Հա

Համայնք

21/07/2019 - 14:20

120-ամեայ նամակ Սուրբ Թադէի վանքից

Այս օրերին երբ պատրաստւում ենք մեր հաւատքի ծննդավայր Սուրբ Թադէոս Առաքեալի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութեան, վերանորոգելու մեր քրիստոնէական հաւատքն ու ազգային պատկանլիութիւնը, մեր աչքերը յետադարձ հայեացքով սեւեռում ենք վանքի ժամանակակից պատմութեան, հաղորդւելու անցեալով եւ տեսնելու այն անձուկ կացութիւնը որին մատնւել էր հոգեւոր եւ ազգային այս կենտրոնը:

«alikonline.ir» - Այս օրերին երբ պատրաստւում ենք մեր հաւատքի ծննդավայր Սուրբ Թադէոս Առաքեալի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութեան, վերանորոգելու մեր քրիստոնէական հաւատքն ու ազգային պատկանլիութիւնը, մեր աչքերը յետադարձ հայեացքով սեւեռում ենք վանքի ժամանակակից պատմութեան, հաղորդւելու անցեալով եւ տեսնելու այն անձուկ կացութիւնը որին մատնւել էր հոգեւոր եւ ազգային այս կենտրոնը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ատրպատականի հայոց թեմի արխիւատնում պահպանւած նամականիի ճոխ հաւաքածոյից դուրս ենք բերել դեղնաւուն եօթ էջերից բաղկացած հետեւեալ նամակը, որտեղ Վանքի գործերի կառավարիչ Մեսրովպ Աւետիսեանը, իր 24 նոյեմբեր 1900 թւի ձեռագիր գրութեամբ զեկուցում է թեմի օրւայ առաջնորդ Տ. Սահակ եպս. Այվատեանին, Վանքի ինքնաբաւ չլինելու, ինչպէս նաեւ գաղթականաց յաճախակի անցքի հետեւանքով ստեղծւած անբաւարար դրութեան մասին:

Ըստ երեւոյթին վերոյիշեալ անձնաւորութիւնը, որը իբրեւ կառավարիչ նշանակւած է Վանքին, արեւմտահայ է, դատելով լեզւից, որը սակայն տեղ-տեղ փորձում է վերածել արեւելահայերէնի, երկուսի խառնուրդ մէկ նամակի բնագիր թողելով մեզ:

Հեղինակի աւելի ցաւալի մատնանշումն այն է, որ այդ օրերի հոգեւոր գերագոյն իշխանութիւնը անուշադիր է գտնւում Վանքի նկատմամբ, որը զուգադիպում է Խրիմեան Հայրիկի յառաջացած տարիքի գահակալութեան:

Այս եւ այլ խնդիրների մասին թողենք որ նամակագիրը ի՛նք արտայայտւի, մեզ փոխադրելով պատմութեան դէպքերի խաչմերուկները: Շուրջ 120-ամեայ այս նամակը եթէ անցեալին ուղղւած էր թեմիս առաջնորդին, այսօր այն ուղղւած է ո՛չ միայն մեր պատմութեամբ հետաքրքրւողներին, այլեւ իւրաքանչիւր սրտցաւ հայի:

 

ԳՐԻԳՈՐ ԵՊՍ. ՉԻՖԹՃԵԱՆ

Առաջնորդ Ատրպատականի հայոց թեմի

 

«Նորին Սրբազնութիւն

Տեառն Սահակ Եպիսկոպոս Այվատեան

Գերագոյն առաջնորդին Ատրպատականի.

