Հա

Համայնք

13/08/2019 - 10:00

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում

Տեղագրական եւ կալւածային ցուցակագրման իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 9 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի նախկին հայաբնակ Ասրան գիւղը, հայկական հետքեր որոնելու այնտեղ:

«alikonline.ir» - Տեղագրական եւ կալւածային ցուցակագրման իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 9 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի նախկին հայաբնակ Ասրան գիւղը, հայկական հետքեր որոնելու այնտեղ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ստորեւ Սրբազան Հօր կատարած հետազօտական ուսումնասիրութիւնը, ի՛ր գրչով:

 

Մուտք

Ղարադաղի Քէյւան գաւառակի մեր հետազօտական աշխատանքները կիսով չափ աւարտած լինելը առաւել գօտեպնդեց մեր կամքը, որ հակառակ ճանապարհային դժւարութիւններին, շարունակէինք որոնողական մեր գործը: Իւրաքանչիւր գիւղի մօտկից անցնելու պահին, նոյնիսկ թրքական գիւղերի, մեզ այնպէս էր թւում որ այս եւս հայկական գիւղ է եղել: Այնքան հաստաբուն ընկուզենիներ կան գիւղերի շրջակայքում, գետերի ափին կամ լեռների անմերձենալի գագաթներում, որ ստիպողաբար մտովի ասում ես. «Այստեղ հայեր են բնակւել»: Վերջապէս հայի շինարար ձեռքի արդիւնքը Ղարադաղի բոլոր լեռներում մենք տեսնում ենք, զգալով հայկականութեան ջերմ շունչը: Հայը Աստծու ստեղծագործ ոգու իսկական շարունակողն է եղել: Գեղեցիկ բնութիւնը, որը Աստւած պարգեւել է մարդկութեանը այս լեռներում, հայը այն առաւել եւս գեղեցկացրել է, ծխանի ծուխ տւող գիւղերով եւ բարձրաբերձ լեռների կատարներին կանգնած եկեղեցիների աստւածամերձ աղօթքներով, իսկ երբեմն էլ հրեշտակաձայն շարականներ անդնդախոր ձորերի միջից խոյացող աղերսական ձեռքերի նման բարձրացրել են մեր նախնիք դէպի երկինք…:

Ուրբաթ, 9 օգոստոս 2019 թւին այցելեցինք Ասրան գիւղը, որը քարքարոտ ճանապարհի ցուցանակի վրայ արձանագրւել էր իբրեւ «Ասիրան»: Մէկ տառ էր աւելացել նախկին հայակոչ իր անւան վրայ: Թէ ինչո՞ւ Ասրան անունը տւել էին հայեր իրենց գիւղին, աւանդութիւնը խօսում է այս մասին: Խանագահ գիւղի Մնացականեան դպրոցի ուսուցիչներից Յովհաննէս Յովսէփեանը այս մասին իր գրքում ասում է, թէ պարսիկ գործակալը տեսնելով գիւղացիների ջերմեռանդ աշխատանքը իրենց վարելահողերում, որովհետեւ հնձի ամէնից տենդագին աշխատանքի օրերն էին, յանկարծ բացագանչում է. «Ասլան, ասլան» (Թրգմ. «առիւծ»): Այսինքն գնահատում է առիւծի նման աշխատող գիւղացիներին: Այդ օրւանից հայեր իրենց գիւղը կոչում են Ասլան, որը հետագայում աղաւաղւելով վերածւել է Ասրանի, իսկ այսօր՝ Ասիրան է դարձել:

Ասրանը սեփականութիւնն է եղել Մելիք Սարգիսի, որն նոյն գիւղում ունեցել է իր ապարանքը, որը մելիքութեան անկման ժամանակ կործանւել է, ինչպէս վկայում է Յովսէփեանը:

Պատմութիւնը վկայում է, որ Ղարադաղի մելիքութիւնների անկումից յետոյ, երբ թալանող խաներից էլ ազատւել են Քէյւան գաւառակի հայերը, սկսել են իրար դէմ ներքին կռիւներ…: Այնքան ատեն որ խաների ձեռքի տակ են եղել, վախեցել են որ ամէնից փոքր վէճի համար տուգանք են վճարելու Խանին, սակայն երբ ազատւել են արտաքին պատուհասից, սկսել են իրար դէմ պայքար մղել: Տանուտէրեր եւ գիւղերի մեծեր իրար դէմ են մրցում անիմաստ պատճառներով: Նրանց կռիւն աւելի բորբոքողները լինում են Քէօխվաները որպէսզի գիւղերը դարձեալ նախկին տէրերի ձեռքը ընկնի եւ իրենք նրանց անունով կարողանան աւելի հարստահարել ժողովրդին:

