Հա

Համայնք

06/04/2017 - 12:50

Ողջոյն քեզ աննման մայր

Հայ մայրը իր էութեամբ մի աշխարհ է, որտեղ կեանք կայ ու միա՛յն կեանք: Հայ մայրը իր աշխարհով ամրութեան ու զօրութեան պարիսպ է, ներշնչման աղբիւր է, հայրենիքի պաշտպանութեան արդար զինւորն է, մի խօսքով նա իր հոգեւոր աշխարհով անխորտակելի, անյաղթահարելի միջնաբերդ է:

Ապրիլ ամսւայ առաջին շաբաթը նւիրականացած ու սրբազան շաբաթ է, պարզապէս դրա համար, որ այդ շաբաթւայ ընթացքում, Աստւածային տնօրինումով, շնորհաբաշխ Ս. Հոգու զօրութեամբ, մի հրեշտակատիպ կոյս Աստծուց ստանում էր մայրանալու աւետիսը, աւետիս, որ մի պահ խռովեց հոգին անարատութեամբ ու սրբութեամբ իր կեանքը ապրած կոյսին, որ շուտով Տիրոջ մայրը լինելու մեծագոյն պատւին ու շնորհքին էր արժանանալու:

Այո՛, Ապրիլ 7-ն մեր եկեղեցու տօնացոյցում նշւած է իբրեւ տօն Աւետման Ս. Աստւածածնի. իսկ իրանահայ համայնքի կեանքում այն յատկանշւում է, որպէս հայ մօր տօն, այլ խօսքով Մայրերի օր, Մայրութեան տօն:

Աստւածածնայ Աւետման տօնը, տօնն է Մարիամի սրբացման, որովհետեւ Ս. Հոգին մաքրում է կոյսին մարմնական ամէն տեսակ կիրքերից եւ վերածում անարատ եւ անապական էակի, որ պիտի լինէր տաճար եւ բնակարան Բանին, մարդեղացեալ Աստծուն, արժանանալով մայրութեան գերագոյն պատւին, այլ խօսքով պիտի լինէր «Մայր եւ կոյս» եւ միաժամանակ «աղախին» Քրիստոսի:

Հայ եկեղեցու շարականագրի բառերով Ս. Կոյսը «Լոյսի սիւն է եւ հովանաւորող ամպ», որ հովանաւորում ու օրհնում է բոլոր նրանց, ովքեր իրենց աչքերը յառնում են նրան, հայցելով իր բարեխօսութիւնը իր միածին Որդու մօտ:

Աստւածամայրը իր կեանքով եւ կեանքից ճառագայթող հաւատքով, յոյսով, սիրով ու նւիրումով է եղել եւ է՛ ներշնչման աղբիւր մայրերի ընդհանրապէս եւ հայ մօր գլխաւորաբար: Հայ մայրը մեր ողջ պատմութեան ընթացքում եղել է ուսուցիչ հայ լեզւի, պահապան հայ հաւատքի, նախանձախնդիր ու քաջարի զինակիցը պատերազմի դաշտում կռւող իր որդու, ամուսնու ու եղբօր, իր կրծքի տակ աճեցրել ու իր շուրջը տարածել է սէրն ու նւիրումը իր հայրենի հողի, եղել է յոյս ու լոյս շրջապատում, այլ խօսքով նա եղել է կեանքի աղբիւր, ողջ էութեամբ պայքարելով խաւարի ու խաւարամիտների դէմ:

Հայ մայրը իր էութեամբ մի աշխարհ է, որտեղ կեանք կայ ու միա՛յն կեանք: Հայ մայրը իր աշխարհով ամրութեան ու զօրութեան պարիսպ է, ներշնչման աղբիւր է, հայրենիքի պաշտպանութեան արդար զինւորն է, մի խօսքով նա իր հոգեւոր աշխարհով անխորտակելի, անյաղթահարելի միջնաբերդ է:

Հայ մօր տօնի նախօրեակին, գրասեղանիս առաջ նստած ուզում եմ վերապրել խորհուրդը հայ մօր գաղափարական աշխարհի ու մտահորիզոնիս առաջ տողանցում են.

