Հա

Համայնք

28/07/2019 - 14:30

Եռօրեայ ուխտագնացութեան համար 65-րդ տարին լինելով, հայ ուխտաւորը բռնեց Ս. Թադէի վանքի հաւատքի ճանապարհը

Բարձր հովանաւորութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի Մեծի Տանն Կիլիկիոյ եւ հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի, 65-րդ տարին լինելով, Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ Վանքերի ուխտագնացութեան գործադիր յանձնախմբին, սոյն ուխտագնացութիւնը տեղի ունեցաւ 25-27 յուլիս 2019-ին:

Ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի Օրհնութեան Գիրը

 

«alikonline.ir» - 65-րդ տարին թեւակոխեց արդէն Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնած եռօրեայ ուխտագնացութիւնը, որը բացառիկ երեւոյթ է Հայ Առաքելական Եկեղեցու կեանքում: Պատմական Արտազ գաւառում Ս. Թադէոս Առաքեալի վանքի կամարների տակ, 1954 թւականից սկսած այս պաշտօնական ուխտագնացութիւնը, ամէն տարի իւրայատուկ ապրումներով եւ հոգեւոր ու ազգային իր մթնոլորտով գօտեպնդում է համայն իրանահայութեանը, յատկապէս ատրպատականցի հային, ինչու չէ նաեւ հեռաւոր երկրներում ապրող հազարաւոր հայերին, որոնք հեռակայ կարգով հետեւում են սոյն ուխտաւորութեան: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Բարձր հովանաւորութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի Մեծի Տանն Կիլիկիոյ եւ հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի, 65-րդ տարին լինելով, Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ Վանքերի ուխտագնացութեան գործադիր յանձնախմբին, սոյն ուխտագնացութիւնը տեղի ունեցաւ 25-27 յուլիս 2019-ին:

 

Ժամանում եւ երեկոյեան ժամերգութիւն

Ատրպատականի տարբեր շրջաններից՝ Թաւրիզից, Ուրմիայից, Սալմաստից, Իրանի տարբեր քաղաքներից՝ Թեհրանից, Սպահանից, Ահւազից եւ այլ քաղաքներից, ինչպէս նաեւ արտերկրից շուրջ 6 հազար ուխտաւորներ ժամանեցին Ս. Թադէոս առաքեալի Վանքը, մասնակից լինելու եկեղեցական արարողութիւններին, հանդիսաւոր Սուրբ պատարագին եւ ազգային տօնախմբութեամբ կատարելու Վանքի Ուխտի օրը:

Ըստ տարիների աւանդութեան, Վանքերի ուխտագնացութեան գործադիր յանձնախմբի կողմից հարիւրաւոր վրաններ էին լարւել Ս. Թադէի վանքի շրջակայքում, հիւրընկալելու համար ուխտաւորներին: Ուխտաւորներից ոմանք չորեքշաբթի, 24 յուլիս 2019-ի երեկոյից արդէն ժամանել էին վանք եւ յարդարել իրենց վրանները, մէկ օր եւս ապրելու Ս. Թադէի սրբացնող ու վեհ միջավայրում:

Հինգշաբթի, 25 յուլիս 2019-ի երեկոյեան ժամը ճիշտ 5-ին, Սուրբ Թադէի վանք ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը եւ դիմաւորւեց հոգեւորականաց եւ դպրաց դասի, ինչպէս նաեւ բարեպաշտ ուխտաւոր ժողովրդի կողմից: Վանքի դարաւոր զանգի ղօղանջների ներքոյ, Սրբազան Հայրը կանգնեց տաճարի զանգակատան ներքեւ: Եկեղեցու նախկին սովորական փայտից սարքւած դուռը անանուն մէկ բարերարի նւիրաբերմամբ փոխարինւել էր, Թաւրիզի հայոց «Մելիք-Թանգեան» թանգարանում ի պահ դրւած պատմական դռան հարազատ կրկնօրինակումը եղող նոր դուռով:

Նոր դռան օրհնութիւնը կատարելու համար, ըստ ծիսակարգի, Սրբազան Հայրը նախ ցած բերեց այն ծածկող քօղը, ապա ծնրադրեց տաճարի դռան առջեւ, «Բաց մեզ Տէր» ողոգական երգը կատարելով: Ապա «Ամէն ալէլուլիա» երգի եւ օրհնութեան աւարտին, Սրբազան Հայրը կարդաց յատուկ աղօթք, որտեղ Ամենասուրբ Երրորդութեան ուղղւած խնդրանքով հայցեց, որ նոր դուռը սովորական փայտ չհամարւի եւ այն համբուրողները սովորական փայտի համբուրած չլինեն, այլ Աստծու սուրբ տաճարի սրբացնող դռան:

Օրհնութեան ծիսակարգից յետոյ, «Զողորմութեան քո զդուռն բաց մեզ Տէր» շարականի երգեցողութեամբ բացւեց դուռը եւ առաջնորդ Սրբազանը թափօրով յառաջացաւ սուրբ խորան, որտեղ կատարւեց կանոնական աղօթք:

Բարեպաշտ ուխտաւոր ժողովրդին իր առաջին խօսքը ուղղելով, Սրբազանը փառք ու գոհութիւն ընծայեց Աստծուն, որ ուխտագնացութիւնների շղթան շարունակւում է անընդմէջ, հակառակ տարբեր ժամանակահատւածների աշխարհաքաղաքական դէպքերի եւ փոփոխութիւնների. «Հոգեւոր ցնծութեամբ հպարտ են մեր հոգիներն ու սրտերը այս պահին, երբ ֆիզիկապէս վայելում ենք հոգեպարար եւ աղօթաբոյր սրբավայրը Սուրբ Թադէոս առաքեալի վանքի: Ձեզանից իւրաքան-չիւրը, վստահաբար, ինչպիսի՜ ուխտերով՝ իր ընտանիքի, իր հարազատների, իր քոյրերի ու եղբայրների եւ իր զաւակների բարւոք լինելու աղօթքներով եկել հասել է այստեղ, խնդրակատար Սուրբ Թադէոս առաքեալին մատուցելու իր հաւատքի երախայրիքը»,- ասաց Սրբազանը: Ապա նա անդրադարձաւ տաճարի բարեզարդումին, սկսելով մուտքի դուռից. «Քիչ առաջ կատարեցինք այս տաճարի գլխաւոր մուտքի նոր դռան օրհնութիւնը: Անապահով կացութեան բերումով, տասնամեակներ առաջ երբ ամայացաւ Ս. Թադէի վանքը, հայաթափւեց կողքի Վանք գիւղը, այս վանքի պահապան հայերը փրկելու համար տաճարի պատմական արժէք ունեցող դուռը, զգուշութեամբ քակել են այն իր տեղից եւ փոխադրել հայաշատ Թաւրիզ քաղաքը, որտեղ այն գտնւում է մինչեւ այսօր, մեր թեմի թանգարանում: Այսօր տարիների՜ երազի իբրեւ իրականացում, ճիշտ նոյնի օրինակով եւ անանուն բարերարի նւիրաբերմամբ, այս տաճարը ունեցաւ գեղաքանդակ դուռ, փոխան նախկին հասարակ դռան, աւելացնելով այս սրբավայրի շքեղութիւնն ու փայլը: Աւելին, ինչպէս տեսնում էք, տաճարի զոյգ գմբէթները ներքնապէս լուսաւորւել են զոյգ եռայարկ ջահերով, որոնք դարձեալ տարիների երազ էր ունենալը: Լոյսը Աստծու ներկայութիւնն է խորհրդանշում: Թող Աստւած բոլորիս կեանքի ճանապարհը Իր լոյսով լուսաւորի, որպէսզի երբեք չսայթաքենք»,- ասաց Սրբազանը, իր գնահատանքը յայտնելով այս բոլոր աշխատանքների ծրագրող եւ կառավարիչ՝ դոկտ. Շերլի Աւետեանին եւ նրա գործակիցներին՝ Ալէն Գրիգորեանին եւ Կարէն Մկրտիչեանին, որոնք իբրեւ Իրանի Եկեղեցիների Պահպանութեան Կենտրոնի տնօրէն եւ աշխատակիցներ, մեծ հոգածութեամբ են վերաբերւում մեր թեմի վանքերի բարեզարդման կարեւոր գործին:

Վերջապէս Սրբազան Հայրը ողջունեց ուխտաւորներին, որոնք հաւատարմութեամբ եկել էին իրենց տարեկան ուխտաւորութեան. «Ամէն տարի այս օրերին մենք ժամադրութիւն ունենք Սուրբ Թադէոս Առաքեալի հետ, իր սրբավայրում: Ինչքա՜ն երջանիկ պիտի զգանք, որ արժանի ենք լինելու Շաբաթ օրւայ Ս. պատարագից յետոյ համբուրել Սուրբի Աջն ու օրհնութիւն ստանալ ուղղակի մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի տասներկու աշակերտներից մէկի ձեռամբ»,- ասաց նա:

Ապա տեղի ունեցաւ երեկոյեան ժամերգութիւն, մասնակցութեամբ հոգեւորականաց դասի եւ աղօթակցութեամբ հաւատացեալ ուխտաւորների:

 

Հսկումի ժամերգութիւն

Ամէնօրեայ դրութեամբ, առաւօտ եւ երեկոյ ժամերգութիւններներ տեղի ունեցան տաճարում, իսկ ուրբաթ գիշեր ժամը 8-ին, կատարւեց Գիշերային ժամերգութիւն, մասնակցութեամբ հոգեւորականաց դասի եւ բարեպաշտ ուխտաւոր ժողովրդի: Խորանի աջ կողմում, ամէն տարւայ աւանդութեան համաձայն զետեղւել էր հսկայ խաչափայտ, մեխերով պատւած, որի վրայ հաւատացեալներ զետեղում էին իրենց աղօթքներն ու խնդրւածքները, խնդրելով Ս. Թադէոս առաքեալի եւ Ս. Սանդուխտ կոյսի բարեխօսութիւնը:

Յայտնենք, թէ թեմի քահանայ հայրերը հինգշաբթի, ուրբաթ եւ շաբաթ օրերին նաեւ մկրտութեան արարողութիւն կատարեցին, իրենց երեխաները վանքում կնքելու ուխտ ունեցող ընտանիքների փափաքը իրականացնելով: Խորհրդակատարութիւններից բացի, նրանք նաեւ աղօրհնէք կատարեցին մատաղացու ոչխարների զենման համար: Հետաքրքրիր էր նաեւ ժողովրդի զօրեղ հաւատքը, կրծքախաչերի օրհնութիւն հայցող: Հանդիպած հոգեւորականին դիմում էին նրանք, իրենց նոր գնած խաչերի համար հոգեւոր օրհնութիւն խնդրելով, որոնց ընդառաջում էին ուխտագնացութեան մասնակից բոլոր հոգեւորականները, սկսած առաջնորդ Սրբազանից:

 

Ուխտի սուրբ պատարագ՝ տաճարում

Շաբաթ, 27 յուլիս 2019-ին, ուխտագնացութեան վերջին օրը, առաւօտեան ժամը 11-ին, Ս. Թադէի վանքի տաճարում եպիսկոպոսական հանդիսաւոր սուրբ պատարագ մատոյց եւ պատգամեց Ատրպատականի առաջնորդ Սրբազանը: Խորանին սպասարկում էին Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը եւ Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը: Ս. պատարագի երգեցողութիւնը քառաձայն կատարւեց Թաւրիզի «Կոմիտաս» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի: Ս. Խորանին սպասարկում էին թեմի սարկաւագաց եւ դպրաց դասերը՝ զոյգ բուրվառով, քշոցակրութեամբ, կերոնակրութեամբ եւ մոմակրութեամբ:

Թեմակալ առաջնորդը իր հոգեւոր պատգամը յղելով ներկայ ուխտաւորների բազմութեան, փառք ու գոհութիւն յայտնեց Երկնաւոր Հօր, խաղաղ պայմաններում սոյն ուխտագնացութեան կայացման համար. «Աշխարհը եռում է սպառնալիքներով, թշնամանքով ու ատելութեամբ, սակայն Աստծու սէրը աւելի հզօր է եւ ուժեղ որով արժանի դարձրեց մեզ սիրոյ այս միջավայրում, իր սուրբ տաճարի խաղաղ նաւահանգստում մասնակից դառնալու այս ուխտագնացութեան 65-րդ տարւայ արարողութիւններին»,- ասաց Սրբազան Հայրը:

Սաղմոսի տողերը մէջբերելով՝ ասաց. «Աստւած երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին, տեսնելու թէ կա՞յ մէկ իմաստուն մարդ, որ Աստծուն փնտռում է»: Կիրակնօրեայ ժամերգութիւնների ընթացքում երգւող Սաղմոսի սոյն տողերը ուխտաւոր հաւատացեալներին առ ի գնահատութիւն արտասանելով, Սրբազան Հայրը ցոյց տւեց, թէ «Այո՛, կան իմաստուն զաւակներ մարդկանց որդիների մէջ, որոնք Աստծուն փնտռում են մինչեւ այս հեռաւոր վայրերում, իր Սուրբ տաճարին մօտ գալով եւ ուխտ կատարելով: Սակայն դեռեւս կան շատե՜ր որոնք ոչ են յայսմ գաւթէ: Նրանց սիրտը դեռեւս բաբախում են աշխարհիկ հոգսերով, ու տարբեր մեղքերով: Աթոռի, փառքի, հանգամանքի եւ ուժի հասնելու իրենց մոլուցքի մէջ, սկսած աշխարհի քաղաքական ղեկավարներից այսօր, մարդիկ փորձում են քայքայել աշխարհի խաղաղ կեանքը: Երբեմն դրա օրինակը տեղափոխւում է ամէնից նեղ միջավայր, մեր հաւաքականութիւնների մէջ, ուր քէնը, ոխը, բամբասանքը, կռիւն ու ատելութիւնը բուն են դնում մեր հոգիներում եւ հեռանում ենք Աստծուց: Ինչքա՛ն հեռանանք Աստծուց, այնքան կը մօտենանք սատանային: Աստծո՞ւ ընտանիքի անդամ են ուզում լինել, թէ՞ չարի իշխանին, որ ամէն տեղ է: Եկեղեցու մէջ էլ կարող է մտնել նա անարգել»,- ասաց Սրբազան Հայրը:

Ապա պատմութեան անցքերը քաղելով ցոյց տւեց, որ Սուրբ Թադէի վանքը մեր հաւատքի ծննդեան իսկական աւազանն է, որտեղ մենք կնքւել ենք իբրեւ քրիստոնեայ, Սուրբ Թադէոս Առաքեալի ձեռքով, նրա սուրբ արեան մէջ թաթախւելով. «Քրիստոնէական մեր հաւատքը զօրացնելու, մեր ուխտը վերանորոգելու եւ հաւատքի մէջ զօրանալու սքանչելի առիթ է այս մեզ համար, երբ մեր հաւատքի ծննդավայր հոգեւոր այս աւազանում միանգամ եւս հոգեպէս մկրտւելու պատեհութիւն է տրւում մեզ: Մենք այն բախտաւորներից ենք այստեղ հաւաքւած, որ Տիրոջ հրամանով արժանի են լինում մեր մեծ սրբի, Սուրբ Թադէոս Առաքեալի բարեխօսութեանը: Նաեւ մեր ազգային արմատների մէջ վերստին խրւելու եւ մեր պատմութեամբ զօրանալու առիթ է այս ուխտագնացութիւնը: Որովհետեւ այստեղ է սրախողող եղել ու իր հոգին աւանդել մեր ազգի առաջին նահատակը՝ Ս. Սանդուխտ կոյսը: Ինչպէս քրիստոնեայ աշխարհը պարծենում է իր առաջին նահատակ Ս. Ստեփանոսով, մենք էլ պիտի պարծենանք մեր ազգի առաջին նահատակով, որը իգական սեռին էր պատկանում»,- ասաց Սրբազան Հայրը:

Աւարտին, նա շնորհակալութիւն եւ գնահատանք յայտնեց պետական պատասանատուներին, Արեւմտեան Ատրպատականի նահանգապետին, Չալդրանի կուսակալին, Մշակութային ժառանգութիւնների պետական հիմնարկութեան, Իրանի եկեղեցիների պահպանման պետական կենտրոնին, փոքրամասնութիւնների գրասենակին, ինչպէս նաեւ Ազգային կառոյցներին՝ Պատգամաւորական ժողովին եւ Թեմական խորհրդին, հոգեւորականաց եւ Սարկաւագաց ու Դպրաց դասերին «Կոմիտաս» երգչախմբին, Խնամակալ մարմնին, Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբին, եւ Հ.Մ.Ա.Կ.-ի կարգապահներին եւ Սկաւուտական կազմին, իրենց անվերապահ մասնակցութեան համար:

Նա յատուկ գնահատանք յայտնեց Իրանի եկեղեցիների պահպանութեան կենտրոնի տնօրէն Շերլի Աւետեանին, որի ջանքերով տաճարի զոյգ գմբէթները օժտւել էին հսկայական ջահերով, ինչպէս նաեւ եկեղեցու հասարակ փայտից սարքւած ժամանակաւոր դուռը փոխարինւել էր դրա նախկին իսկական դռան բացառիկ քանդակազարդ կրկնօրինակումով:

 

Վեհափառ Հայրապետի Օրհնութեան Գիրի ընթերցում

Իր պատգամի աւարտին, Սրբազան հայրը ուրախութեամբ յայտնեց, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը Օրհնութեան յատուկ Գիր է յղել, իր Հայրապետական օրհնութիւնը բերելու վանքի ուխտագնացութիւնների 65-ամեակի առիթով: Ուստի հոգեւորականաց դասը հանդիսաւոր թափօրով վերբերեց Վեհափառ Հայրապետի կոնդակը, որը առաջնորդ Սրբազանը ընթերցեց ի լուր հաւատացեալների:

Նորին Սրբութիւնը հաւատքի ամրութիւն եւ քաջալերանք էր ուղղում բոլոր ուխտաւորներին, նաեւ Հայրապետական գնահատանք արձանագրել էր պետական պատասխանատուներին, սկսեալ Իրանի Իսլամական Հանրապետութեան հոգեւոր առաջնորդ՝ այաթ. Խամենէից, որոնց հոգածու վերաբերմունքով ամէն տարի տեղի է ունենում ուխտագնացութիւնը: Նորին Սրբութիւնը նաեւ իր Հայրական սէրը արտայայտում է ազգային կառոյցներին, որոնց հովանաւորութեամբ, թեմի բոլոր աշխատանքները բնականոն ընթանում են:

Ս. պատարագի աւարտին, Ս. Թադէոս Առաքեալի աջով կատարւեց ջրօրհնէքի արարողութիւն, մասնակցութեամբ ներկայ բոլոր հոգեւորականների: Երգչախումբը խոր ապրումով հնչեցրեց «Կիլիկիա»-ն, բարեպաշտ ժողովրդի երգակցութեամբ: Ապա, սուրբ Աջով գլխաւորւած եկեղեցականաց թափօրը, ուղեկցութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի սկաւուտական կազմի արիներին, ուղղւեց դէպի շրջափակ եւ ամբողջ տաճարի շուրջը պտտւելով եկաւ առաջնորդական յարկաբաժնի՝ վանահօր սենեակի առջեւ, որտեղ երգչախումբը կատարեց «Հայր Մեր»-ը: Ապա, Սրբազան Հայրը «Պահպանիչ»-ով օրհնեց ժողովրդին, գնահատական իր խօսքը ուղղեց ազգային իշխանութեան, երգչախմբին, կրտսերաց դպրաց դասին, Խնամակալ մարմինին, ու յատկապէս Վանքերի ուխտագնացութեան գործադիր յանձնախմբին, կատարւած կազմակերպ եւ բծախնդիր աշխատանքի համար:

 

Հանդիպում պետական ներկայացուցիչների հետ

Շաբաթ առաւօտեան, Վանքի մօտակայքում տեղակայւած պետական հսկայ վրանի ներքեւ պաշտօնական հանդիպում կայացաւ առաջնորդ Սրբազանի եւ պետական ներկայացուցիչների միջեւ, ներկայութեամբ Թեմական խորհրդի՝ գլխաւորութեամբ ատենապետ Ռուբիկ Ջանանեանի, Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբի անդամների, Իրանի եկեղեցիների պահպանման պետական կենտրոնի տնօրէն Շերլի Աւետեանի եւ հիւրերի:

Հանդիպման վայրը ժամանեցին Չալդրանի կուսակալ Մոհամէդ Զադէն, ընկերակցութեամբ արեւմտեան Ատրպատականի Փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուների, Մշակութային ժառանգութիւնների տնօրէն Ջաբարիի, գնդապետների, ապահովական մարմնի պատասխանատուների եւ պետական այլ անձնաւորութիւնների:

Առաջնորդ Սրբազանը նախ խօսք առնելով, իր բարձր գնահատանքը եւ միաժամանակ ուրախութիւնը յայտնեց, որ 65-րդ տարին լինելով, հովանաւորւած Իրանի պետական բարձրագոյն իշխանութիւնից, Ս. Թադէի վանքը բաց է պահում իր դռները ուխտաւորների դիմաց: Նա յատկապէս շնորհակալութիւն յայտնեց Մշակութային ժառանգութիւնների տնօրէնութեան եւ Իրանի եկեղեցիների պահպանութեան կենտրոնի տնօրէն Շերլի Աւետեանին, որոնք վերջին տարիներին հսկայածաւալ շինարարութիւնների են ձեռնարկել մեծապէս բարեզարդելով մեր վանքերը, յատկապէս Ս. Թադէի վանքը: Սրբազանը իր խօսքում կարեւորութեամբ նշեց, թէ Ս. Թադէի Վանքի արժէքը միայն Իրանում չի՛ սահմանափակւում: Դրա հոգեւոր բարձրարժէք կենտրոն լինելը առաջին դարից մինչեւ այսօր համայն աշխարհին ծանօթ է, իբրեւ քրիստոնեայ աշխարհի առաջին վանական համալիրը:

Երախտիքի խօսքերում, առաջնորդ Սրբազանը յիշեց յատկապէս ապահովական մարմինների կատարած զգուշաւոր աշխատանքը, խաղաղ ուխտագնացութիւն ունենալու համար երեք օրերի ընթացքում: Նա յիշեց յատկապէս այն զինւորներին, որոնք մինչեւ լոյս սարերի վրայ պահպանութիւն կատարելով, ուխտաւոր բազմութեան ապահովութիւնը յանձն առել էին: Սրբազան հայրը յատուկ շնորհակալութիւն յայտնեց Արեւելեան Ատրպատականի Փոքրամասնութեան գրասենեակի պատասխանատուին, ինչպէս նաեւ նրա օգնականներին:

Հանդիպման ընթացքում Կուսակալը եւ Արեւմտեան Ատրպատականի Փոքրամասնութիւնների գրասենեակի կրօնաւորը մեծարանքի խօսքերով գնահատեցին իրանահայութեանը, որոնք աւանդութիւնների պահպանումով օրինակ են հանդիսանում այլ մշակոյթների հետեւող ժողովուրդներին: Կուսակալը յատկապէս խոստացաւ իր կարելին ի գործ դնել առաւել այցելուներ ունենալու Նահանգի մշակութային արժէք ներկայացնող կառոյցներին, գլխաւորութեամբ Սուրբ Թադէի վանքին: Նա յայտնեց, որ այս գծով արդէն բանակցութիւններ վարել են տարբեր կողմերի հետ, իրականացնելու համար մեծածախս ծրագրեր: Հանդիպման աւարտին, դոկտ. Շերլի Աւետեանի կողմից եւ առաջնորդ Սրբազան Հօր ձեռամբ յիշատակի յատուկ նւէր յանձնւեց Չալդրանի կուսակալ՝ Մոհամէդ Զադէին:

