Հա

Համայնք

26/08/2019 - 10:00

Ս. Մարիամ Աստւածածնի Վերափոխման տօնը՝ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տաղաւար տօներից՝ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի (Խաղողօրհնէք) առթիւ, սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում։

«alikonline.ir» - Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տաղաւար տօներից՝ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի (Խաղողօրհնէք) առթիւ, սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Տօնի օրը, կիրակի՝ 2019 թւականի օգոստոսի 18-ի առաւօտեան, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եկեղեցում՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի, ուր զուգահեռաբար նշւեց նաեւ վերոնշեալ եկեղեցու անւանակոչութեան տօնը։

Թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը տօնին պատշաճ իր քարոզում անդրադառնալով Ս. Մարիամ Աստւածածնի վերափոխման իրադարձութեանը՝ նշեց, թէ Բարդուղիմէոս առաքեալը ճամբորդութիւնից վերադառնալով եւ Տիրամօր մահւան գոյժը լսելով, ցանկացաւ տեսնել Սրբի դին, սակայն երբ բացւեց եռօրեայ գերեզմանը, բոլորը զարմացան շիրիմը թափուր տեսնելով։ Քարոզիչն իր խօսքի շարունակութեան մէջ մատնանշելով, որ Վերափոխման տօնը Քրիստոսի կողմից որդիական սէր, յարգանք եւ մեծարանք ցուցաբերելու առիթ դարձաւ Տիրամօր նկատմամբ, մաղթեց, որ այս տօնը դաստիարակիչ լինի իւրաքանչիւրի համար՝ ծնողների նկատմամբ վերաբերմունքը վերատեսութեան ենթարկելու։ Նա աւելացրեց, թէ նրանք ովքեր աստւածային պատւիրաններն իրենց ծնողների նկատմամբ չեն կատարել, սա լաւագոյն առիթն է իրենց ընթացքը փոխելու, որպէսզի ծնողների բարեխօսող աղօթքների շնորհիւ արժանանան Բարձրեալի գթութեանն ու ողորմութեանը։

Յաւարտ ս. պատարագի տեղի ունեցաւ Խաղողօրհնէքի կարգը։

Տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց նաեւ Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եւ Ս. Մինաս եկեղեցիներում՝ Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի եւ Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի, իսկ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում՝ Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով։

Սուրբ եւ անմահ պատարագի մատուցմամբ տօնը նշւեց նաեւ Փերիոյ գաւառի Խոյգան գիւղի Ս. Աստւածածին եկեղեցում, ուրբաթ՝ օգոստոսի 23-ի առաւօտեան, նախագահութեամբ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի։ Օրւայ պատարագիչն էր Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը։ Ընթացքում Սրբազան Հայրն ընթերցեց տօնի առթիւ իր քարոզը։

Յատկանշական է, որ նոյն օրը Շիրազի Ս. Աստւածածին եկեղեցում ձեռամբ Տ. Սահակ քհնյ. Մինասեանի տեղի ունեցաւ Խաղողօրհնէքի կարգը, որից յետոյ քահանայ հայրն օրհնեց Իրանի 51-րդ Համահայկական խաղերի ջահը։

 

Լուսանկարները տրամադրեցին՝ «Ալիք»-ի թղթակիցը, Շիրազի հայ համայնքի անդամներն ու եկեղեցիների սարկաւագները

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։