-Հայրենիքի քաջարի զինւոր հասցնող հայ մայրերը,

-Հայրենիքի պաշտպանութեան սրբազան պատերազմի նահատակւած հայ զինւորի վշտահալած եւ սակայն հպարտութեան զգացումով մխիթար հայ մայրերը,

-Իրենց ժողովրդի հոգեւոր եւ ազգային արժէքների պահպանման ի խնդիր իրենց կեանքը նշխարի վերածած հայ մայրերը,

-Իրենց ամուսնուն, բահի տեղ զէնք կրել ստիպող տառապահար հայ մայրերը, կանայք, որպէսզի հայրենիքը հեռու մնայ թշնամուց,

-Իրենց զաւակներին հայ դպրոց ու եկեղեցի տանող, առաջնորդող հայ մայրերը, որով նրանք վերածւելու են մի անխորտակ միջնաբերդի,

-Եկեղեցու նստարանների վրայ նստող եւ երկիւղածութեամբ արարողութեան հետեւող հայ մայրերը,

-Իրենց հայրենիքի պաշտպանութեան սիրոյն զէնք կրող հայ մայրերը:

Այո՛, տեսնում եմ ձեզ սիրելի մայրեր ու ակամայ աչքերս վեր եմ բարձրացնում ու աղօթում. «Ով Տէ՛ր, շնորհազարդիր հայ մայրը, որպէսզի նա հաւատարիմ իր կոչումին մայրական իր գորովագութ սիրով ջերմացնի սրտերը իր զաւակների, հայրենիքի իր որդիներին: Տէ՛ր եւ պաշտպան եղի՛ր հայ մօր, որպէսզի նա իր մայրական պայծառափայլութեամբ միշտ լուսաւոր ու ճառագայթարձակ հաւատքով զրահաւորի իր սէրն ու գուրգուրանքը վայելող իր որդիները»:

Հայ մօր տօնի առիթով օրհնում ու շնորհաւորում եմ քեզ ո՛վ աննման մայր, ո՛վ սուրբ մայր եւ ի սրտէ աղօթում եմ, որ Աստւածային օրհնութեամբ միշտ շողայ ու փայլի հայ մայրը, որտեղ էլ որ լինի նա, տնում թէ դպրոցում, եկեղեցում թէ պատերազմի դաշտում, միութիւնում թէ գնումներ անելիս, իր նորածին որդուն մեղմանուշ օրօր երգելիս թէ իր որդուն հայրենիքի պաշտպանութեան համար սահման ուղարկելիս, մի խօսքով իր ողջ կեանքով:

Տօնդ շնորհաւոր սիրելի ու թանկագին մայր:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
Առաջնորդ Թեհրանի հայոց թեմի

7 ապրիլի 2017
Թեհրան

Յարակից լուրեր

  • Սրբազան Հօր շնորհաւորանքը Նոռուզի առիթով
    Սրբազան Հօր շնորհաւորանքը Նոռուզի առիթով

    Շատ սիրելի հայրենակիցներ՝ քոյրեր, եղբայրներ

    Մօտալուտ Նոր տարւայ - Նոռուզի - տօնի առիթով սրտանց շնորհաւորում եմ ձեզ եւ մաղթում բոլորիդ Աստծու օրհնութիւններով լեցուն կեանք։

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Կիրակի, մարտի 17-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նորակառոյց շէնքի ներքնայարկի սրահի բացման արարողութեան յանձնախմբի անդամներին:

  • Հոգեհանգստեան արարողութիւն հանգուցեալ Տ. Մեսրոպ Բ պատրիարքի հոգու խաղաղութեան համար
    Հոգեհանգստեան արարողութիւն հանգուցեալ Տ. Մեսրոպ Բ պատրիարքի հոգու խաղաղութեան համար

    Կիրակի, 17 մարտ 2019-ի առաւօտեան, յընթացս ս. պատարագի, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց հանդիսաւոր հոգեհանգստեան յատուկ արարողութիւն նորոգ հանգուցեալ Կ. Պոլսոյ Ս. Աթոռի գահակալ Տ. Մեսրոպ Բ պատրիարք Մութաֆեանի հոգու խաղաղութեան համար։

  • Գիր դատապարտութեան եւ զօրակցութեան
    Գիր դատապարտութեան եւ զօրակցութեան

    Աշխարհի խաղաղասէր ու աստւածավախ ողջ մարդկութիւնը ցնցւեց ի լուր Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչական այն գործողութիւնները, որոնց զոհ գնացին ուրբաթօրեայ աղօթասաց աւելի քան 50 անմեղ հաւատացեալներ, որոնք իրենց մզկիթներում Աստծուն փառաբանելու ընթացքի մէջ էին։

  • Այցելութիւն Հայ ակումբ
    Այցելութիւն Հայ ակումբ

    Հինգշաբթի, 14 մարտ 2019 թ.-ի կէսօրին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ պրն. Ռոբերտ Բեգլարեանի եւ Հայ ակումբի վերականգնումի շտապի ատենապետ պրն. Նորայր Արամեանի այցելեց Հայ ակումբ վերահասու լինելու, մինչ այդ կատարւած աշխատանքներին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։