Հա

Համայնք

22/05/2018

Թէժ, բայցեւ՝ կառուցողական հանդիպում

Երկուշաբթի, մայիսի 21-ի առաւօտեան, հայոց ազգային «Ռոստոմ» դպրոցի ծնողներն ու ծնողական խորհրդի անդամները, Աշակերտական խորհրդի ներկայացուցիչների ընկերակցութեամբ բողոքի հաւաք կազմակերպելով՝ ներկայացել էին ազգային առաջնորդարանի բակում:

«ԱԼԻՔ» - Երկուշաբթի, մայիսի 21-ի առաւօտեան, հայոց ազգային «Ռոստոմ» դպրոցի ծնողներն ու ծնողական խորհրդի անդամները, Աշակերտական խորհրդի ներկայացուցիչների ընկերակցութեամբ բողոքի հաւաք կազմակերպելով՝ ներկայացել էին ազգային առաջնորդարանի բակում:

Ծնողներն այսպիսով փորձում էին բողոքարկելով Պատգամաւորական ժողովի որոշումը (կապւած դպրոցը փակելու մասին տարածած յայտարարութեանը), պարզաբանում պահանջել ազգային իշխանութեան պատասխանատուներից:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը ծնողներին առաջնորդարանի ժողովարան հրաւիրեց, որտեղ սպասւում էր թէժ քննարկում-հանդիպում: Լսարանում ծնողներին դիմաւորեցին Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ Ժոզէֆ Մեհրաբեանը, Կրթական խորհրդի ատենապետը, ինչպէս նաեւ Թեմական խորհրդի ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում աշակերտները ձեռքերում պարզած պահում էին «Մենք պահանջում ենք «Ռոստոմ» դպրոցը» գրութեամբ պաստառը:

Ծնողների ելոյթները չսահմանափակւեցին միայն Կենտրոն քաղաքամասում միակ ազգային դպրոցը փակելու որոշմանը: Նրանց կարծիքով «Ռոստոմ»-ը չի կարելի տեսնել միայն որպէս՝ կրթօջախ, այլ այն համայնքային առումով համարւում է քաղաքամասը միաւորելու նշանակութեամբ մշակութային կենտրոն:

Ելոյթներ ունեցան նաեւ ներկայ աշակերտները. աշակերտների կողքին ներկայ էին նաեւ հայոց լեզւի ուսուցչուհին ու դպրոցի փոխտնօրէնը:

Թեմական խորհրդի ատենապետի պատասխան ելոյթն ուղղւած էր հիմնահարցին լուծումներ առաջարկելու մեխանիզմներին, որտեղ նա փորձեց տրամաբանել ե՛ւ բիւջետային, ե՛ւ նւազագոյնի հասած աշակերտութեան քանակի հարցը: Ռոբերտ Բեգլարեանի կարծիքով սրանք միմեանց լրացնող յատկանիշ լինելուց բացի, պէտք է նաեւ ընդունելի լինեն երկրի Կրթադաստիարակչութեան նախարարութեան կողմից սահմանւած նւազագոյն շեմին:

Անկախ հարցերին տրւող պատասխաններից, ծնողների կողմից շարունակւում էր նախորդ հարցերը հնչեցւել, սակայն այս անգամ շատ աւելի թէժացւած ու դժգոհ:

Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ Ժոզէֆ Մեհրաբեանն իր հերթին նշեց, որ ՊԺ-ի ընդունած որոշումը կատարւած երկարատեւ քննարկումների ու ուսումնասիրութիւնների արդիւնք էր, որտեղ նոյնիսկ հաշւառւած են նախակրթարան օղակից տարրական փոխադրւող աշակերտների վիճակագրութիւնն ու դպրոցներում նրանց տեղաբաշխումը:

Նա կարեւորեց այն փաստը, որ «Ռոստոմ» դպրոցի կազմւած 6 դասարաններից երկուսը ունեցել է 7-ից պակաս աշակերտ, իսկ այս տարի արդէն իսկ առաջին դասարանի հարցն էր մնում անորոշ: Նա իր խօսքն հիմնաւորեց նախակրթարաններում սովորող աշակերտների թւային պատկերով:

ՊԺ-ի ատենապետը նաեւ շեշտեց, որ Պատգամաւորական ժողովի որոշումները բխում են համայնքի ընդհանուր կարողութիւններից եւ վիճակագրական տւեալների հետ համապատասխանեցւած՝ թւային պատկերներից, որոնք հարկադրում են, որպէսզի բոլոր կառոյցները մեր իրականութեանը համապատասխանեցնել:

Նա նշեց, որ տւեալները ստիպում են մտածելու այն մասին, որ աշակերտների թւային պատկերի նւազման հետ ինչ քայլեր կարելի է ձեռնարկել՝ չարեաց փոքրագոյնի հասնելու համար:

Այդ կապակցութեամբ, նա մէջբերելով՝ ակնարկեց նոյն քաղաքամասում գործող «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզի սաների քանակի մասին, որոնց ստւար մասն արդէն իսկ արձանագրութեան համար չեն փորձել դիմելու «Ռոստոմ» դպրոցի առաջին դասարան:

Նա այսպիսով նշեց, որ եթէ նոյն ձեւաչափով փորձ արւի «Սասուն» կամ «Ահարոնեան» մանկապարտէզներից երեխաներին իրենց քաղաքամասից դուրս գտնւող դպրոց տեղափոխել, ապա մէկ այլ դպրոցը պահելու հաշւին փակման վտանգի առջեւ ենք կանգնեցնելու -երեւի- «Շանթ»-ը կամ «Նայիրի»-ն:

Նիստի ընթացքում ելոյթ ունեցաւ նաեւ Կրթական խորհրդի ատենապետ Անետ Բաղդասարեանը, ով փորձեց պատասխանել դպրոցի կրթական մակարդակը շօշափող հարցերին: Նա նաեւ նշեց, որ կրթամակարդակի բարձրացումն ամէն ինչով կախում ունի աշակերտութեան քանակի հետ, քանի որ համապատասխան նախարարութիւնը իր լաւագոյն ուսուցիչներին տրամադրում է, իրենց (նախարարութեան) շեշտմամբ՝ մեծաքանակ աշակերտներ ունեցող դասարաններին ու դպրոցներին:

Աշակերտների թւի մասին ծնողների բարձրացրած հարցադրումները շարունակում էին մնալ արծարծւած թեմաների առանցքում: Ծնողները դժգոհում էին, որ նոյնիսկ այս դէպքում, եթէ գործի անցնեն ու նոր աշակերտներ ընդգրկեն ցուցակին, հաղորդագրութիւնը թերթով հրապարակելուց յետոյ, դժւար թէ հնարաւոր լինի մարդկանց վստահութիւնը վերականգնել:

Շուրջ 4 ժամ տեւողութեամբ հանդիպման աւարտին ծնողական խորհրդի ներկայացուցիչները, մի քանի այլ գործին հետամուտ ծնողների հետ միասին փորձեցին ընդհանուր յայտարարի գալու եզրեր գտնել ազգային իշխանութեան պատասխանատուների հետ:

Այս մասին պարզաբանումներ տալու համար դիմեցինք պրն. Մեհրաբեանին, ով նշեց, որ հանդիպումն անցել է կառուցողական, թէժ ու դրական մթնոլորտում, որի արդիւնքների ու որոշումների կապակցութեամբ շուտով յայտարարութեամբ հանդէս կը գայ ազգային իշխանութիւնը:

Յարակից լուրեր

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Թ. Հ. Թ. ՊԺ-ի որոշումները՝ դպրոցների վերաբերեալ բխում են մի շարք հիմնահարցերից եւ վիճակագրութիւնից: Տւեալները վկայում են, որ դժբախտաբար, ամէն տարի աշակերտութեան թիւը դպրոցներում եւ դասարաններում պակասում են:

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի (ՊԺ) դիւանը, անսալով «Ռոստոմ» ազգ. տղ. տարր. դպրոցի ծնողների պահանջին եւ յարգելով նրանց նախանձախնդրութիւնը, դպրոցի պահպանման եւ զարգացման վերաբերեալ, նիստեր է գումարել Թեմական խորհրդի պատասխանատուների հետ, իսկ երէկ՝ յունիսի 13-ին եւս խորհրդակցական հանդիպում է ունեցել ՊԺ-ի Կրթական եւ միւս յանձնաժողովների նախագահների հետ:

  • Դոկտ. Կարէն Խանլարեանի եւ Թեմական խորհրդի հանդիպումը՝ ոստիկանութեան յատուկ բաժնի պետի հետ
    Դոկտ. Կարէն Խանլարեանի եւ Թեմական խորհրդի հանդիպումը՝ ոստիկանութեան յատուկ բաժնի պետի հետ

    Վերջին ժամանակներում Թեհրանի Մաջիդիէ (Զէյթուն) քաղաքամասում տեղի ունեցած սերիական գողութիւնների հետեւանքով՝ տուժել էին մեր համայնքի մի շարք հայրենակիցներ եւս, կորցնելով իրենց ունեցւածքի մի մասը: Առաջին օրւանից հարցին հետամուտ է եղել Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը: Ոստիկանութեան հետեւողական ջանքերի շնորհիւ ձերբակալւել են գողերը եւ այդ մասին իրազեկւել է ազգային իշխանութեանը:

  • «Ռոստոմ» դպրոցի մասին. Չկայացած հանդիպում
    «Ռոստոմ» դպրոցի մասին. Չկայացած հանդիպում

    Այսօր, երբ արդէն օպտիմալացում ասւածը մեր հասարակութեան համար կենսական անհրաժեշտութիւն է, պէտք է առաւել սթափ նայենք խնդիրների հանգուցալուծման առաջադրւող պայմաններին եւ ժամանակին համընթաց հայեացքով դատենք առկայ որոշումները՝ սա անհատի կամ կառոյցի որոշում չէ, այլ յստակ ու շօշափելի իրականութիւն, որի պարզած ցուցանիշերը, ցաւօք, մեզ բոլորիս պարտադրում են գնալ կտրուկ քայլերի:

  • Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի խնդրով խորհրդարանի պատգամաւորն ու Թեմական խորհրդի ատենապետը հանդիպել են նահանգապետին
    Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի խնդրով խորհրդարանի պատգամաւորն ու Թեմական խորհրդի ատենապետը հանդիպել են նահանգապետին

    «Րաֆֆի» համալիրի դատական հարցով հնարաւոր լուծումների առիթով՝ այսօր առաւօտեան, Թեհրանի նահանգապետին են հանդիպել Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։