Հա

Համայնք

17/09/2019 - 09:20

Սրբանկարների օծում՝ Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում

Իրանահայ արւեստագիտուհի Ծաղիկ Յովսէփեան, որի նկարներից շատերը զարդարում են Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիները, երկու նոր սրբանկարներ նկարել էր եւ նւիրաբերել Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցուն:

«alikonline.ir» - Իրանահայ արւեստագիտուհի Ծաղիկ Յովսէփեան, որի նկարներից շատերը զարդարում են Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիները, երկու նոր սրբանկարներ նկարել էր եւ նւիրաբերել Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցուն: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Կիրակի, 15 սեպտեմբեր 2019 թ.-ին, ընթացս ս. եւ անմահ պատարագի, Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը կատարեց վերոյիշեալ երկու սրբապատկերների օծումը, որոնցից առաջինը ներկայացնում էր Քրիստոսի մկրտութիւնը, իսկ երկրորդը՝ խաչելութիւնը:

Եկեղեցու նկարների օծման կարգը տեղի ունեցաւ «Հայր Մեր»-ից առաջ, երբ յատուկ աղօթքների ընթերցումից յետոյ, Սրբազան Հայրը սրւակի մէջ հեղուց սրբալոյս միւռոնը «Առաքելոյ աղաւնոյ» շարականի երգեցողութեամբ, որին յաջորդեց եկեղեցու «Նարեկացի» երգչախմբի «Ամէն ալէլուիա»-ն, հաւատացեալ ժողովրդի մասնակցութեամբ: Հերթաբար երկու սրբապատկերների օծումը կատարեց Սրբազան Հայրը իր բութով, օծելով դրանց գագաթն ու աջ եւ ահեակ կողմերը:

Իր քարոզում վեր հանելով նւիրաբերումի ոգին, Սրբազան Հայրը իր բարձր գնահատանքը յայտնեց արւեստագիտուհի բարերարին, «Աստծու տւած շնորհները ծաղկեցնելով ընծայաբերում է այն Աստծու տանը: Ծաղիկ Յովսէփեանի նկարած սրբապատկերներից շատերը զարդարում են մեր թեմի եկեղեցիների խորանները, հաւատացեալ ժողովրդի բարեպաշտութեան առարկայ լինելով: Թող Աստւած բազմապատկի նրա շնորհները, որպէսզի Աստծու տան հանդէպ իր նախանձախնդրութիւնը յարատեւ աճ արձանագրի»,- ասաց Սրբազան Հայրը:

Պատարագից անմիջապէս յետոյ, անձնապէս եւ թեմի անունից իր գնահատանքը յայտնեց Սրբազան Հայրը Ծաղիկ Յովսէփեանին եւ նրա ընտանիքի անդամներին, նոր նկարների պատրաստութեան առաջարկ եւս ներկայացնելով արւեստագիտուհուն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։