Հա

Համայնք

20/07/2019 - 11:30

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի հանդիպումը՝ Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի աշակերտութեան ծնողների հետ

Վերջին տարիներին Շահինշահրի հայ համայնքի անդամների, յատկապէս աշակերտների թւի նւազման հետեւանքով հայոց դպրոցը դիմագրաւել է բազում խնդիրներ, մասնաւորաբար ոչ բաւարար աշակերտների թւաքանակի պատճառով բազմահամակազմ միատեղւած դասարաններում աշակերտների ուսումնառութեան եւ մանկավարժական միջավայրի դժւարութիւնները, որոնք լուրջ մտահոգութիւնների պատճառ են դարձել աշակերտների ծնողների համար:

«alikonline.ir» - Վերջին տարիներին Շահինշահրի հայ համայնքի անդամների, յատկապէս աշակերտների թւի նւազման հետեւանքով հայոց դպրոցը դիմագրաւել է բազում խնդիրներ, մասնաւորաբար ոչ բաւարար աշակերտների թւաքանակի պատճառով բազմահամակազմ միատեղւած դասարաններում աշակերտների ուսումնառութեան եւ մանկավարժական միջավայրի դժւարութիւնները, որոնք լուրջ մտահոգութիւնների պատճառ են դարձել աշակերտների ծնողների համար: Միաժամանակ թեմի Թեմական եւ Կրթական խորհուրդների, Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան ու դպրոցի տնօրէնութեան նախապէս ձեռնարկած բոլոր աշխատանքները հազիւ 20 աշակերտ ունեցող դպրոցում, բնականաբար չէին կարող ցանկալի արդիւնքն ապահովել: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Իրավիճակին յարմարագոյն եւ հիմնական լուծում տալու համար՝ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի կողմից կեանքի կոչւած յանձնախումբը եւ Թեմական խորհուրդը իրականացրեցին լայն ուսումնասիրութիւններ ու հանդիպումների շարան, որոնց արդիւնքում կազմւեց առաջարկների փաթեթ. սոյն փաթեթը հաստատւեց Պատգամաւորական ժողովի թւականիս յուլիսի 3-ին գումարած նիստի ընթացքում։

Այս շրջագծում ձեռք բերւած արդիւնքին հաղորդ դարձնելու եւ յետագայ անելիքները վերջնականացնելու նպատակով, չորեքշաբթի՝ 2019 թւականի յուլիսի 17-ի երեկոյեան, Ս. Ամենափրկիչ վանքի արեւելեան բակում, Թեմական խորհրդի հրաւէրով հանդիպման ներկայացան թեմիս Կրթական խորհրդի եւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան անդամներն ու Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի աշակերտութեան ծնողները։ Հանդիպումը գլխաւորեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, երեկոն նշանաւորւեց յատկապէս ծնողների մեծ ընդառաջումով, քանի որ ներկայ էին աշակերտների մեծամասնութեան թէ մայրերը եւ թէ հայրերը։

Ծրագիրն սկիզբ առաւ թեմակալ առաջնորդի խօսքով, որտեղ բացատրութեամբ հանդէս եկաւ Պատգամաւորական Ժողովի վերջին նիստի ընթացքում Շահինշահրի ազգ. տարրական դպրոցի կապակցութեամբ ներկայացւած փաթեթի հաստատման մասին եւ շնորհակալական խօսք ուղղեց Թեմական ու Կրթական խորհուրդներին իրենց հետեւողական աշխատանքի եւ համայնքի ծնողներին՝ իրենց համագործակցութեան համար։

Այնուհետեւ արտայայտւեց Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը, ով նշեց, թէ խորհուրդը պարտաւորութիւն է ստանձնում Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական դպրոցում կրթութիւնը շարունակել ցանկացող Շահինշահրի հայ աշակերտների ընտանիքների համար, Նոր Ջուղայում ստեղծել բնակարանային հնարաւորութիւն՝ տրամադրելով թեմապատկան վարձու բնակարան կամ բնակարան վարձելու գրաւ գումար, իսկ Ժամանակաւոր Նոր Ջուղա տեղափոխւել ցանկացողներին՝ յատկացնելով յարմարաւէտ կացարաններ. խորհուրդը յանձն է առնում նաեւ վճարել Շահինշահրի ոչ-շահադիտական պարսկական դպրոցներում կրթւողների ուսման վարձը, մինչեւ տարրական դպրոցի աւարտը, պայմանով, որ նշւած աշակերտները մասնակցեն Թեմական եւ Կրթական խորհուրդների միջոցով «Սրբոց Վարդանանց» դպրոցի տարածքում թւականիս սեպտեմբերին հիմնադրւող մէկօրեայ հայկական վարժարանի դասընթացներին։

