Հա

Համայնք

29/07/2019 - 10:20

Տիրոջ Պայծառակերպութեան տօնը եւ Վարդավառի ժողովրդական աւանդութիւնը կատարւեց Ատրպատականի հայոց թեմում

Կիրակի, 28 յուլիս 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց եւ քարոզեց Թաւրիզի նախկին հայաշատ Մարալան թաղամասում գտնւող Ս. Աստւածածին ուխտավայր մատուռում, որտեղ հաւաքւեցին թաւրիզահայեր ընտանեկան եւ բարեկամական խմբերով:

«alikonline.ir» - Կիրակի, 28 յուլիս 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց եւ քարոզեց Թաւրիզի նախկին հայաշատ Մարալան թաղամասում գտնւող Ս. Աստւածածին ուխտավայր մատուռում, որտեղ հաւաքւեցին թաւրիզահայեր ընտանեկան եւ բարեկամական խմբերով: Երգեցողութիւնը կատարեց «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի: Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում ս. պատարագ մատոյց եւ քարոզեց Հայաստանից հիւրաբար ներկայ՝ արժ. Տ. Տիրայր աւ. քհնյ. Զահրադեանը: Երգեցողութիւնը կատարեց «Նարեկացի» երգչախումբը, ընկերակցութեամբ Հայաստանից ժամանած ուխտաւորների: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սրբազան Հայրը օրւայ խորհրդից մեկնելով, Քրիստոսի պայծառափայլութեան դէպքի մէջ տեսաւ հոգու եւ սրտի անբծութիւնը, որը քրիստոնեայ մարդու ճառագայթող լոյսով է բացատրւում. «Այն լոյսը, որի համար Քրիստոս ասաց որ պէտք է որ փայլի բոլորի ներկայութեան: Մեր Տէրը իր աստւածութիւնը ցոյց տալու համար այլակերպւեց իր երեք աշակերտների ներկայութեան Թափօր լեռան բարձունքին: Ոմանց դէմքը ուղիղ հայելին է լինում նրանց հոգու անբծութեան: Երանի նման անձանց: Սակայն իսկական լոյսն ու փայլը, դա մեր հաւատքի փայլքն է, որը գործնապէս իր արտայայտութիւն պէտք է գտնի մեր առօրեայ կեանքում»,- ասաց Սրբազան Հայրը: Ապա նա բացատրեց որ բարոյական մարդու կազմաւորման մէջ կարեւոր տեղ ունի սրտի մաքրութիւնը. «Մենք իրար դէմքին, երեսներին ենք նայում, իսկ Աստւած մեր սրտերն է քննում» ասաց նա: Սրբազան Հայրը նաեւ աստւածաբանական մեկնաբանութիւնը կատարեց Այլակերպութեան հրաշազան դէպքին, ցոյց տալով որ այդ պահին Քրիստոսի կողքում երեւացող Հին Ուխտի երկու տիտան դէմքերը՝ Մովսէսն ու Եղիան, խորհրդանշականօրէն պատկերացնում էին Քրիստոսի մարդկութեան փրկագործութեան առաջնորդը եւ Մարգարէների միջոցով խոստացւած Մեսիա լինելու իրողութիւնը:  

Ս. պատարագի աւարտին, եկեղեցու բակում տեղի ունեցաւ Վարդավառի ազգային աւանդութիւնը՝ իրարու վրայ ջուր ցանելու սովորութիւնը: Յատկապէս երիտասարդներ ու մանուկներ, չբաւարարւելով թեթեւօրէն թրջել եկեղեցի եկած հաւատացեալներին, դոյլերով ջուր էին լցնում բոլորի վրայ, որը վերջում ընդհանրական խաղի տեսք ստացաւ, եւ որին մասնակցեցին բոլորը, ե՛ւ մեծերը ե՛ւ փոքրերը:

Թաւրիզի եկեղեցու Խնամակալ մարմնի անդամուհիները կէսօրւայ ճաշով պատւեցին հոգեւորականաց դասին, ազգային իշխանութեանը եւ հիւրերին, որոնց շարքին էր թեմի բարերարներից Ջորջ Դաւիթեանը իր հարազատներով: Ուրմիայի եկեղեցու շրջափակում եւս կատարւեց Վարդավառի ջրցանի աւանդութիւնը, երբ ուրմիահայ պարման-պարմանուհիներ, երիտասարդ-երիտասարդուհիներ իրար վրայ ջուր լցնելով, Հայ Եկեղեցու տաղաւար սոյն տօնի հայկական ազգային աւանդութիւնը խանդավառութեամբ կիրառեցին: Ուրախութեամբ սկսւող եւ ուրախութեամբ աւարտող տօներից է Վարդավառը, որը ամէն տարի իւրայատուկ ցնծութեամբ է լցնում բոլորի սրտերը:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում

    Թեմի պատմութեան ընթացքում հայաթափւած տարբեր բնակավայրերում գտնւող եկեղեցիների եւ ազգային այլ կառոյցների տեղագրութիւնը կատարելու մեծ ճիգ ի գործ դնելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը երկուշաբթի, 12 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Իւրգիւթիւն գիւղը, վերայայտնելու այն ինչ որ մնացել էր անցեալից, իբրեւ շօշափելի յիշատակ, տեղի հայ կեանքից:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում

    Տեղագրական եւ կալւածային ցուցակագրման իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 9 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի նախկին հայաբնակ Ասրան գիւղը, հայկական հետքեր որոնելու այնտեղ:

  • Նորոգութիւններ Սալմաստի Հաֆթւան, Սառնա եւ Ախտախանա գիւղերի հայկական եկեղեցիներում
    Նորոգութիւններ Սալմաստի Հաֆթւան, Սառնա եւ Ախտախանա գիւղերի հայկական եկեղեցիներում

    Չորեքշաբթի, 7 օգոստոս 2019 թ.-ի վաղ առաւօտուն, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Սալմաստ, մօտկից հետեւելու գաւառի մի քանի եկեղեցիների վերանորոգութեան աշխատանքներին, որոնք կատարւում են Իրանի Մշակութային ժառանգութիւնների հիմնարկութեան կողմից եւ հիմնարկութեան նիւթական հովանաւորութեամբ, անմիջական հսկողութեամբ Իրանի Եկեղեցիների պահպանութեան կենտրոնին, տնօրէնութեամբ դոկտ. Շերլի Աւետեանի:

  • Ս. եւ անմահ պատարագ՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնի առթիւ՝ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում
    Ս. եւ անմահ պատարագ՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնի առթիւ՝ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում

    Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 3-րդ Տաղաւար տօնի՝ Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան (Վարդավառ) առթիւ, կիրակի՝ 2019 թւականի յուլիսի 28-ի առաւօտեան, Փերիոյ գաւառի Բոլորան գիւղի Ս. Ղուկաս եկեղեցում, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ։

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սղըն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սղըն գիւղում

    Թեմի տարբեր շրջաններում եւ հայաթափւած գաւառներում ու գիւղերում գտնւող անշարժ գոյքի՝ եկեղեցիների, դպրոցների եւ գերեզմանատների տեղագրութիւնը կատարելու իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 2 ոգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի Սղըն գիւղը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։