Հա

Համայնք

15/02/2014 - 10:40

Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու պատմականը

Հայ Եկեղեցու տօնացոյցի համաձայն՝ Ս. Սարգսի տօնը այս տարի փետրւարի 15-ին է: Սոյն տօնը նաեւ Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու անւանակոչութեան տօնն է: Այս առթիւ նոյն օրը եկեղեցում մատուցւում է ս. պատարագ եւ տրւում է քարոզ, նաեւ հոգեհանգստեան արարողութիւն է կատարւում եկեղեցու բարերար Սարգսեան ընտանիքի հանգուցեալ անդամների յիշատակին:

ՅՈՎԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ

Հայ Եկեղեցու տօնացոյցի համաձայն՝ Ս. Սարգսի տօնը այս տարի փետրւարի 15-ին է: Սոյն տօնը նաեւ Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու անւանակոչութեան տօնն է: Այս առթիւ նոյն օրը եկեղեցում մատուցւում է ս. պատարագ եւ տրւում է քարոզ, նաեւ հոգեհանգստեան արարողութիւն է կատարւում եկեղեցու բարերար Սարգսեան ընտանիքի հանգուցեալ անդամների յիշատակին:
Ս. Սարգիս եկեղեցու տօնի սեմին ընթերցողներին ներկայացնում ենք սոյն եկեղեցու պատմականը:
Ս. Սարգիս եկեղեցին գտնւում է Քարիմխան եւ Նեջաթօլլահի (նախկին Վիլլա) պողոտաների խաչմերուկում: Ընդհանուր տարածքն է 2350 քառ. մետր, իսկ եկեղեցուն յատկացւած կառուցւածքը՝ 571 քառ. մետր: Ունի շուրջ 34.40 մետր երկարութիւն եւ 16.50 մետր լայնք: Թեհրանի առաջնորդանիստ մայր եկեղեցին է, որի շրջափակում գտնւում է Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանը, որը կառուցւել է Մարգար Սարգսեանի բարերարութեամբ՝ ի յիշատակ իր կնոջ՝ Խանում Սարգսեանի:
Ս. Սարգիս եկեղեցու հիմնօրհնէքը կատարւել է 1964 թւականի մայիսին՝ Թեհրանի հայոց թեմի ժամանակի առաջնորդ Տ. Արտակ արք. Մանուկեանի ձեռամբ: Եկեղեցու կառուցումն սկսւել է 1966 թւականին, Գուրգէն եւ Վազգէն Սարգսեանների բարերարութեամբ, ի յիշատակ իրենց հօր՝ Մարգար Սարգսեանի, 1961 թւականին ազգային իշխանութեան կողմից գնւած հողամասի վրայ:
Եկեղեցու ճարտարապետն էր Օժէն (Ժենիա) Աֆթանդիլեանը: Օծումը կատարւել է 1973 թւականի ապրիլի 29-ին՝ Մեծի Տանն Կիլիկիոյ ժամանակի կաթողիկոս Տ. Տ. Խորէն Ա Բարոյեանի ձեռամբ՝ հայ եւ եւրոպացի հոգեւորականների, Թեհրանի իսլամ կրօնապետի, Իրանի պետական այրերի, օտարերկրեայ դեսպանների, ազգային մարմինների եւ մեծ թւով հաւատացեալ հասարակութեան ներկայութեամբ:
Ունի երգեցիկ խումբ՝ ղեկավարութեամբ Կարինէ Մուրադեանի եւ դոկտ. Էլիպս Մասեհեանի. երգեհոնով նւագակցում են՝ Օֆիկ Մելիքեանը եւ Նարեկ Աբրահամեանը:
Եկեղեցու շրջափակում գտնւում են՝ Մեծ Եղեռնի յուշակոթող (բարերար՝ Արսէն Տէր-Յակոբեան՝ ի յիշատակ իր ծնողների՝ Գրիգորի եւ Մաշինկայի), որի պաշտօնական բացումը կատարւեց 1973 թւականի ապրիլին՝ Խորէն Ա կաթողիկոսի ձեռամբ, Թեհրանի հայոց թեմի նախկին առաջնորդ Տ. Արտակ արք. Մանուկեանի շիրիմը եւ մի գրատուն՝ «Մաշտոց» անունով:
Սոյն եկեղեցում նախկինում պաշտօնավարել են՝ Տ. Սարգիս քհնյ. Մարսէլեանը, Տ. Գաբրիէլ քհնյ. Քեշիշեանը, Տ. Բաբգէն քհնյ. Սարգսեանը, Տ. Վազգէն քհնյ. Շմաւոնեանը, Տ. Տաճատ քհնյ. Մելիքեանը, Տ. Արսէն քհնյ. Աւետեանը, Տ. Ռուբէն քհնյ. Միսիսեանը եւ Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանը: Ներկայում եկեղեցում պաշտօնավարում են՝ Տ. Վարազդատ աւ. քհնյ. Տէրտէրեանը, Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը եւ Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը:
Ունի երկու Կիրակնօրեայ դպրոց, որոնց պարապմունքները կատարւում են «Արաքս» եւ «Ռոստոմ» դպրոցներում:
Սոյն եկեղեցու նստարանները տրամադրել են՝ Գեղայր Հովուեանը եւ Գուգուշ Յովհաննիսեանը՝ ի յիշատակ իրենց վաղամեռիկ որդիների՝ Դաւիթի եւ Ռուդիի:
Եկեղեցու մկրտութեան աւազանը կառուցւել է 2006 թւականին՝ Հրայր Յակոբեանի բարերարութեամբ՝ իր տիկնոջ՝ Վարդուհի Դաւթեան-Յակոբեանի յիշատակին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։