Հա

Համայնք

04/12/2017 - 10:24

Հայոց Եկեղեցու հիմնադիր առաքեալների տօնը Թեհրանում

Ամէն տարի Հայոց Եկեղեցին յատուկ հանդիսաւորութեամբ նշում է իր հիմնադիր առաքեալների Ս. Թադէոսի եւ Ս. Բարթողիմէոսի տօնը, պանծացնելով նրանց յիշատակը եւ եկեղեցու հաւատացեալների գիտակցութեան մէջ վերակենդանացնում նրանց առաքելութեան եւ նահատակութեան խորհուրդը։ 

«alikonline.ir» - Ամէն տարի Հայոց Եկեղեցին յատուկ հանդիսաւորութեամբ նշում է իր հիմնադիր առաքեալների Ս. Թադէոսի եւ Ս. Բարթողիմէոսի տօնը, պանծացնելով նրանց յիշատակը եւ եկեղեցու հաւատացեալների գիտակցութեան մէջ վերակենդանացնում նրանց առաքելութեան եւ նահատակութեան խորհուրդը։ Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Արդարեւ ուրբաթ, 1 դեկտեմբեր 2017-ին Ս. Թադէոս եւ Ս. Բարթողիմէոս մատուռում տեղի ունեցաւ եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ, որը  մատոյց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան։ Խորանի վրայ պատարագիչ Սրբազան Հօր սպասարկում էին արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանն ու բարեշնորհ Անի Քրիստի սարկաւագուհի Մանւէլեանն ու բարեշնորհ Մայիս սարկաւագ Մատթէոսեանը։ Ս. պատարագի երգեցողութիւնը կատարեց Ս. Գէորգ եկեղեցու երգեցիկ խումբը ղեկավարութեամբ օրդ. Օդէթ Մուրադեանի։ Մեծ թւով հաւատացեալ ուխտաւորներ ներկայ գտնւեցին ս. պատարագին։

Պատարագիչ Սրբազան Հայրը իր քարոզի սկիզբը ողջունեց ներկայ ուխտաւոր ժողովրդին եւ մեծապէս գնահատեց իրենց խուռներամ մասնակցութիւնը ս. պատարագին, այնուհետ Սրբազան Հայրը անդրադարձաւ Քրիստոսի առաքեալների անշահախնդիր  եւ նւիրեալ աւետարանչական գործին, որի  արդիւնքում քրիստոնէութիւնը Պաղեստինի սահմաններից դուրս գալով հասաւ մինչեւ Փոքր Ասիա, հեռաւոր Հնդկաստան եւ միւս կողմից մինչեւ Եւրոպա ու Հայաստան։ Հայաստանում քրիստոնէական լոյսը քարոզողները եղան Ս. Թադէոս եւ Ս. Բարթողիմէոս առաքեալները։ Նրանք լցւած աւետարանչական սիրով ու Քրիստոսի յարութեան հաւատքով անվախօրէն քարոզեցին Յարուցեալ Փրկիչը արհամարհելով ամէն տեսակ դժւարութիւն, հալածանք ու չարչարանք։

Օրւայ հայոց Սանատրուկ թագաւորը ի տես իր դստեր Սանդուխտի եւ քրոջ  Ոգուհու քրիստոնէացման, կատաղած նախ փորձեց տարհամոզել նրանց, սակայն երկուքն էլ անդրդւելի մնացին, նախընտրեցին նահատակութիւնը քան ետ դարձը դէպի հեթանոսական կրօնը։ Թագաւորը ճարահատեալ թելադրում է մահւամբ պատժել իր դստեր եւ քրոջ եւ երկու առաքեալներին։ Թագաւորը չէր կարող պատկերացնել, որ առաքեալների եւ իր հարազատների նահատակութիւնը կարող էր պատճառ դառնալ հարիւրաւոր  եւ հազարաւոր հաւատացեալների քրիստոնէացման։ «Իրենց նահատակութեամբ թափւած արիւնը եղաւ սերմը եկեղեցու, ասաց քարոզիչ Սրբազան Հայրը եւ այդ սերմը ծլեց, ծլարձակւեց ու հայոց բերքառատ հողում տւեց մէկի  տեղ հարիւր, վաթսուն եւ երեսուն»։ Իր քարոզի մի այլ մասում Սրբազան Հայրը շեշտելով մեր եկեղեցու առաքելութիւնը, ասաց. «Մեր եկեղեցու առաքելականութիւնը մեր առաքելութիւնն է, այսինքն պահպանումն ու ինչու չէ տարածումը քրիստոնէական մեր հաւատքին»։

Պատարագի աւարտին տեղի ունեցաւ ջրի օրհնութիւն Աջովն Ս. Գէորգ Զօրավարին։

Յարակից լուրեր

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Երեքշաբթի, թւականիս հոկտեմբերի 16-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Հայ կին» միութեան կից աշխատող «Անի» միութեան Վարչութեան անդամներին:

  • Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչների այցը Ազգային առաջնորդարան
    Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչների այցը Ազգային առաջնորդարան

    Երեքշաբթի, հոկտեմբերի 16-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընդունեց ԻԻՀ-ում հաւատարմագրով Լեհաստանի դեսպանատան հաւատարմատար՝ Մարթինա Քաչուբէքին եւ դեսպանատան առաջին քարտուղար՝ Վոյչեխ Ունոլթին:

  • «Հայ գրքի» ցուցահանդէս
    «Հայ գրքի» ցուցահանդէս

    Ուրբաթ, հոկտեմբերի 12-ի երեկոյեան, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու շրջափակում, հովանաւորութեամբ եւ գլխաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Թ.Հ. թեմի Կրօնական խորհրդի Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի մեկնարկւեց «Հայ գրքի» 16-րդ ցուցահանդէսը։

  • Մշակոյթի օրը եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանկոչութեան տօնը
    Մշակոյթի օրը եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանկոչութեան տօնը

    Շաբաթ, 13 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ, որը մատուցեց թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, որուն խորանի վրայ սպասարկում էին արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանն ու արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը։

  • Հայ Ուսուցիչների միութեան Վարչութեան անդամները այցելեցին Ազգային առաջնորդարան
    Հայ Ուսուցիչների միութեան Վարչութեան անդամները այցելեցին Ազգային առաջնորդարան

    Երեքշաբթի, թւականիս հոկտեմբերի 9-ի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Ուսուցիչների միութեան Վարչութեան անդամներին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։