 

Գիւղը այսօր

Ինչպէս մեր գործի բնոյթն է, իւրաքանչիւր նախապէս հայաբնակ գիւղ մտնելուն, փորձում ենք գիւղացիների հետ ընկերական զրոյցի անցելով հասկանալ Հայոց եկեղեցին, կամ գէթ դրա գտնւած վայրը, եթէ այն փլւել կամ փլցւել է: Ի դէպ, գիւղերում կարելի չէ իմանալ եկեղեցու շէնքը արտաքնապէս, որովհետեւ գիւղական եկեղեցիները ընդհանրապէս չեն տարբերւում գիւղի սովորական տներից: Դրանք էլ քառանկիւն, երբեմն տափարակ երդիքով կամ երկթեք տանիքով շինութիւններ են, նոյն լեռնային անտաշ քարերից սարքւած, որով գիւղացիներ իրենց բնակարաններն են կառուցել:

Ասրանում եկեղեցու որեւիցէ հետք կարելի չեղաւ գտնել: Գիւղացիները հետաքրքիր հետեւում էին մեզ, խորհելով թէ գանձ ենք որոնում նախապէս հայաբնակ եւ Մելիքութեան նստավայր եղած գիւղում…: Սակայն մենք հանդիպեցինք շատ հին տների, որոնցից մէկը, որը գտնւում էր գիւղի բարձունքում, իր արտաքին տեսքով շատ էր նման եկեղեցու: Արդեօ՞ք այն փոխակերպել էին մզկիթի եւ չէին ուզում ցոյց տալ, կամ արդեօ՞ք այն բնակարանի էր վերածւել եւ վախենում էին որ տէր կը կանգնենք նախապէս եկեղեցի եղած կառոյցին: Ի մի բանիւ՝ շէնքի արտաքին տեսքը ինք խօսում էր մեզ հետ:

1918-ին, Օսմանեան բանակի ներխուժումից յետոյ, հայեր լքել են իրենց պապենական գիւղը եւ հեռացել: Այս թւականից սկսած մինչեւ այսօր Ասրան գիւղը թրքաբնակ է: Այս ունի առատ վարելահողեր, բերրի եւ արդիւնաշատ դաշտերով, որոնց տիրանալով, տեղացիներ եռանդագին աշխատում են:

 

Ասրան գիւղի հայոց գերեզմանատունը

Գիւղի հայոց գերեզմանատունը կարելի չէ՛ թաքցնել: Այն գտնւում է հանդիպակաց բլուրում, ամբողջութեամբ տեսանելի բազմաթիւ քարերով, որոնք դժբախտաբար արձանագրութիւն չունեն, այլ անմշակ սալապատաններ են: Գանձախոյզների ձեռքը համեմատաբար այլ գերեզմանատների, այստեղ աւելի նւազ աւերներ է գործել, իսկ քարերի շարքում նկատելի են մի քիչ յղկւածները, որոնք սիւների արմատների կամ խոյակների տեսք ունեն:

Արձանագրութիւն չգոյութիւնը որեւէ քարի վրայ ենթադրութիւնների է մղում ականատեսին: Հաւանաբար այնտեղ վարպետ քարտաշներ չեն եղել, կամ գիւղերը իրարից նաեւ տարբերւել են սեփական մշակոյթով: Հին Ջուղայի պատմական գերեզմանատան թանկարժէք լուսանկարները վկայ, որ մասնաւոր մշակոյթ էր գոյութիւն ունեցել այդ բնակավայրում, որտեղ խաչքարային իւրայատուկ արւեստ էին զարգացրել գերեզմանաքարերի մէկ բաց թանգարան հիմնելով Մայր Արաքսի ձախ ափում:

Ասրանի Հայոց գերեզմանատանը մենք հանդիպեցինք շիրմաքարերը զետեղելու իւրայատուկ ոճի: Բացի յղկւած կամ խոյակաձեւ քարերից, այստեղ սովորական սալատապանը փռելուց յետոյ, ննջեցեալի գլխակողմը աւելի բարձր քար են զետեղել, գետնի երեսին փռւած մարդու տպաւորութիւն թողելով նայողին: Որոշ շիրիմների մօտ մենք հանդիպեցինք կրկնւած պատկերի, այսինքն՝ ե՛ւ գլխակողմը ե՛ւ ոտքերի մասում աւելի բարձր քարեր էին կանգնեցրել հայ յուղարկաւորները, մանկական օրօրոցի ձեւ տալով իրենց հանգուցեալի շիրմին:

Ասրան գիւղը, Ղարադաղում մեր այցելած նախկին հայկական բնակավայրերի շարքում ամէնից շուտ հայաթափւած գիւղը լինելով, կասկածում էինք հայկական հետքերի գոյութեանը, սակայն գիւղի Հայոց գերեզմանատունը բաւարար չափով մխիթարական եղաւ մեզ համար, որ այնքան դժւարաւ տեղ հասնելով, գէթ հանդիպել էինք մեր նախնիների յուշակոթողի վերածւած շիրմաքարերին եւ իբրեւ հոգեւոր սպասաւոր «Հոգւոց» մրմնջալու պատւին արժանացել:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում

    Թեմի պատմութեան ընթացքում հայաթափւած տարբեր բնակավայրերում գտնւող եկեղեցիների եւ ազգային այլ կառոյցների տեղագրութիւնը կատարելու մեծ ճիգ ի գործ դնելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը երկուշաբթի, 12 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Իւրգիւթիւն գիւղը, վերայայտնելու այն ինչ որ մնացել էր անցեալից, իբրեւ շօշափելի յիշատակ, տեղի հայ կեանքից:

  • Նորոգութիւններ Սալմաստի Հաֆթւան, Սառնա եւ Ախտախանա գիւղերի հայկական եկեղեցիներում
    Նորոգութիւններ Սալմաստի Հաֆթւան, Սառնա եւ Ախտախանա գիւղերի հայկական եկեղեցիներում

    Չորեքշաբթի, 7 օգոստոս 2019 թ.-ի վաղ առաւօտուն, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Սալմաստ, մօտկից հետեւելու գաւառի մի քանի եկեղեցիների վերանորոգութեան աշխատանքներին, որոնք կատարւում են Իրանի Մշակութային ժառանգութիւնների հիմնարկութեան կողմից եւ հիմնարկութեան նիւթական հովանաւորութեամբ, անմիջական հսկողութեամբ Իրանի Եկեղեցիների պահպանութեան կենտրոնին, տնօրէնութեամբ դոկտ. Շերլի Աւետեանի:

  • Թաւրիզի Հայ համլսարանականների միութեան վարչութիւնը այցելեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին
    Թաւրիզի Հայ համլսարանականների միութեան վարչութիւնը այցելեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին

    Երեքշաբթի, 6 օգոստոս 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան նորընտիր վարչութեան կազմին, որը եկել էր Սրբազան Հօր օրհնութիւնը ստանալ, իր ընտրութիւնից յետոյ:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սղըն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սղըն գիւղում

    Թեմի տարբեր շրջաններում եւ հայաթափւած գաւառներում ու գիւղերում գտնւող անշարժ գոյքի՝ եկեղեցիների, դպրոցների եւ գերեզմանատների տեղագրութիւնը կատարելու իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 2 ոգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի Սղըն գիւղը:

  • Տիրոջ Պայծառակերպութեան տօնը եւ Վարդավառի ժողովրդական աւանդութիւնը կատարւեց Ատրպատականի հայոց թեմում
    Տիրոջ Պայծառակերպութեան տօնը եւ Վարդավառի ժողովրդական աւանդութիւնը կատարւեց Ատրպատականի հայոց թեմում

    Կիրակի, 28 յուլիս 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց եւ քարոզեց Թաւրիզի նախկին հայաշատ Մարալան թաղամասում գտնւող Ս. Աստւածածին ուխտավայր մատուռում, որտեղ հաւաքւեցին թաւրիզահայեր ընտանեկան եւ բարեկամական խմբերով:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։