւած լինելով աւերւել են եւ գրեթէ հողին հաւասարւել ե՛ւ մարդկային ձեռքերով ե՛ւ բնութեան գործած աւերներով: Աւելին, դրանցից ոմանք միայն քարտէզների վրայ ուսումնասիրելով, կարելի է ենթադրաբար ճշտել նախկին հայկական այսինչ կամ այնինչ անունով գիւղի վայրը՝ գիւղատեղը:

Մեր ցուցակում եղած «Աղայի» եւ «Բալա» հարեւան գիւղերի մասին աւելի խոր ուսումնասիրութիւն կատարելով, ստուգեցինք դրանց նախկին հայկական գիւղեր լինելը, մանաւանդ երբ կարդացինք Ղարադաղի Խանագահ գիւղում ուսուցչական պաշտօն վարած Յովհաննէս Յովսէփեանի մէկ վկայութիւնը, թէ այնտեղ «պահպանւել են հայկական հին գերեզմանոցը եւ աւերւած եկեղեցին»:

Կանոնաւոր ցանք կատարւած եւ մասամբ հնձւած ցորենի արտերի միջով բարձրացանք առաջին բլուրը, որը մեզ առաջնորդեց մինչեւ Բալա գիւղը, որտեղից ճանապարհը իջնում է գետակի մօտ եւ անմիջապէս յետոյ բարձրանում է Աղայի գիւղը: Այս հաշւով, գետակը լինում է իրար հանդիպակաց երկու բլուրների վրայ կառուցւած երկու գիւղերի միջեւ անպաշտօն սահմանը:

Աղայի գիւղը դպրոց էլ ունի այսօր, հետեւաբար կարելի է կռահել որ ուսումն ու կրթութիւնը հասել են արդէն նախնադարեան այս միջավայր: Գիւղում մեզ հանդիպած երիտասարդներն ու պատանիները չկարողացան օգտակար հանդիսանալ, որեւէ տեղեկութիւն տալու գծով իրենց գիւղի անցեալից: Գերեզմանատուն եւ մանաւանդ եկեղեցու աւերակ՝ ընդհանրապէս գոյութիւն չունէր զոյգ գիւղերում: Դրանք ոչնչացւել էին, գիւղամիջում գտնւելու պատճառով: Միւս կողմից, գիւղում բնակարանները շատացել էին եւ երկու բլրալանջերին դատարկ գետին չէր մնացել, իրար կպած շինութիւններ մէկ ամբողջութեան պատկեր էին պարզում:

 

Վարդան գիւղատեղը

Աղայի գիւղի բարձունքից էջքի պահին տեսանք մի տարեց մարդ, որ իր իշուկին նստած դուրս էր գալիս գիւղից: Գետակի վրայից հազիւ էր անցել նա, երբ բարեւեցինք եւ հարցրեցինք զոյգ գիւղերի հայկական արմատների մասին: Ծերունին ասաց թէ իր տարիքը չի՛ հերիքի այդքան հեռաւոր անցեալը իմանալու համար, սակայն հաստատեց որ իրենց զոյգ գիւղերում հայկական հին գերեզմանոց կամ եկեղեցու աւերակ բնաւ գոյութիւն չունի: Նա նոյնիսկ որեւէ տեղեկութիւն չունէր այս զոյգ գիւղերի նախապէս հայկական լինելու մասին: Սակայն, բարի ծերունին պատրաստակամութիւն յայտնեց մեզ ընկերակցել, գնալու համար մօտակայ մէկ դաշտ, որտեղ նախապէս հայկական գիւղ էր եղել Վարդան անունով:

Հին եւ նոր ցուցակներում, որտեղ նշւել են Ղարադաղի գիւղերի հին ու նոր անւանումները, մենք չհանդիպեցինք Վարդան անունով գիւղի: Հաւանաբար այլ անուն ունէր սոյն գիւղատեղը, որտեղ մեզ առաջնորդեց Աղայի գիւղի ծերունին, որ իր իշուկն էլ տրամադրեց մեզ, ինք հետիոտն հետեւելով: Նա մեզ առաջնորդեց կէս ժամ հեռաւորութեան վրայ գտնւող մէկ բլրալանջ, ցոյց տալով այժմ ցանւած ցորենի կանոնաւոր դաշտեր, ասելով որ ճիշտ այս տեղում էր գտնւել նախկին հայկական Վարդան գիւղը:

Ի դէպ, թուրքերի մտքում հայի բացայայտ անուն է Վարդանը, եւ նրանց կարծիքով, իրենց հանդիպած երեք հայերից մէկի անունը Վարդան պիտի լինի…: Զարմանալի չէ՛ նման մօտեցում նրանց կողմից, նկատի ունենալով Աւարայրի քաջ հերոսի մեր Թեմի սահմաններում նահատակւած լինելը եւ ընդհանրապէս հայութեան ընծայած խոր յարգանքը ազգիս սուրբ նահատակին:

Ընդհանրապէս Ղարադաղի լեռներում աճող սպիտակ երկարահասակ դաշտի ծաղիկ կայ, լայն ափսէի նմանութեամբ, որը տեղացի թուրքեր կոչում են «Էրմէնի ճաճըխ» (Թրգմ.՝ «Հայկական ճաճըխ», որ է մանրւած վարունգ, որի վրայ մածուն են լցնում): Ծերունին այս մասին էլ էր վկայում, ցոյց տալով ճանապարհների եզերքները եւ դաշտերի սահմանները նշող հազարաւոր ծաղիկները, որոնք դարձեալ սոյն տարածքների նախկին տէրերի՝ հայերի մասին էին պատմում…:

Մեր հարցին, թէ ինք որտեղի՞ց է իմանում որ այս հողատարածքը հայերին է պատկանել եւ այնտեղ գիւղ են ունեցել նրանք, գիւղացին պատասխանեց որ այն լսել էր իր մեծ ծնողներից, որովհետեւ նոյն հողակտորի ցածի մասում է գտնւում հայկական հինաւուրց գերեզմանատունը: Ծերունին դրւատանքով արտայայտւեց հայութեան մասին, ասելով որ նա լսել էր իր ծնողներից եւ մեծ ծնողներից հայերի վստահելիութեան եւ շինարար ազգ լինելու առաքինութիւնը: Այնքան ինքնավստահ էր խօսում նա, որ ստիպւեցինք տեսաերիզի վրայ արձանագրել իր խօսքերը, իբրեւ անջնջելի վկայութիւն մէկ մարդուց, որ այս տարածաշրջանում է ապրում, որտեղ հայեր իրենց ճակատի քրտինքով հաց էին վաստակել, հալածանքների, թալանի եւ սպանութիւնների ամենադժւարին պայմաններում:

10.000 քռ. մետրից աւելի տարածութեամբ լեռնալանջի միջից ճանապարհ է բացւել երթեւեկութեան, որով Վարդան գիւղատեղը մէջտեղից կիսւել է:

 

Վարդան գիւղի Հայոց գերեզմանատունը

Գիւղատեղի ցածի մասում, շուրջ 1000 քռ. մետր տարածութեամբ հողամաս կայ, որտեղ ծերունին մեզ տարաւ ցոյց տալու հողին հաւասարւած տապանաքարեր: «Հայերի գերեզմանոցն է այս»,- ասաց նա, «որը պատկանել է Վարդան գիւղին»: Իրօք էլ մի քանի տասնեակ մամռակալած քարեր հաշւեցինք, որոնք առաջին իսկ հայեացքից հողում սովորական քարերի տպաւորութիւն թողեցին մեր վրայ: Սակայն անմշակ եւ անարձանագիր այս սալատապաններից շատերի քառանկիւնաձեւ կտրւածքը եւ բոլորի մակերեսի նոյն ուղղութեամբ տեղադրւած լինելը բացայայտօրէն ցոյց էին տալիս դրանց տապանաքար լինելը:

Հայկական անտէր գերեզմանատների ճակատագրից նաեւ բաժին էր ընկել այս գերեզմանոցին: Լայնարձակ այս դաշտում յայտնւել էին գանձախոյզներ, որոնք գերեզմաններից մի քանիսը խոր քանդել էին, քարերը դէն շպրտելով եւ հանգուցեալների ոսկերոտիքը տարտղնելով քանդւած հողի դէզերի հետ:

Հայկական սոյն գիւղում անցեալում ապրած մարդկանց հոգու հետ հոգեկան զրոյցի էին անցել խառն մտքերով, երբ ծերունու մեղմ ձայնը մեզ վերադարձրեց իրական աշխարհ, շարունակելով իր պատմութիւնը հայոց հին բարքերի եւ բարի վարուց մասին:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում

    Թեմի պատմութեան ընթացքում հայաթափւած տարբեր բնակավայրերում գտնւող եկեղեցիների եւ ազգային այլ կառոյցների տեղագրութիւնը կատարելու մեծ ճիգ ի գործ դնելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը երկուշաբթի, 12 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Իւրգիւթիւն գիւղը, վերայայտնելու այն ինչ որ մնացել էր անցեալից, իբրեւ շօշափելի յիշատակ, տեղի հայ կեանքից:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում

    Տեղագրական եւ կալւածային ցուցակագրման իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 9 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի նախկին հայաբնակ Ասրան գիւղը, հայկական հետքեր որոնելու այնտեղ:

  • Նորոգութիւններ Սալմաստի Հաֆթւան, Սառնա եւ Ախտախանա գիւղերի հայկական եկեղեցիներում
    Նորոգութիւններ Սալմաստի Հաֆթւան, Սառնա եւ Ախտախանա գիւղերի հայկական եկեղեցիներում

    Չորեքշաբթի, 7 օգոստոս 2019 թ.-ի վաղ առաւօտուն, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Սալմաստ, մօտկից հետեւելու գաւառի մի քանի եկեղեցիների վերանորոգութեան աշխատանքներին, որոնք կատարւում են Իրանի Մշակութային ժառանգութիւնների հիմնարկութեան կողմից եւ հիմնարկութեան նիւթական հովանաւորութեամբ, անմիջական հսկողութեամբ Իրանի Եկեղեցիների պահպանութեան կենտրոնին, տնօրէնութեամբ դոկտ. Շերլի Աւետեանի:

  • Թաւրիզի Հայ համլսարանականների միութեան վարչութիւնը այցելեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին
    Թաւրիզի Հայ համլսարանականների միութեան վարչութիւնը այցելեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին

    Երեքշաբթի, 6 օգոստոս 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան նորընտիր վարչութեան կազմին, որը եկել էր Սրբազան Հօր օրհնութիւնը ստանալ, իր ընտրութիւնից յետոյ:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սղըն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սղըն գիւղում

    Թեմի տարբեր շրջաններում եւ հայաթափւած գաւառներում ու գիւղերում գտնւող անշարժ գոյքի՝ եկեղեցիների, դպրոցների եւ գերեզմանատների տեղագրութիւնը կատարելու իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 2 ոգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի Սղըն գիւղը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։