 

Սրբազան Հայր,

Ստացայ Սրբութեանդ Հոկ[տեբմեր] 28 թուակիր նամակը՝ Նոյ[եմբեր] 20-ին, թէեւ պ[արոն] Արմենակը ստացած էր, բայց իմ տեղիցս բացակայ լինելուս՝ քովը պահած էր մինչեւ իմ վերադարձը: Հոկտեմբեր 10-ին, քանի հոգի քանտիթներ տեղս եկան, Վանուց նորոգութեան՝ եւայլն շինութեանց համար տեղեկագիր մը պատրաստելու: Տեղեկագիրը պատրաստուելէ զկնի որոշուեցաւ որ ես տանիմ զայդ յԷջմիածին: Արդէն ես վաղուց մտադիր էի ջրաղացի քարերը անցկացնելու համար մինչեւ Նախիջեւան գնալ, ի նկատի ունենալով եւս Վանքի այդ նեղ դրութիւնը՝ ստիպուեցանք ամբողջ տարուայ ել եւ մտից հաշիւը ճշտութեամբ գրի առնել եւ ներկայացնել Նորին Վեհափառութեան, որի մէկ պատճէնն ալ ղրկուած է Ձեզ, ներկայացնելով Սուրբ Թադէի վանքի վերաբերեալ իւրաքանչիւր գործի առթիւ մանրամասն տեղեկութիւն բերանացի եւ հաղորդեցի իրեն: Հետեւեալ օրը՝ որ սպասում էի ստանալ  գումար մը, որով կարողանայինք կարգադրել այդ հաշիւները, ստացայ 100 ռուբլի միայն, որի 10 ռուբլին իբրեւ ճանապարհածախք, իսկ մնացեալ 90 ռուբիլով պիտի անցկացնէի ջրաղացի քարերը, խոստանալով նախօրօք փող հաւաքել Վանքը: Ժամանակը անցկացած եւ ջրերը սառած լինելով, քարերը չկարացի անցկացնել. քարերը Արաքսի մէջէն գոմէշներով պէտք էր անցկենար, իսկ սառը ջրի մէջ գոմէշ մտցնելը անկարելի էր…:

Ստացած 100 ռուբլու մի մասը ծախսեցի մինչեւ տեղ հասնելը: Մի մասով գնեցի Վանուց աշխատաւորաց համար քանի մը պէտք եղած բաներ (հագուստեղէն), մնացածը 45 ռուբլիի չափ տեղ հասցնելով, տուեցինք մեր տղայոցմէ Պօղոս անուն անձին, որը անցեալ տարուանէ 40 թուման առնելիք ունէր Վանքի վրայ: Իմ յԷջմիածնից յետ դառնալէս անցնում է ահա ամիս մի էլ աւել, որ ոչ լուր մը առինք այնտեղէ, եւ ոչ նիւթական օգնութիւն: Խեղդւում ենք պարտատէրերից, մանաւանդ Եսայի Վարդապետի եղբայր անպիտան Աւետիսից: Հաւատացէ՛ք նրա ի գործ դրած այդ կեղտոտ միջոցները այլ եւս անտանելի եղած է: Օրեկան մէկ տոմսակ ուղարկելով փող է պահանջում, ո՞ւմը ասենք, կամ ո՞ւմը բողոքենք: Հերիք չէ՛ այդ բոլորը, սոցա վրայ եւ աւելացրէք այլոց խօսածները, Խորէն Էֆենտին ասում է, աւելի շուտ հրամայում է, «մի՞թէ Վանքի եկամուտը չի բաւականանում իրեն, որ սաչափ առարկայից փող էք վճարում», էհ, ի՞նչ ասենք այդպիսիներին:

Սրբազան Հայր, ուրիշները եթէ խօսում են, ես՝ գործին անտեղեակ լինելուց էր, իսկ Դուք որ ականատես եղած եւ ուսումնասիրած էք Վանքի դրութիւնը, կրկին զարմանում էք եղած հաշիւների վրայ: Միթէ՞ սխալ է որ Վանքը անցեալ Դեկտեմբերից մինչեւ հալոցը, իր բոլոր ուտեստը գնած է այն էլ իբր 20 թումանից: Գրում էք եւս այս տարուայ ցանքի արդիւնքից կարգադրեցէք պարտքի մէկ մասը: Առաջ հարկաւոր է իմանալ՝ եղած հացը պիտի բաւականանա՞յ մինչեւ ժամանակին: Հաւատացէ՛ք՝ ո՛չ երբեք, որովհետեւ այս տարի գաղթականաց ահագին հոսանք սկսած է սա գծով Ռուսաստան գաղթել, որոնք 3-4, ոմանք նոյնիսկ 10-15 օր մնալով Վանքում ապրում են, Վանքի հաշիւով: Մենք չենք կարող այլ եւս Բազունիի[1] կամ այլ վանահայրաց պէս վարուել այդ սովալլուկ թշուառաց հետ: Վերջապէս մինչեւ այժմ միջին հաշիւով օրեկան 20 անց շարունակ հաց ուտող կան, իւրաքաչիւր օր 2-3 չանաղ ալիւր հազիւ հազ հերիք է անում, 15 սոմար աղնցու արած ենք, նոյնքան էլ Գարնան համար վեր առած՝ մնացեալը որ 30 սոմարից ոչ աւել էր, ձմրան համար աղացած ենք, այն էլ եթէ այդպէս շարունակուի ամրան սկզբից կստիպուինք կրկին ցորեն գնել: Ահաւասիկ Վանքի ցորենի հաշիւը, որը արժի ստուգէք՝ ղրկուած ել եւ մտից հաշիւի թղթով: Այս տարի, միւս տարիներէն կրկնապատիկ աւել ցանք արած ենք, որ եթէ յաջողութիւն լինի, եկող տարի էլ ոչ մէկ բանի կարօտ կը մնայ Վանքը: Նոր կարող է ինքն իրեն կառավարուիլ, ուրիշներուն էլ՝ աւելի:

Այս տարի տաւարները բոլորն էլ մենք ենք պահում, եւ ոչ մէկ տաւար տուած ենք ուրիշի:  Տաւարները շատ, իսկ ուտեստը քիչ լինելու համար կարելի է հերիք չանէ: Դրա համար խնայողութեամբ ենք ձեռ տալիս տաւարներին, որ չլինի թէ անցեալ տարուայ պէս նեղութիւն քաշենք:

Ցաւում եւ ափսոսում ենք բոլորս էլ Ձեր Թեհրան գնալու համար: Այդ բանը ի՛նքը՝ Վեհափառը պատմեց ինծի, երբ ես հաղորդեցի իրենց Ձեր նպատակը, Սուրբ Թադէի Առաքելոյ Վանքը տեղափոխուելու առթիւ: Թերեւս այդ լուրը պաշտօնապէս եւս հաղորդուած լինի Ձեզ յԷջմիածնից: Այո՛, ցաւում ենք առաւել նրա համար, որ նոյն ինքն մեր հոգեւոր կառավարութիւնը շատ քիչ է մտածում այս Վանքի վրայ: Այդ բանը ստուգւում է եւս սրանից, որ Ձեզ փոխանակ Սուրբ Թադէի Վանքը նշանակելու, Թեհրան է ուղարկում: Հետաքրքիր է իմանալ, արդեօք այդ մասին Դուք ի՞նչ էք մտածում: Չի՞ կարելի մերժել այդ: Կը ցանկանք որ այդպէս լինի:

Մեր այստեղի առեւտուր շատ յաջող է ընթանում, տեղիս ապրանքը բոլորովին ծախած վերջացած ենք: Ալպեռը մտադիր էր Շամ գնալ, առեւտրական գործերի առթիւ այնտեղի վաճառականաց հետ տեսակցելու: Բայց այնտեղից եկած պատասխանը ստիպում է հետաձգել ժամանակ մի: Մօտ օրերս պէտք է Մինարէթ գնալ, ապրանք տեղափոխելու նպատակաւ:

Դարմօն տեղս է: Նա էլ կամենում է մասնակցել մեզ, այս առեւտուրի մէջ, մի քիչ փոխուած կարելի է ասել: Եթէ միւսն Մինարէթ չգտնէ, տեղը եղած քանի հոգի աշխատաւորները ուղարկեցինք Քարվանսարայ՝ մեր այնտեղի ընկերը ուզած էր նրանց: Այժմեանից որբանոցի հիմքերը դրած ենք արդէն: Երեք որբեր պահում ենք, կաշխատենք աւելցնել գիւղացոց երեխաները՝ հաւաքում ենք, տեսնենք պիտի յաջողե՞նք: Առ այժմ միջոցներ կպակսին: Բայց յոյս ունենք սկսուելէ յետոյ ամէն կերպ օգնողներ պիտի ունենանք:

Խնդրում ենք, եթէ կարելի է գրէք կրկին եւ կրկին յԷջմիածին, գէթ բարեհաճին այդ պարտքերը գոցելու շնորհք մը անելու: Հայրիկը ծերացեր է, շուտով մոռանում է նոյնիսկ ամենակարեւոր գործերը, Աստուած բարաքաթ տայ նրա շրջապատողաց, ի՞նչ հոգսերն է, այդպէս ջնջին բաներու համար ուղեղ յոգնեցնել պէ՞տք է:

 

Ընդունեցէք որդիական ջերմ համբոյրներս,

Մեսրովպ Աւետիսեան

Կառավարիչ Ս. Թադէի

Առաքելոյ Վանուց

Նոյ[եմբեր] 24/[1]900

Ի նոյն Վանս»:

___________________________________________________

[1] Յովհաննէս Վարդապետ Բազունի, վանահայր Սուրբ Թադէի (1897-1899)

Յարակից լուրեր

  • Հայ Դատը Հայաստանի մէջ գիտութեանց դասաւանդման նպատակով 140 միլիոն տոլարի աջակցութեան կոչը կը կրկնէ
    Հայ Դատը Հայաստանի մէջ գիտութեանց դասաւանդման նպատակով 140 միլիոն տոլարի աջակցութեան կոչը կը կրկնէ

    Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը անգամ մը եւս նամակով մը դիմած է Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարար Մայք Փոմփէոյին, Հայաստանի մէջ գիտութեան, արհեստագիտութեան, ճարտարագիտութեան, արուեստներու եւ ուսողութեան (STEAM) դասաւանդումներու զարգացման նպատակներուն համար «Հազարամեակի մարտահրաւէրներ» հիմնարկէն 140 միլիոն տոլարի օժանդակութիւն ապահովելու համար։

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում

    Թեմի պատմութեան ընթացքում հայաթափւած տարբեր բնակավայրերում գտնւող եկեղեցիների եւ ազգային այլ կառոյցների տեղագրութիւնը կատարելու մեծ ճիգ ի գործ դնելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը երկուշաբթի, 12 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Իւրգիւթիւն գիւղը, վերայայտնելու այն ինչ որ մնացել էր անցեալից, իբրեւ շօշափելի յիշատակ, տեղի հայ կեանքից:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում

    Տեղագրական եւ կալւածային ցուցակագրման իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 9 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի նախկին հայաբնակ Ասրան գիւղը, հայկական հետքեր որոնելու այնտեղ:

  • Նորոգութիւններ Սալմաստի Հաֆթւան, Սառնա եւ Ախտախանա գիւղերի հայկական եկեղեցիներում
    Նորոգութիւններ Սալմաստի Հաֆթւան, Սառնա եւ Ախտախանա գիւղերի հայկական եկեղեցիներում

    Չորեքշաբթի, 7 օգոստոս 2019 թ.-ի վաղ առաւօտուն, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Սալմաստ, մօտկից հետեւելու գաւառի մի քանի եկեղեցիների վերանորոգութեան աշխատանքներին, որոնք կատարւում են Իրանի Մշակութային ժառանգութիւնների հիմնարկութեան կողմից եւ հիմնարկութեան նիւթական հովանաւորութեամբ, անմիջական հսկողութեամբ Իրանի Եկեղեցիների պահպանութեան կենտրոնին, տնօրէնութեամբ դոկտ. Շերլի Աւետեանի:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սղըն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սղըն գիւղում

    Թեմի տարբեր շրջաններում եւ հայաթափւած գաւառներում ու գիւղերում գտնւող անշարժ գոյքի՝ եկեղեցիների, դպրոցների եւ գերեզմանատների տեղագրութիւնը կատարելու իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 2 ոգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի Սղըն գիւղը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։