Հա

Համայնք

07/01/2019 - 14:15

Իրանահայութիւնը նշեց Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին յունւարի 5-ի երեկոյեան եւ յունւարի 6-ի առաւօտեան նշեց Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը: Օրւայ առիթով ս. պատարագ մատուցւեց ոչ միայն հայաշխարհում, այլ նաեւ իրանահայ համայնքի երեք թեմերի եկեղեցիներում:

«ԱԼԻՔ» - Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին յունւարի 5-ի երեկոյեան եւ յունւարի 6-ի առաւօտեան նշեց Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը: Օրւայ առիթով ս. պատարագ մատուցւեց ոչ միայն հայաշխարհում, այլ նաեւ իրանահայ համայնքի երեք թեմերի եկեղեցիներում:

Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում եւս մեծ թւով հայրենակիցների մասնակցութեամբ մատուցւեց ս. պատարագ: Յունւարի 6-ի առաւօտեան Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցում ս. պատարագ մատուցեց Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Պատարագի ընթացքում եւ Ջրօրհնեաց արարողութիւնից առաջ Սրբազան Հայրը քարոզելով Աստւածայայտնութեան տօնի խորհրդի մասին, ընդգծեց, որ կարեւոր պատգամը հոգու խաղաղութիւնն է, որը մարդ արարածին վերանորոգում է հիմնովին եւ նշեց, որ հայ ժողովուրդը եւս ապրեց Յիսուսի կեանքի օրինակով ու թէեւ անգամներ փորձեցին ոչնչացնել հայ ժողովրդին, սակայն հայը յարութիւն առաւ եւ շէնացրեց աւերածութիւնները: Քարոզի ընթացքում Սրբազան Հայրը անդրադառնալով Իրանի դիմաց ծառացած մարտահրաւէրների մասին նշեց, որ կեանքին կառչած ժողովուրդների համար այս դժւարութիւնները չեն կարող մնայուն լինել եւ հաւատքով լեցուն ժողովուրդները անպայմանօրէն կը յաղթահարեն դժւարութիւններին:

Վերջում Սրբազան Հօր ձեռամբ օրհնւեց ջուրը եւ բաժանւեց հաւատացեալներին:

Յատկանշական է, որ երէկ երեկոյեան ազգային առաջնորդարանի դահլիճում Սրբազան Հայրերը եւ ազգային իշխանութեան ներկայացուցիչները ընդունեցին շնորհաւորանքներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։