Պրն. Մինասեանը նշելով, որ վերոնշեալ բոլոր յանձնառութիւններն իրականանալու են մինչեւ առաջիկայ ուսումնական տարեշրջանի սկիզբը, բացատրութեամբ հանդէս եկաւ Նոր Ջուղա տեղափոխւողների բնակարանային հարցերի լուծման ուղղութեամբ Թեմական խորհրդի ցայսօր ձեռնարկած քայլերի մասին, որոնց շնորհիւ արդէն ապահովւել են շուրջ 10 թեմապատկան բնակարաններ։

Շարունակութեան մէջ պատասխան տրւեցին հրաւիրեալների հարցումներին, իսկ Թեմական խորհրդի անդամուհի Սոնիկ Բաղումեանն ընթերցեց վերը նշւած որոշումների եւ փոխադարձ յանձնառութիւնների մասին արձանագրութիւնը, որը հաստատւեց ներկաների կողմից եւ ստորագրւեց։ Սոյն արձանագրութեան հիման վրայ Թեմական խորհուրդն իրականացնելու է իր յետագայ գործունէութիւնը։

Յատկանշելի է, որ թէեւ թեմի Պատգամաւորական Ժողովի որոշման եւ սոյն հանդիպման ընթացքում հաստատւած արձանագրութեամբ եզրափակւում էր, որ թեմի ժողովրդի եւ մարմինների կամքից անկախ առաջացած պայմանների հետեւանքով հնարաւոր չէ շարունակել Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» դպրոցի աշխատանքները ներկայ կարգավիճակով, որին անդրադարձան նաեւ աշակերտների ծնողները, թեմակալ առաջնորդը ու թեմի մարմինների ներկայացուցիչները, այդուհանդերձ աշակերտների համար բնականոն եւ մանկավարժական ու ուսումնադաստիարակչական ընդունելի չափանիշերով պայմանների ստեղծումը եւ հայեցի դաստիարակութիւնը ապահովելու նպատակով համայնքի դպրոցական ներկայ շէնքում մէկօրեայ վարժարանի հիմնումը, դրական պայմաններ եւ հեռանկար են ստեղծում, եւ այդ պատճառով էլ կազմակերպւած հանդիպումն ընթացաւ եւ աւարտւեց ներկաների գոհունակութեամբ եւ փոխադարձ համագործակցութեան ու վստահութեան մթնոլորտում:

Յարակից լուրեր

  • Հանրապետութեան նախագահը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ
    Հանրապետութեան նախագահը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

    Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ սեպտեմբերի 16-ին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ:

  • ԱԳ նախարարը ընդունել է ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէնի պաշտօնակատար Կորնէլ Ֆերուտային
    ԱԳ նախարարը ընդունել է ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէնի պաշտօնակատար Կորնէլ Ֆերուտային

    Այսօր սեպտեբերի 8-ին, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը ընդունել է ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէնի պաշտօնակատար Կորնէլ Ֆերուտաին, ով այսօր առաւօտեան Իրան էր ժամանել:

  • Կայացել է Սալեհի-Ֆերուտա հանդիպումը
    Կայացել է Սալեհի-Ֆերուտա հանդիպումը

    Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպութեան ղեկավար դոկտ. Ալի Աքբար Սալեհիին այսօր սեպտեմբերի՝ 8-ի առաւօտեան, ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան գլխաւոր տնօրէնի պաշտօնակատար Կորնէլ Ֆերուտային:

  • ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ընդունեց Իրանի դեսպանը
    ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ընդունեց Իրանի դեսպանը

    ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ Կեդրոնական կոմիտէի անդամներ Մելիք Գարագաւորեան, Յակոբ Հաւաթեան եւ Ազգային ուժերու եւ կուսակցութիւններու համախմբումին մէջ ՀՅԴ-ի ներկայացուցիչ Պարոյր Տէր-Ղուկասեան, երէկ «Շաղզոյեան» կեդրոնին մէջ ընդունեցին Լիբանանի մէջ Իրանի դեսպան Մոհամմադ Ջալալ Ֆիրուզնիան եւ անոր ընկերակցող պատուիրակութիւնը:

  • Հանդիպում կրօնի ուսուցիչների հետ
    Հանդիպում կրօնի ուսուցիչների հետ

    Դպրոցական վերամուտի նախօրեակին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի մեր դպրոցների կրօնի ուսուցիչներին, ներկայութեամբ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու տկն. Շաքէ Եղիայեանի եւ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի ատենապետ օր. Անի Մանուկեանի։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։