Յայտնենք, որ պետական պատասխանատուները ներկայ գտնւեցին ս. պատարագին եւ յարգեցին հայ ուխտաւոր ժողովրդին, մասնակից լինելով նրանց աղօթքին:

Եռօրեայ ուխտագնացութեան ծիրից ներս, ուրբաթ 26 յուլիս 2019-ի երեկոյեան ժամերգութեան աւարտին, կազմակերպութեամբ վանքի ուխտագնացութեան յանձնախմբին, տեղի ունեցաւ յուշ երեկոյ, յանձնախմբի երկարամեայ վաստակաւոր անդամ՝ Սոկրատ Աբգարեանի յիշատակին, որ մի քանի ամիսներ առաջ վաղահաս մահով առ յաւէտ բաժանւել էր այս աշխարհից:

Վանքի յուշանւէրների նորակառոյց սրահում, առաջնորդ Սրբազանի նախագահութեամբ տեղի ունեցաւ ձեռնարկը, որի բացման խօսքը կատարեց Ռայմոնդ Աբրահամեան: Պաստառի վրայ ցուցադրւող յիշատակի նկարների ընթացքում, նա մէջընդմէջ կարդաց հանգուցեալի կենսագրութիւնից հատւածներ, նրա գործունէութիւն բացայայտող, անցած երեսուն տարիների ընթացքում: Սրահի ցուցայարկերը լեցուն էին հանգուցեալի ձեռարւեստը հանդիսացող արձանիկներով, որոնք գլխաւորաբար Ատրպատականի վանքերի եւ եկեղեցիների մանրակերտներն էին:

Գեղարւեստական կոկիկ յայտագրին իրենց մասնակցութիւնը բերեցին Արսինէ Բաբայեանը ասմունքով, եւ Ռաֆֆի Ազիզեանն ու Սեւան Դանուղը հայրենասիրական երգերով:

Աւարտին հրաւիրւեց Սրբազան Հայրը, որ իր խօսքը ուղղելով ներկաներին, վերյիշեց հանգուցեալի արժանիքները: Նա նրա մէջ մատնանշեց աշխատունակ մարդու արժանիքը, ինչպէս նաեւ արւեստագէտի բնատուր յատկութիւնները: Ապա, «Հոգւոց» աղօթքի արտասանութեամբ, Սրբազանը աղօթք բարձրացրեց առ Աստւած հանգուցեալի հոգու խաղաղութեան համար:

Աւարտին, յանձնախմբի կողմից յատուկ յուշանւէր յանձնւեց հանգուցեալի բարեկամներից՝ Վարդան Կարապետեանին, միշտ յիշելու համար Սոկրատ Աբգարեանին եւ նրա ծառայութիւնները Ատրպատականի հայոց թեմին: Յուշանւէրը յանձնեցին յանձնախմբի հիմնադիր անդամ Համազասպ Ոսկանեան եւ Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեան:

Ապա ներկաները մօտեցան եւ նայեցին արւեստի գործերին, որոնք ներկայացնում էին գլխաւորաբար Ատրպատականի վանքերն ու եկեղեցիները, ինչպէս նաեւ այլ կառոյցների մանրակերտները:

Ս. Թադէի ուխտագնացութիւնը, շուրջ չորս հազար ուխտաւորներով, աշխարհի տարբեր երկրներից, այս տարի եւս բացառիկ առիթ հանդիսացաւ մեր ժողովրդի քրիստոնէական հաւատքի վերանորոգութեան եւ ազգային պատկանելիութեան գիտակցութեան ամրապնդման, գնահատելու այն՝ ինչ որ մեր գոյութեան համար անհրաժեշտ է, եւ մեր հաւաքական կեանքի համար էական:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։