Հա

Համայնք

Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2017 14:50

Տարածաշրջանային իրադարձութիւնները՝ «Հայ Դատն այսօր»-ի ոսպնեակից

Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ, նոյեմբերի 16-ին եւ 17-ին Իրանի Հայ արհեստաւորների միութեան «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ «Հայ Դատն այսօր» 13-րդ խորհրդաժողովը, որը խորագրւած էր «Հայ Դատը տարածաշրջանային վերջին իրադարձութիւնների համատեքստում:

Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ, նոյեմբերի 16-ին եւ 17-ին Իրանի Հայ արհեստաւորների միութեան «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ «Հայ Դատն այսօր» 13-րդ խորհրդաժողովը, որը խորագրւած էր «Հայ Դատը տարածաշրջանային վերջին իրադարձութիւնների համատեքստում:

«Խորհրդաժողովի բացումը կատարեց Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսակ Իւնանէսեանը, որն էլ բեմ հրաւիրեց խորհրդաժողովի առաջին նախագահ «alikonline»-ի խմբագիր՝ Արամ Շահնազարեանին:

Արամ Շահնազարեանը նախ ներկայացրեց, թէ «Հայ Դատն այսօր» 13-րդ խորհրդաժողով համար ինչու է ընտրւել այս թեման եւ ինչ նպատակներ է հետապնդում խորհրդաժողովը, ապա ներկայացրեց խորհրդաժողովին հրաւիրւած հիւրերին՝ Հայաստանից, Արցախից, Լիբանանից, Իրաքից եւ Սիրիայից, իսկ յետոյ բեմ հրաւիրեց խորհրդաժողովի միւս նախագահներին՝ Վարուժ Յովհաննիսեանին եւ Դերենիկ Մելիքեանին:

Այնուհետեւ ամբիոն հրաւիրւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, որն իր ելոյթում նշեց. «Հայ Դատը հաւատքին համազօր իրականութիւն է: Այն վստահութիւն ներշնչող իրականութիւն է, որն մեզ մղում է մտորելու, ուստի պէտք է բոլորս աշխատենք՝ իմաստութեամբ եւ մեր ժողովրդի նպատակը իրականացնելու ուղղութեամբ»:

Սրբազան Հօր ելոյթից, յետոյ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ ՀՅԴ Բիրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերով գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը, որն իր ելոյթում ողջունելով խորհրդաժողովի կազմակերպումը յայտնեց. ««Հայ Դատն այսօր»-ը, արդէն 13 տարի է ինչ գումարւում է եւ իսկապէս մեծ դերակատարութիւն ունի մեր քաղաքական մտածողութեան զարգացման ուղում, որտեղ յաճախ է բարձրացւում օրակարգային թեմաներ եւ պատահական չէ որ հէնց Թեհրանի Հայ Դատի յանձնախումբն է կազմակերպում նման խոհրդաժողովները, քանի որ Իրանը աշխարհաքաղաքան առումով շատ մօտ է եւ Հայաստանին եւ Արցախին հետեւաբար լաւատեղեակ է տարածաշրջանային զարգացումներին»:

ՀՅԴ Բիւրոյի անդամն արտայայտւելիս նշեց, որ «Հայ Դատն այսօր»-ի բարձրաձայնած խնդիրները արդիական բնոյթ են կրում եւ այն ցուցաբերում է մեր ժողովրդի հարցերն ու խնդիրները հիմնականում հէնց՝ արդիական իմաստով:

Բանախօսը՝ համոզւած լինելով հայ ժողովրդի մօտ կազմաւորւած համընդհանուր գիտակցութեանը, որն է՝ միացեալ հայրենիքի գաղափարը նշեց. «Հայ Դատը ոչ թէ լուծւելու հարց է, այլ, լուծւում է, քանի որ միացեալ հայրենիքի մէկ մասնիկը, որն է՝ Արցախը արդէն միացել է Հայաստանին, հետեւաբար մեզ մնում է լուծել Արեւմտեան Հայաստանի հարցը, որը պէտք է պահանջել Թուրքիայից»:

Կիրօ Մանոյեանի ելոյթին յաջորդեց Թեհրանի Հայ Դատի յանձանխմբի նախագահ Իսակ Իւնանէսեանի զեկոյցը, որի ընթացքում նա ներկայացրեց վերջին 2 տարիների ընթացքում յանձնախմբի ծաւալած գործունէութիւնն ու կատարած աշխատանքները:

