Հա

Համայնք

17/09/2019 - 09:30

Կիսասարկաւագի ձեռնադրութիւն Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում

Կիրակի 15 սեպտեմբեր 2019-ին, Ուրմիայի ծխական Ս. Ստեփանոս եկեղեցում, յընթացս ս. եւ անմահ պատարագի, տեղի ունեցաւ կիսասարկաւագի ձեռնադրութիւն, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի:

«alikonline.ir» - Կիրակի 15 սեպտեմբեր 2019-ին, Ուրմիայի ծխական Ս. Ստեփանոս եկեղեցում, յընթացս ս. եւ անմահ պատարագի, տեղի ունեցաւ կիսասարկաւագի ձեռնադրութիւն, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ս. պատարագը մատոյց Ուրմիայի ծխատէր՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը, որը նաեւ ստանձնեց խարտաւիլակի պաշտօնը, դպիր Թադէ Էլիասզադէի կիսասարկաւագական ձեռնադրութեան ընթացքում:

Խորանի սուրբ բեմի առջեւ, ձեռնադրիչ Սրբազան հօր ծնկերի մօտ ծնրադիր, դպիր Թադէ Էլիասզադէն իր բազուկի վրայ ընդունեց Քրիստոսի քաղցր լուծը խորհրդանշող մաքուր ու սուրբ ուրարը, Աստծու սուրբ խորանին ծառայելու պատւին արժանանալով:

Ձեռնադրիչ Սրբազանը ապա նրան յանձնեց դատարկ սկիհն ու մաղզման, իրաւասութիւն տալով ս. պատարագի նշխար պատրաստելու: Սրբազան Հօր միջոցով ընծայեալին յանձնւեց նաեւ պատարագի զգեստ, կարենալու զգեստաւորել պատարագիչ քահանային: Նրան յանձնւեց նաեւ խորհրդատետրը, որպէսզի քահանային զգեստաւորելու պահին նրա հետ ընթերցի սաղմոսները:

Իր խրատական քարոզում, Սրբազան Հայրը յիշեց, որ իր տարիներ առաջ ընծայեալը ստացել էր դպրութեան աստիճանը եւ անցած տարիների ընթացքում հաւատարմութեամբ ծառայել Աստծու Սուրբ եկեղեցուն: Նոյն առիթով Սրբազան Հայրը կոչ ուղղեց ներկայ բոլոր ծնողներին եւ ուրմիահայ գաղութի զաւակներին, ընդառաջ գալու Աստծու գործի յաջողութեան, եւ նւիրւելու եկեղեցու սպասաւորութեան պատւաբեր գործին. «Ամօթ չէ՛ եկեղեցուն ծառայելը, խորան բարձրանալն ու դրան սպասաւորելը: Ներկայ ժամանակներում, երբ բազմապիսի վտանգալից ճանապարհներ կան բացւած մեր նոր սերնդի առջեւ, Աստծու ճանապարհը, հոգեւոր ու բարոյական արժէքներով ծաղկազարդւած ամէնից ապահով ուղին է, որտեղ իրենց պատանութիւնը եւ վաղ երիտասարդութիւնը կարող են կազմաւորել նրանք»:

Ձեռնադրութեան այս առիթով Սրբազան Հայրը շնորհաւորեց ընծայեալին, նրա ծնողներին եւ Ուրմիայի եկեղեցու մեծ ընտանիքին, մաղթելով որ նրա նւիրումին կը հետեւեն ուրիշներ եւս, ճոխացնելով Աստծու տունը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։