Հա

Համայնք

Երեքշաբթի, 13 Փետրւարի 2018 09:10

Սրբոց Ղեւոնդեանց քահանայից եւ Վարդանանց տօների նշումը՝ Նոր Ջուղայում

Երեքշաբթի՝ փետրւարի 6-ի առաւօտեան, սրբոց Ղեւոնդեանց քահանաների տօնի առթիւ սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Մինաս եկեղեցում՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի: Օրւայ պատարագիչն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը: Հոգեզմայլ պատարագին մասնակցում էին թեմիս քահանայից ու դպրաց դասերը: Ներկայ էին նաեւ ազգային մարմինների ներկայացուցիչներն ու ժողովուրդ: 

«alikonline.ir» - Երեքշաբթի՝ փետրւարի 6-ի առաւօտեան, սրբոց Ղեւոնդեանց քահանաների տօնի առթիւ սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Մինաս եկեղեցում՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի: Օրւայ պատարագիչն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը: Հոգեզմայլ պատարագին մասնակցում էին թեմիս քահանայից ու դպրաց դասերը: Ներկայ էին նաեւ ազգային մարմինների ներկայացուցիչներն ու ժողովուրդ: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Պատարագիչ Հայր Սուրբն օրւայ առթիւ իր պատգամում նշելով, թէ ինչպէս Վարդանանց պատերազմից առաջ Ղեւոնդ Երէցն իր քարոզով Աստծոյ շունչը փոխանցեց հաւատի ճամբին պատերազմողներին, աւելացրեց, որ մեր եկեղեցին չենք կարող բաժանել հոգեւոր եւ ազգային իմաստների, քանի որ Ղեւոնդ Երէցն ու իր հետեւորդները հոգեւորն ու ազգայինը հաստատեցին՝ որպէս մէկ ամբողջութիւն: Հայր Սուրբն իր խօսքի աւարտին շեշտելով, որ քահանան Աստծոյ սպասաւորն է եւ եկեղեցու պաշտօնեան, իր ուրախութիւնը յայտնեց թեմիս հոգեւորականների եւ ժողովրդի միջեւ յարգանքի, սիրոյ եւ վստահութեան վրայ հիմնւած փոխ-յարաբերութեան համար, ապա շնորհաւորելով առիթի կապակցութեամբ, յոյս յայտնեց, որ թեմիս հոգեւորականներին ինչպէս միշտ տեսնելու ենք ղեւոնդեանց քահանաների հոգով ու նւիրումով:

Ս. պատարագին յաջորդեց եկեղեցու սրահում ընդունելութիւնը, ուր օրւայ առթիւ խօսքերով ու շնորհաւորանքներով հանդէս եկան եկեղեցու երեցփոխուհի Ռիթա Մկրտչեանն ու Նոր Ջուղայի Հայոց Առաքելական եկեղեցեաց վարչութեան անդամուհի Լիդա Սիմոնեանը: Վերջում արտայայտւեց նաեւ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը՝ քահանայից տօնը շնորհաւորելով եւ պատարագի ու միջոցառման գործն ի կատար ածողներին շնորհակալութիւն յայտնելով:

Սրբոց Վարդանանց տօնը նշւեց հինգշաբթի՝ փետրւարի 8-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում՝ ս. եւ անմահ պատարագի մատուցմամբ: Պատարագը կատարեց արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը՝ եկեղեցական դասի մասնակցութեամբ:

Ժողովրդից բացի ներկայ էին՝ ազգային մարմինների ներկայացուցիչները, «Արմէն» տարրական երկսեռ կրթահամալիրի 5-րդ ու 6-րդ դասարանների եւ «Քանանեան» ու «Կատարինեան» միջնակարգ դպրոցների աշակերտ-աշակերտուհիները եւ պատասխանատուները:

Պատարագիչ քահանայ հայրն օրւան պատշաճ իր քարոզում անդրադառնալով գիտակցաբար մահւանը, ինչու չէ նաեւ Վարդանանց պատերազմին ու այդ հերոսական իրագործումի պատգամին, աւելացրեց, որ այսօր էլ ականատեսն ենք հայրենասէր հայորդիների սխրագործութիւնների, ովքեր իրենց նախնիներից ժառանգած ոգով եւ թանկագին արեան գնով Արցախում պաշտպանում են մեր սուրբ հայրենիքի սահմանները թշնամու ոտնձգութիւններից: Պատարագիչ հայրն ընդգծելով, որ Վարդանանց հերոսներն իրենց մահւամբ կենդանութիւն եւ յաւերժութիւն պարգեւեցին Հայաստանին ու հայ ժողովրդին, կոչ արեց յատկապէս նոր սերնդին՝ օրինակ վերցնելով նրանցից, եկեղեցին, ազգն ու հայրենիքը վեր դասել ցանկացած բանից:

Զոյգ պատարագների երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:

Յարակից Հրապարակումներ

  • Ցաւակցագիր
    Ցաւակցագիր

    Մեծ կսկիծով մամուլից իմացանք այն ողբերգական լուրը, որ պատահել է անցնող առաւօտեան ժամը 08:50-ին, երբ «Ասեման» աւիաընկերութեան Թեհրան-Եասուջ չւերթն իրականացնող ինքնաթիռը կործանւել է Թեհրանի «Մեհրաբադ» օդանաւակայանը լքելուց 50 րոպէ անց:

  • Տեառնընդառաջի նախատօնակի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում
    Տեառնընդառաջի նախատօնակի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում

    Հոգեպարար արարողութեան մատուցմամբ Տեառնընդառաջի նախատօնակը նշւեց Նոր Ջուղայի Ս. Մինաս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Ս. Ստեփանոս եւ Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցիներում, երեքշաբթի՝ 2018 թւականի փետրւարի 13-ի երեկոյեան:

  • Տեառնընդառաջը եւ աւանդական հրավառութիւնը՝ Շահինշահրի հայոց ազգային դպրոցներում
    Տեառնընդառաջը եւ աւանդական հրավառութիւնը՝ Շահինշահրի հայոց ազգային դպրոցներում

    Երեքշաբթի՝ 2018 թւականի փետրւարի 13-ի առաւօտեան ժամը 11:30-ից Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանը եւ «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի աշակերտութիւնը մասնակցեցին՝ զոյգ դպրոցների տեսչութեան եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւած աւանդական հրավառութեանը եւ Տեառնընդառաջին:

  • Ս. Սարգիս զօրավարի տօնի առթիւ արարողութիւններ՝ Նոր Ջուղայի Ս. Սարգիս եկեղեցում
    Ս. Սարգիս զօրավարի տօնի առթիւ արարողութիւններ՝ Նոր Ջուղայի Ս. Սարգիս եկեղեցում

    Ս. Սարգիս զօրավարի տօնի առթիւ հոծ թւով հաւատացեալների մասնակցութեամբ հոգեզմայլ արարողութիւններ իրականացւեցին Նոր Ջուղայի Ս. Սարգիս եկեղեցում, ուր միեւնոյն ժամանակ տօնւեց նաեւ նշւած եկեղեցու անւանակոչութեան տօնը: 

  • Ջրօրհնէքի արարողութիւն՝ Ղարղուն գիւղում
    Ջրօրհնէքի արարողութիւն՝ Ղարղուն գիւղում

    Փերիոյ գաւառի Ղարղուն գիւղի Ս. Նշան եկեղեցու վարչութեան նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ, ուրբաթ՝ 2018 թւականի յունւարի 19-ի առաւօտեան, ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի ու սարկաւագների, նոյն եկեղեցում իրականացւեց Ջրօրհնէքի արարողութիւն: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։