Հա

Համայնք

11/10/2018 - 13:20

Հասարակական կարծիքի դերը առկայ տնտեսա-քաղաքական գործընթացներում

Հասարակական կարծիքի դրսեւորումը առողջ հասարակական կեանքի ցուցանիշ է եւ սա փաստ է, որը գործնականօրէն ապացուցւած է: Այս մասին բազմիցս խօսել ենք մեր էջերում: Այսօր այդ խօսքի շեշտադրումը օրւայ հրամայական է ու ընթերցողը այսուհետեւ աւելի շատ կը մասնակցի քննարկումների եւ կը զգայ համայնքային- հասարակական հարցերի աւելի լայն անդրադարձների արծարծումը:

Իրողութիւններ եւ հեռանկարներ

Ազգային իշխանութիւն-հասարակութիւն. 3-րդ հանդիպում

 

«ԱԼԻՔ», Ա. Է. - Հասարակական կարծիքի դրսեւորումը առողջ հասարակական կեանքի ցուցանիշ է եւ սա փաստ է, որը գործնականօրէն ապացուցւած է: Այս մասին բազմիցս խօսել ենք մեր էջերում: Այսօր այդ խօսքի շեշտադրումը օրւայ հրամայական է ու ընթերցողը այսուհետեւ աւելի շատ կը մասնակցի քննարկումների եւ կը զգայ համայնքային- հասարակական հարցերի աւելի լայն անդրադարձների արծարծումը:

Մեր համայնքային-հասարակական կեանքը այսօր տնտեսա-քաղաքական բարդ ժամանակաշրջան է ապրում, որի պատճառա-հետեւանքային արդիւնքները արդէն իսկ իրենց որոշակիօրէն ցոյց են տալիս: Այդ որոշակի արդէն իսկ ի յայտ եկած ցուցիչների մասին խօսւեց երէկ երեկոյեան Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յովհ. Թումանեան» սրահում հասարակութեան հետ հանդիպման ընթացքում:

Այս մասին առաւել հանգամանալից կարելի է խօսել, բայց այսօրւայ մեր անդրադարձը նշւած հանդիպման համընդհանուր գաղափարի եւ հասարակութիւն-ազգային իշխանութիւն երկխօսութեան մասին է: Նման երկխօսութիւնը այսօր առաւել քան երբեւէ անհրաժեշտութիւն է եւ կարծիքների ու տեսակէտների հանրագումարում հնարաւոր կը լինի արձանագրել շեշտակի արդիւնքներ: Ու այս նպատակից ելնելով է, որ ազգային իշխանութիւնները նախաձեռնեցին եռօրեայ ձեւաչափով հանդիպումներ հասարակութեան հետ:

Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը եւ Կենտրոն շրջանի պատգամաւորները համապարփակ հաշւետւութիւն ներկայացրեցին առկայ իրավիճակից, որից յետոյ ներկաներին հնարաւորութիւն տրւեց կարծիքներ արտայայտելու եւ հարցեր ուղղելու:

Հետաքրքիր զարգացումներ ունէին հարցերի եւ տեսակէտների ուղղւածութիւնները իրենց զանազանութեամբ ու կարելի է ասել բեւեռային տարակարծութեամբ: Դրանք հիմքային բովանդակութեամբ հարցեր էին, որոնց անհրաժեշտ էր նեղ մասնագիտական եւ ենթակառուցւածքային ներկայացուցչական պատասխանատուների արձագանգները: Իհարկէ Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը եւ Պատգամաւորական ժողովի ատենապետ Ժոզէֆ Մեհրաբեանը բաւականին հանգամանալից պատասխանեցին ուղղւած հարցումներին, բայց ինչպէս աւելի ուշ իր խօսքում վերջինս մատնանշեց այս լսումներին, խիստ անհրաժեշտ էր ենթակառոյցների ներկայացուցիչների ներկայութիւնը:

 Որպէս օրինակ, պէտք է նշենք Կրթական ենթակառուցւածքի ներկայութիւնը: Գաղտնիք չէ, որ այսօր մեր կրթօջախներ յաճախող աշակերտների թիւը կտրուկ նւազել է եւ կրթօջախների հնարաւորութիւնը այլեւս չի համընկնում աշակերտութեան թւաքանակի հետ: Իմիջիայլոց այս մասին բաւականին խօսուն թւային համեմատականներ ներկայացրեցին գործադիր եւ օրէնսդիր մարմինների պատասխանատուները: Բայց, արդեօք միայն սրանով մենք պէտք է սահմանափակւենք, որպէսզի օրւան ու ժամանակին համահունչ կարողանանք արդիւնաւորել համակարգի գործունէութիւնը: Իհարկէ ոչ: Այստեղ անհրաժեշտ է համակարգւած աշխատանք, որը առաջ կը տանի օպտիմալացման ընդարձակ գործընթաց, իսկ այդ գործընթացի արդիւնաւորման համար անհրաժեշտ է նման հանդիպումներում լսել եւ լսելի դարձնել հասարակական խօսքը, առանց որի իզուր կը լինեն տարւող նոյնիսկ եզակի ջանքերը:

Կրթական ոլորտի խնդիրներին ուղղւած վերջին շրջանի բուռն անցուդարձերը մեզ բոլորիս մտածելու տեղիք են տալիս եւ այդ դժգոհութիւնների եւ տարաձայնութիւնների ֆոնին զարմանալիօրէն նման հանդիպումների հնարաւորութիւնից չեն օգտւում ոլորտի մասնագէտները եւ ծնողական խորհուրդներն ու ինչու ոչ ծնողները: Սա լաւագոյն հարթակն է հարցերի արծարծման, ուր ներկայ են բոլոր կողմերը:

Ինչեւիցէ, հանդիպումների նման սկիզբը խոստումնալից կարող է լինել եւ վստահ ենք, որ շատ շուտով տնտեսական ճգնաժամի հետեւանքով առաջ եկած խնդիրները որոշակիօրէն կը մեղմանան հէնց նման քննարկումների արդիւնքում, յատկապէս էթէ հանդիպում-քննարկումները կայանան յաճախակի եւ աւելի մասնագիտական ձեւաչափերով:

Ամփոփիչ արդիւնքները ըստ պրն. Մեհրաբեանի, այդքան էլ գոհացուցիչ չեն, քանի որ այս ողջ համատեքստում հասարակական շարքերից բացակայում էին ենթակառոյցների ներկայացուցիչները, ովքեր այսօր օգտւելով ընձեռնւած հնարաւորութիւնից պէտք է ներկայ լինէին ու լսէին հասարակական կարծիքը, պատասխանէին հարցերի, որոնք էլ աւելի ուշ դրական ու ամենակարեւորը՝ կառուցողական դեր կը խաղային նրանց կայացրած «որոշումներում»: Ահա թէ ինչու է էական ենթակառոյցների ներկայութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։