Հա

Համայնք

10/03/2016 - 09:50

Ուշացած զրոյց՝ չուշացւող խնդիրների շուրջ կամ երբ յիշողութիւնը ժամկէտանց չէ

Սրանից մի երկու ամիս առաջ թերթիս էջերով մի յօդւած հրապարակւեց, որը կրելով ազգ. առաջնորդարանի հանրութեան հետ կապի ստորագրութիւնը առաջինը հէնց՝ առաջնորդարանի պաշտօնական կայքէջով լայն լսարանի առջեւ էր բացել «Թունեան» աղջկանց միջնակարգ դպրոցի մասին պատմող մի թեմա՝ Կրթական խորհրդի կողմից տրամադրւած նիւթի հիման վրայ:

Հատիս


Սրանից մի երկու ամիս առաջ թերթիս էջերով մի յօդւած հրապարակւեց, որը կրելով ազգ. առաջնորդարանի հանրութեան հետ կապի ստորագրութիւնը առաջինը հէնց՝ առաջնորդարանի պաշտօնական կայքէջով լայն լսարանի առջեւ էր բացել «Թունեան» աղջկանց միջնակարգ դպրոցի մասին պատմող մի թեմա՝ Կրթական խորհրդի կողմից տրամադրւած նիւթի հիման վրայ:
Նշւած հրապարակման մասին խօսքն այստեղ՝ օրաթերթիս էջերում (գուցէ) անդրադարձ կատարելու անհրաժեշտութիւնը չզգացւէր, եթէ այն առաջինը՝ չլինէր երեխաներին (աշակերտներին) վերաբերող թեմա, երկրորդ՝ չլինէր հէնց «Ալիք»-ի էջերով հրապարակւած որեւէ արձանագրութիւն:
Նշենք նաեւ, որ տւեալ արձանագրութիւնը կազմւել է «Ա. Աւետիսեան» բուժարանի կողմից տրամադրւած բժշկուհու միջոցով, ում միջոցով էր կատարւել աշակերտների բժշկական զննման աշխատանքները:
Իսկ այժմ հրապարակւած նիւթի մասին: Այն՝ հեղինակների կողմից պատրաստւել է ուսումնասիրութիւնների արդիւնքների մանրամասնութիւններից կազմւած տեսքով, ինչը ենթադրում է միայն փակ շրջանակներում կատարւելիք լսումների եւ համապատասխան լուծումների գնալու ընթացակարգ, որտեղ հաշւի առնելով երեխաների անձնական տւեալների գաղտնիութեան անհրաժեշտութիւնը կարող էին երաշխաւորել գործի ընդունւած նորմաների էութիւնը: Արձանագրենք, որ այն խախտւեց հրապարակւած յօդւած-արձանագրութիւնում թոյլ տրւած բացթողման պատճառով, իհարկէ յարուցելով նաեւ նոյն դպրոցի ծնողների անհանգստութիւնն ու դժգոհանքը:
Առաջին իսկ հայեացքից նման ուսումնասիրութեան տեսքով արձանագրութիւնները, ինչ-որ տեղ, կարելի է համարել, որպէս՝ դրական քայլ, որոնք կրելով նաեւ դրական արդիւնքների հասնելու հիմնաղբիւրի դեր, կարող են օգտակար լինել դրանցից (ախտանիշերից) խուսափելու առումներով:
Սակայն, մեր այս խնդիրը մէկ այլ դիտակէտից՝ այնքան էլ օգտակար դերում չի երեւում: Այն առումներով, որ նման հետազօտութեան հրապարակումը, եթէ այն բարձրաձայնելու է յստակ հասցէատէր ունեցող հետազօտւողի տւեալների (արձանագրութիւնում դպրոցի անունը նշւած լինելու հաշւին) կամ նոյնիսկ որեւէ փորձագէտի հաստատմանն արժանացած ախտանիշի մասին տեղեկութիւններ:
Իրավիճակ, որտեղ հրապարակումները անմիջականօրէն առնչւում են՝ մարդուս անձեռնմխելի տարածք համարւող հասկացութեանը, այն էլ երեխաների, յատկապէս, եթէ պիտի կրեն նաեւ անձի առողջութեան հետ գործ ունեցող դետալներ:
Իսկ դրանք հրապարակելու դէպքում, այն էլ հասցէատիրոջ մասին որոշակի տւեալներով (թէկուզ մասամբ՝ դպրոցի անունը նշելով), առնւազն պէտք է համարել բացթողում, որը, գոնէ այս դէպքում, արձանագրութեան պատւիրատուի կողմից ուղղում տալուն կամ բացատրական գրութեանն է մնում դեռ կարօտ:
Միանգամից նշենք նաեւ, որ թէեւ հասկանալի է, որ մեր՝ ազգային բոլոր կենտրոններում, ինչպէս դպրոցների ծնողական խորհուրդների դէպքում է, աշխատանքը կատարւում է անձի կողմից սեփական ժամանակը նւիրաբերելու եւ նրա յանձնառու կեցւածքի հաշւին, այն էլ առանց աշխատավարձերի ու նպաստների (էլ չասենք մէկ-մէկ էլ սեփական գրպանից դուրս գրւած գումարների), բայց սրանից կարելի է հետեւութիւն անել, որ նման կառոյցներում ծաւալւող գործունէութիւնը, ինչ-որ չափով, կրում է սիրողական բնոյթ, որտեղ նաեւ բացթողումներից խուսափել չկայ:
Բայց, քանի որ խնդիրը կապւած է պատանի աշակերտուհիների մասին կատարւած հրապարակումներին, որտեղ նաեւ ծնողների հաստատակամ կարծիքով՝ խախտւել են որոշ նորմեր՝ առաջինը հէնց բուժարանի կազմած արձանագրութեան ձեւաչափի կտրւածքով, որում սկսած՝ սրտաբանական խնդիրներից, վերջացրած՝ իւրաքանչիւր աշակերտի հոգեբանական ու մտային կարողոթիւնների փայլով կամ մթագնմամբ կազմւած արձանագրութիւն կայ: Յօդւածս չի հետապնդում արձանագրութիւնը կազմողի գիտական կարողութիւնները հարցականի տակ առնելու, սակայն, արձանագրենք, որ դեռ չգիտենք այդ աստիճան բարձրորակ գիտնականի, որը կը տիրապետի արձանագրութիւնում մատնանշւած բժշկագիտական բոլոր բնագաւառներին:
Սա ինքնին մէկ այլ առիթով յարմար զրոյցի թեմա կարող է լինել:
Իսկ այժմ այն մասին, թէ ողջ երկրի կտրւածքով, այո՛ նոյնպէս կատարւում են հետազօտութիւններ եւ կազմւած ուսումնասիրութիւնների արդիւնքները ժամանակ առ ժամանակ նոյնպէս հրապարակւում եւ լայն լսարանին են տրամադրւում:
Սակայն փաստ է նաեւ այն հանգամանքը, որ նման հրապարակումները կատարւում են որեւէ շրջանի կրթական օջախները միասին վերցրած, այն էլ հրապարակւած արձանագրութիւններում առանց նշելու՝ որեւէ դպրոցի մասին առանձին տւեալներ:
Այսպիսով, ոչ միայն պահպանւելու է անչափահասի անձեռնմխելի տարածք հասկացութեան նորմերը, այլ, նաեւ, չի խախտւում դպրոցի հեղինակութիւնը կամ այդ մասին ձեւաւորւած պատկերացումները:
Փաստ, որը հաշւի չի առնւել «Թունեան»-ի մասին հրապարակւած արձանագրութիւնը հանրութեանը հասանելի դարձնելու պարագայում:
Երեւի աւելորդ կը լինի նշել, որ սրանով միտւած չենք կազմւած արձանագրութեան շիտակութիւնը կասկածի տակ առնելու: Այնպէս, որ կազմւած արձանագրութիւնը գուցէ համապատասխան փորձագէտի միջոցով հաստատւի կամ նոյնիսկ չհաստատւի:
Իսկ ակնարկս միայն ուղղւած է հրապարակման գործի ձեւաչափերի ինչպիսութեանը կամ այդ նկատմամբ գոյութիւն ունեցող անեփ մօտեցումներին, որն առաջինը տւեալ դպրոցի ծնողների, ուսուցիչների, եւ յատկապէս տնօրինութեան դժգոհանքի ալիքը բարձրացրեց:
Մեր կատարած ուսումնասիրութեան արդիւնքում պարզ դարձաւ, որ յօդւածի հրապարակման յաջորդ օրւանից իսկ ծնողներն իրենց դժգոհանքը փորձել են արտայայտել ընդունւած՝ քաղաքակիրթ ձեւերով: Նրանք նախ կապի մէջ են մտել Կրթական խորհրդի պատասխանատուների հետ, ապա հանդիպել՝ արձանագրութիւնն իր էջերով հրապարակած թերթիս խմբագրին: Եղել է հեռախօսազրոյց նաեւ ազգ. առաջնորդարանի հանրութեան հետ կապի պատասխանատուի եւ դպրոցի փոխտնօրէնի միջեւ:
Յաւելենք նաեւ, որ օրաթերթս իր առաքելութիւնն է համարում զբաղւել տւեալ ուղղութիւններով եւ լուսաբանելու՝ թիւրիմացութիւնների հիմքում ընկած աներեւոյթ դարձող պատճառները:
Եւ այսպէս՝ հաշւի առնելով ծնողների մօտ ծագած մտահոգութիւնները, յօդւածիս հեղինակը դիմելով նրանց՝ անմիջական զրոյցների միջոցով ծանօթացել է եղած արտայայտչաձեւին, որն ի դէպ, խօսում է վիրաւորւած լինելու սահմանների մասին, ինչպէս նաեւ ծանօթ է այն մտահոգութեանը, որը դոմինոյի տրամաբանութեամբ կարող է ազդել դպրոցի հեղինակութեան վրայ, կամ նոյնիսկ աշակերտութեան արտահոսքի ու քանակի հնարաւոր նւազման պատճառ դառնալ:
Խնդրի հասարակական կողմը նոյնպէս ոչ պակաս կարւոր է: Ծնողների միջոցով կատարւած մատնանշումները շօշափելի դարձան՝ Համադպրոցական խաղերի ընթացքում գրանցւած մի քանի անպարկեշտ դրւագներով: Որտեղ, երբ «Թունեանցիներն» էին դաշտ իջնում, նրանց հասցէին կատարւում էին անյարիր արտայայտութիւններ:
Ծնողներն իրենց տւած բացատրութիւնների ծալքերում երեւոյթը մատնանշեցին նաեւ արձանագրութիւնում տեղ գտած ամենակարճ տողի մեկնաբանութեամբ (մտային թեթեւ խանգարում եւ թուլամտութիւն ձեւակերպումների մասին է խօսքը), որն ի դէպ ամենախորն է ազդել բոլորի վրայ: Եւ այսպէս «համադպրոցական»-ին մասնակցած դպրոցներից ոմն աշակերտների խմբեր արդէն իսկ միանգամ ուրիշի իւղով տապակւած «Թունեանցիներին» յիշեցնելով այդ մի քանի կարճ տողերի մասին վիրաւորանքների խորը հետքեր դաջեցին երեխաների սրտին:
Մի խօսքով, թէկուզ իրենց տեսակով սակաւ, բայց գրանցւած հատուկենտ դէպքերից կարելի է հետեւութիւններ անել, որ նման թիւրիմացութիւններն ու դրանց մասին չարձագանգելը կարող է թեւ տալ աւելի ցաւալի հետեւանքների, որոնց թարմ օրինակները կարծես թէ այնքան էլ չուշացան:
Այն մասին, թէ այս կապակցութեամբ՝ ինչ կարծիքի են Կրթական խորհրդի պատասխանատուները, փորձ արւեց դիմելով նրանց՝ տեսնել խնդրի միւս երեսը եւս:
Սակայն լրագրողի սուբիեկտիւ կարծիքից խուսափելու համար յարմար նկատեցինք Կրթական խորհրդի կամ «հանրութեան հետ կապի» պատասխանելու առիթները վերապահել պատկան մարմիններին:
Յաւելենք նաեւ, որ մինչ այդ դիմել ենք նաեւ ազգային առաջնորդարանի հանրութեան հետ կապի պատասխանատուին, ով այս մասին նշումներ անելով յայտնեց, որ տւեալ նիւթը ճիշտ է՝ հրապարակւել է ազգ. առաջնորդարանի հանրային կապի ստորագրութեամբ, սակայն դպրոցի տնօրէնութեան հետ կապ հաստատելուց յետոյ նրանց արւել է այսպիսի մի առաջարկութիւն, որով նոյն հանրային կապը պատրաստ է յետգրութեամբ կիրառել համապատասխան ուղղում, որը լինելու է դպրոցի մօտեցումները արտացոլող նիւթի հիման վրայ, սակայն դա այդպէս էլ մնացել է անկատար, քանի որ «դպրոցը դեռ իր պատասխան գրութիւնը չի ուղարկել...»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։