Զեկուցաբերների թւում էր նաեւ Լիբանանի Հայ Դատի յանձնախմբի անդամ Պետօ Դեմիրճեանը, որը տարիներ շարունակ աշխատանք էր ծաւալել Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի գրասենեակում:

Պետօ Դեմիրճեանն անդրադառնալով Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբերի ծաւալուն աշխատանքներին, որոնք գործում են Եւրոպայի տարբեր քաղաքներում յատկանշեց եւրոպայում Արցախի ճանաչման գործում ունեցած ուղղւածութիւնը, որն իրականացւում է տարբեր քարոզչական աշխատանքներով: Նա իր ելոյթում նշեց. «Այս տարի յաջողւեց կազմել խորհրդարանականների խմբեր, որոնք Արցախի հետ կը սկսեն համագործակցել, ինչն էլ կը նպաստի Արցախի ճանաչմանը»:

Հայ Դատի կենտրոնական գրասենեակի աշխատանքների զեկոյցը ներկայացրեց Կիրօ Մանոյեանը, որը համապարփակ ներկայացրեց Հայ Դատի կենտրոնական յանձնախմբի գործունէութիւնը:

Լայնածաւալ գործունէութեան զեկոյցը ներկայացնելիս նա նշեց. «Հայ Դատի կենտրոնական յանձնախումբն իր ծաւալուն աշխատանքներում օժանդակում է Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող օրէնսդրական ակտերի ստեղծմանը տեղական, ֆեդերալ եւ միջազգային մակարդակներով, ուշադրութիւն հրաւիրում հայ ժողովրդի ինքնորոշման իրաւունքի խախտմանը»:

Մանոյեանը անդրադառնալով Հայ Դատի 100-ամեակից յետոյ առկայ մարտահրաւէրներին եւ հեռանկարին ընդգծեց այն փաստը, որ Հայ Դատն արդէն անցել է մի այլ փուլ որտեղ ճանաչումից բացի՝ օրակարգում առկայ է «հատուցման» հարցը, որի համոզմամբ, հէնց դրա ուղղւածութեամբ էլ աշխատում է յանձնախմբի կողմից ԱՄՆ-ում կեանքի կոչւած «Հայկական իրաւական» կենտրոնը:

Ըստ Կիրօ Մանոյեանի. «Կենտրոնն ազգային եւ միջազգային ատեանների ու հարթակների միջոցով փորձում է հասնել Հայոց Ցեղասպանութեան խնդրի արդարացի լուծմանը եւ պաշտպանել Արցախի անկախութեան իրաւունքը: Այն գտնւում է Վաշինգտոնում, եւ աշխատում է միջազգային ասպարէզում` ուշադրութիւնը սեւեռելով հատուցման հասնելու համար բոլոր հնարաւորութիւններին: Կենտրոնի վարչութեանն անդամակցում են թէ՛ Հայաստանից եւ թէ՛ սփիւռքահայ համայնքներից»:

Հայ Դատի եւ հայոց պահանջատիրութեան այժմեան փուլի քննարկումների մաս էր կազմում Կիրօ Մանոյեանի եւ Հենրիկ Խալոյեանի ելոյթները:

Հենրիկ Խալոյեանի համոզմամբ. «Հայ ժողովրդի արդարացի դատի մի մասնիկը արդէն իրականացւել է: Սակայն, այսօր, մեր երիտասարդութեան մօտ առկայ է անորոշութիւն»:

Նա իր ելոյթում մէջբերեց Կոստան Զարեանի խօսքը. «Երբ ազգերը խեղճանում են եւ պատմական կարեւորութիւնից զրկւում նրանց արհամարհում են եւ կողոպտում»:

Հենրիկ Խալոյեանը կարեւորելով ազգային ռազմավարական ծրագրերը յայտնեց. «Չեմ կարող ազգային ռազմավարութիւնը տարանջատել Դաշնակցութեան գաղափարից, այն պէտք է ընդգրկի եւ համադրի հայ ազգային քաղաքական ընկերային հասարակական եւ մշակութային արժէքներ, նպատակներ, եւ գործունէութիւնը դառնայ ի խնդիր հայրենիքի ամրապնդման եւ ազգի ինքնահաստատման, այն պէտք է տարբերւի Հայաստանի պետական քաղաքականութիւնից եւ իր մէջ պարունակի նաեւ համազգային նպատակներ»:

Ըստ Խալոյեանի հատուցման մէջ պէտք է կիրառել 5 կարեւոր գործօն որոնք են՝ պատիժը, ճանաչում եւ յիշատակումը, ոճրագործ կառավարութեան գործընթացը, որն պէտք է ցուցաբերի աջակցութիւն հայերին եւ Հայաստանին, Թուրքիայի առողջացումը եւ գոյքի վերադարձը, որում ընդգրկւած է մահւան դիմաց փոխհատուցումը:

Հենրիկ Խալոյեանի զեկոյցին յաջորդեց նոյն թեմայով Կիրօ Մանոյեանի զեկոյցը, որում նա կենտրոնանալով Հայ Դատի՝ Թուրքիայից ունեցած պահանջներին ասաց. «Ըստ արւած ուսումնասիրութիւնների, ցեղասպանութիւնները կատարւում են մի պետութեան կողմից հէնց իր քաղաքացիների նկատմամբ, եւ դրա փոխհատուցումը չի սահմանւած միայն տարածքներով, սակայն մեր հողերի վերադարձն ամրագրւած է, որպէսզի ցեղասպանութեան հետեւանքները վերածւեն»:

Կիրօ Մանոյեանը իր ելոյթում անդրադարձաւ Սեւրի պայմանագրին, Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճռի կարեւորութեանը, ճանապարհային քարտէզ ունենալու անհրաժեշտութեանը եւ հայ-թուրքական արձանագրութիւններին:

Յատկանշական է, որ իւրաքանչիւր զեկուցաբերի ելոյթից յետոյ լսարանին հարցումների եւ տեսակէտների արտայայտման առիթ էր տրւում, որոնց արդիւնքում ընթանում էր բուռն քննարկումներ:

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատուն պատասխանելով Սեւրի պայմանագրի իրաւական կարեւորութեան մասին հարցին յայտնեց որ, այն ունի քաղաքական եւ ոչ թէ իրաւական արժէք:

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Կարէն Խանլարեանի ելոյթը վերաբերում էր գերտէրութիւնների եւ տարածաշրջանային խաղացողների դերակատարութեանը Մերձաւոր Արեւելքի աշխարհաքաղաքական հեռանկարում թեմային:

Կարէն Խանլարեանը կիսելով Կիրօ Մանոյեանի արտայայտած մտքերը, այնուամենայնիւ նշեց. «1919 թւականին տեղի ունեցած փարիզեան խորհրդաժողովի ժամանակ հայկական պատւիրակութեան մօտ գոյութիւն ունէր մէկ հարց, որն էր՝ Հայաստանի Հանրապետութեան ազատագրումը, քանի որ մինչեւ այդ մարդկութեան դէմ ոճրագործութիւնները եւ կոտորածը մեր խնդիրը չէր եւ մեր օրակարգում կար պատմական հայրենիքի ազատագրումը»:

Ինչ վերաբերւում է Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճիռին դոկտ. Խանլարեանը նշեց որ, այն նոյնպէս ցեղասպանութեան հետքերը մեղմացնելու համար չէր, այլ, պատկերացնում էր այնպիսի սահմաններ եւ տարածք, որը ռազմական եւ ռազմավարական առումով ապահովում էր մի քանի տարիների ապահով կեանք Հայաստանի համար:

Կարէն Խանլարեանն անդրադառնալով մարդկութեան դէմ իրականացւած ոճրագործութիւնների փոխհատուցման միջոցներին յայտնեց. «Հողային փոխհատուցումը ցեղասպանութեան հետքերը, ընդորում մարդու դէմ` իրականացրած ոճրագործութիւնների փոխհատուցման համար չէ, այլ, հողային պահանջատիրութիւնը, պատմական հայրենիքի ազատագրումը, հայ ժողովրդի պահանջն է Թուրքիայից»:

Նա իր ելոյթը եզրափակեց հետեւեալ մտքով. «Ցեղասպանութեան հատուցումը կորցրել է իր անկիւնաքարը, որն է՝ հողային պահանջատիրութիւնը. Չսխալւե՛նք, Թուրքիայի ճանաչումով մենք աւտոմատ կերպով չենք անցնի հողային պահանջատիրութեանը»:

Զեկուցաբերերի թւում էր նաեւ ԵՊՀ միջազգային յարաբերութիւնների եւ դիւանագիտութեան ամբիոնի վարիչ, ԵՊՀ հայ-քրդական առնչութիւնների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսեանը նա վերլուծելով տարածաշրջանային զարգացումները նշեց. «Իրաքեան Քուրդիստանի անկախացումը ինչ-որ տեղ կարող է Թուրքիայի համար դրական իրողութիւն լինել»: Փորձագէտը մանսաւորեց. «Իրաքեան Քուրդիստանը կարող է դառնալ անվտանգութեան բուֆեր անհանգիստ արաբական շրջանի ու Թուրքիայի միջեւ: Դրանից բացի, նաւթային եւ գազային ռեսուրսների տիրապետող Քրդստանը Թուրքիան կը վերածի էլ աւելի մեծ էներգակիրների խաչմերուկի, որովհետեւ արտահանման այլ ճանապարհ չի ունենայ, եթէ Իրանը չմեղմացնի իր դիրքորոշումը»:

Ինչ վերաբերում է Իրաքեան Քուրդիստանի անկախացմանը հայկական տեսանկիւնից, ապա Վահրամ Պետրոսեանը նշեց, որ հանրաքւէի անցկացումը եւս մէկ անգամ, ընդգծում է ազգերի՝ ինքնորոշման գործօնը: Դրանից բացի, Իրաքեան Քուրդիստանը լինելու է Թուրքիայի ուշադրութիւնը դէպի՝ հարաւ շեղող գործօն:

Գերտէրութիւնների եւ տարածաշրջանային խաղացողների դերակատարութեանը Մերձաւոր Արեւելքի աշխարհաքաղաքական հեռանկարի համատեսքի առաջին բաժնում քննարկւեց Թուրքիայի դերը եւ ներկայ աշխարհաքաղաքային կարգավիճակը, որտեղ ելոյթ ունեցաւ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի փոխնախագահ Գրիգոր Ղազարեանը: Նա անդրադառնալով 2023-ի Թուրքիայի Հանրապետութեան 100-ամեակին ասաց. «100-ամեայ Հանրապետութեան շեմին կանգնած իշխանութեան տեսլականն է զարգացումը, որում կը փորձեն էլ աւելի զարգացնել ե՛ւ տարածաշրջանային ազդեցութիւնը ե՛ւ տնտեսութիւնը»:

Այնուհետեւ հարթակ հրաւիրւեց «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկեանը: Նա հաստատելով՝ Թուրքիայի քաղաքական տեսլականը, որը ներկայացւած էր Գրիգոր Ղազարեանի ելոյթում համոզմունք յայտնեց, որ այն տարիների ընթացքում ձեւաւորւած քաղաքականութիւն է, սակայն Դաւութօղլուի` «0 խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականութիւնը որդեգրած Թուրքիան շատ հեռու է կանգնած իր արտաքին քաղաքականութեան համար ուրւագծած հեռանկարի իրականութիւնից, որի մեղաւորը հէնց ինքն է՝ Թուրքիան:

Նա նշեց, որ Թուրքիան հիմա ծանր վիճակում է գտնւում երկրի ղեկավարութեան վարած արկածախնդիր քաղաքականութեան պատճառով: Որպէս օրինակ նա նշեց ԴԱԷՇ-ին՝ Թուրքիայի կողմից ցուցաբերւած աջակցութիւնը, որի մասին վկայեց ողջ աշխարհը:

Էստուկեանը անդրադառնալով թուրք հասարակութեանն յուզող հիմնահարցերին ընդգծեց՝ գործազրկութիւնը, արտագաղթը, թոշակառուների հարցերը, եւ նշեց, որ քաղաքական անորոշութիւնը ստւեր է գցել Թուրքիայի վրայ:

Ըստ նրա՝ թուրքահայ համայնքում, ինչպէս եւ ամբողջ Թուրքիայում այսօր մեծագոյն խնդիրը արտագաղթի ձգտումն է. «Շատերն են ցանկանում գաղթել, եւ դա, իհարկէ, մեզ համար մտահոգութիւն է, «one way ticket»-ները օրէցօր աւելի են շատանում»,- ասաց նա:

Բագրատ Էստուկեանը նշեց, որ Թուրքիային անհրաժեշտ է ժողովրդավարական սկզբունքներով պետութեան ձեւաւորումը՝ յաւելելով. «Մարդասպանութեան, խաբկանութեան, եւ ստի վրայ 1923-ին թուրք պետութեան հիմնումը սխալ էր, հետեւաբար թող չգայ ոչ մի 2023 քանի որ, ոճրագործ սիւներ ունեցած երկիրը, պէտք է քանդւի՝ ի շահ իր ժողովրդի բարորութեանը»:

Զեկուցաբերների թւում էր, նաեւ Արցախի Հանրապետութեան ԱԺ նախագահի տեղակալ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Վահրամ Բալայեանը, որը լայնածաւալ բացատրութիւններ տւեց Արցախի ներկայ քաղաքակական եւ հասարակական իրավիճակի, Արցախի ճանաչմանը նպաստող աշխատանքների, պատերազմի հաւանականութեան եւ ապագայ հեռանկարների մասին:

Համաձայն Բալայեանի անհրաժեշտ է, որպէսզի Հայաստանի Հանրապետութիւնը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը տնտեսապէս ամրապնդւեն, ժողովուրդը լիայոյս, ամուր ոտքերով կանգնած լինի իր հողին։ Նա յայտնեց. «Հանրապետութիւնը գոյութիւն ունի, այսօր այն կերտւում է թէ՛ քաղաքական, թէ՛ տնտեսական, թէ՛ մշակութային առումով, եւ Ղարաբաղի ժողովուրդը լիայոյս է, որ միջազգային հանրութիւնն ըմբռնումով կը մօտենայ Արցախի ճանաչմանը»: ԼՂՀ ԱԺ փոխնախագահը պարզաբանեց. «Այսօր մեզ համար կարեւոր է, որպէսզի միջազգային հանրութիւնը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը, որովհետեւ մեծ ցանկութիւն ունենք ինտեգրւելու համաշխարհային հանրութեանը»։

«Հայաստանը բեւեռների միջեւ ԵՄ թէ՞ ԵԱՏՄ»  թեմային անդրադարձաւ քաղաքագէտ, «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցութեան վերլուծման կենտրոն»-ի ղեկավար Ստեփան Գրիգորեանը:

Ստեփան Գրիգորեանը դահլիճի ուշադրութիւնն հրաւիրեց օրակարգի տնտեսական մասին, քանի որ ԵԱՏՄ-ն ի սկզբանէ ներկայացւում էր իբրեւ տնտեսական կառոյց: Ըստ Գրիգորեանի. «2016 թւականին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումները կազմել են 20 տոկոս: Արտահանումների 80 տոկոսից աւելին բաժին է ընկնում եւրոպական պետութիւններին, ապա Չինաստան, Վրաստան, Իրան եւ այլն»: Այս թւերն, ըստ նրա՝ ուղղակի ապացոյց են հասարակական այն տրամադրութիւնների, որ Հայաստանի անդամակցութիւնը ԵԱՏՄ-ին, մեզ ոչինչ չի տւել:

Վերջինս յիշեցրեց, որ ԵԱՏՄ կողմնակիցները հաւաստիացնում էին, որ միութեանն անդամակցելը շահաւէտ է ՀՀ-ի համար, որ Եւրասիական տարածքը մեզ ծանօթ է, բիզնեսի համար բարդութիւն չի առաջացնի, դրական միջավայր է, չկայ լեզւի խնդիր, հայկական ապրանքները մրցակից կը լինեն ԵԱՏՄ-ում եւ ամենակարեւորը՝ ասում էին, որ միութեանն անդամակցութիւնը լուծում է մեր անվտանգութեան խնդիրը:

Բայց ժամանակն, ըստ վերլուծաբանի՝ ցոյց տւեց, որ բացի բացասականից ԵԱՏՄ-ն Հայաստանին տւեց գրեթէ ոչինչ:

«Մենք, սակայն, ասում էինք, որ մենք չունենք ցամաքային սահման ԵԱՏՄ անդամ որեւէ պետութեան հետ, իսկ սա արդէն սահմանափակում է, դու չես կարող հեշտ հատել այդ երկրների սահմանը: Մարդիկ չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքը Ռուսաստան, որովհետեւ ցամաքային միակ սահմանը՝ Վրաստանով՝ Վերին Լարսը, տարւայ կէսը փակ է, այնտեղ մարդկանցից գումար են շորթում»,- ասաց Գրիգորեանը:

Յատկանշական է որ, փորձագէտների ունեցած ելոյթների ժամանակ քննարկումներ էր ընթանում շօշափւող թեմաների շուրջ, ինչն էլ ձեւաւորում էր՝ սոցիալ-քաղաքական զարգացած համընդհանուր միտք, ինչպէս նաեւ քաղաքական տարբեր բեւեռներ, ինչն էլ անհրաժեշտ էր խորհրդաժողովի արդիւնաւորման համար:

Ստեփան Գրիգորեանի ելոյթի ժամանակ էլ հնչեցին ե՛ւ թեր ե՛ւ դէմ տեսակէտներ: Մասնաւորապէս լսարանի հնչեցրած դէմ կարծիքներից էր այն համոզումը, որ ՀՀ-ն անդամակցելով ԵՄ-ին էական վնաս կը պաճառի ե՛ւ ազգային անվտանգութեանը ե՛ւ տնտեսութեանը:

Հնչած կարծիքի շուրջ քաղաքագէտը զգուշացրեց, որ կապելով ՀՀ տնտեսութիւնը Ռուսաստանի հետ, որը պատժամիջոցների տակ է եւ ճգնաժամ է ապրում, բացասական հետեւանքներ կունենայ Հայաստանի վրայ:

Համաձայն փորձագէտի՝ այսօր Հայաստանին պէտք են այլընտրանքներ: ԵԱՏՄ-ն թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին ինտեգրացիոն գործընթացների, եւ թէ տնտեսական հզօրութեան տեսանկիւնից թերի կառոյց է՝ մշուշոտ հեռանկարով, հիմնականում կենտրոնացած Միջին Ասիայի, Արեւելքի եւ հեռաւոր Արեւելքի ոչ այնքան զարգացած երկրների հետ համագործակցութեան հեռանկարի վրայ:

Խոհրդաժողովին զեկոյցներով հանդէս եկաւ նաեւ Լիբանանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ, «Ազդակ» օրաթերթի միջազգային լուրերի խմբագիր Վահրամ Էմմիեանը, որն անդրադարձաւ Լիբանանի վերջին զարգացումներին՝ մատնանշեց դրանց ազդեցութիւնը տարածաշրջանային յարաբերութիւններում:

Վերջում, առիթ տրւեց Սիրիայի եւ Իրաքի ներկայացուցիչներ՝ Սեւակ Կիւլպանոսեանին եւ Բարսայի Հայ Դատի գրասենեակի անդամ Խաժակ Վարդանեանին ներկայացնելու երկու համայնքների ներկայ իրավիճակը:

Եւ այդպէս ձեւաւորւում եւ զարգանում է 21-րդ դարի հայ քաղաքական իր կից քաղաքագիտա-մեկնաբանական աքսեսուարներով: Ըստ իս՝ քաղաքական իարադարձութիւնների հետ կապւած հասարակութեան մօտ նկատւող անորոշութիւնն ու որոշակի անվստահութիւնը յաճախ պայմանաւորւած է քաղաքական թոյլ մշակոյթով եւ անտեղեկացւածութիւնով: Արդիւնքում, այն ինչը, որ անսովոր ու անհասկանալի է թւում հասարակութեան մօտ առաջացնում է դժգոհութիւն եւ բացասական էմոցիաներ: Նմանատիպ խորհրդաժողովները կոչւած են հասարակութեան մօտ ապահովելու քաղաքական մտքի ձեւաւորումն ու զարգացումը՝ ընկալելի դարձնելով տարածաշրջանային հիմնահարցերը:

Ռեպորտաժը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

«alikonline.ir»

 

Յ.Գ.- Խորհրդաժողովին հետեւած «Անկախ Քուրդիստանը, տարածաշրջանային քարտէզի փոփոխութիւնը եւ դրանց ազդեցութիւնը Հայ Դատի հոլովոյթի վրայ» «Talk show»-ի մասին պատմող ամբողջական ռեպորտաժը կը ներկայացնենք վաղը՝ նոյեմբերի 22-ին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։