Հա

Համայնք

19/02/2019 - 12:20

Իրանի Իսլ. յեղափոխութեան 40-ամեակը տօնւեց ԻԱՄՄ-ում

Իրանահայ համայնքում յեղափոխութեան տարեդարձին նւիրւած տօնական ձեռնարկները գերազանցում են բոլոր միւս համայնքներին:

«ԱԼԻՔ» - Իրանահայ համայնքում յեղափոխութեան տարեդարձին նւիրւած տօնական ձեռնարկները գերազանցում են բոլոր միւս համայնքներին:

Իրանի Իսլ. յեղափոխութեան 40-ամեակի տօնակատարութեանը նշեց Մշակոյթի նախարարութեանը կից փոքրամասնութիւններին առընթեր գրասենեակի պետ Սայիդ Թաղաւին: Նա կարեւորելով յաղթանակի մշակոյթի տարածմանն ուղղւած ծրագրերի էութիւնը, յաւելեց, որ նախորդ օրերի ընթացքում ներկայ է գտնւել եւս նման երեկոյթների, որոնք քանակով ու որակով նախորդ տարիների համեմատ գրանցել են 50 տոկոս աճ:

Թաղաւին իր ելոյթը եզրափակեց անդրադառնալով նախորդ տարեսկզբին Զէյթուն քաղաքամասի մի քանի հայ ընտանիքների բնակարանների թալանի հարցին եւ շնորհակալութիւն յայտնեց միջոցառմանը ներկայ ոստիկանութեան բարձրաստիճան ներկայացուցիչներին, որոնց օպերատիւ ու նւիրւած գործողութեան շնորհիւ ձերբակալւեցին յանցագործները:

Կրօնական ու ազգային փոքրամասնութիւնների հարցերով Հանրապետութեան նախագահի խորհրդականի տեղակալ՝ Զարէին նոյնպէս անդրադառնալով իրանահայութեան վայելած համբաւին, կարեւորեց ազգային փոքրամասնութիւնների զոհողութիւնները յեղափոխութեան իրականացման մեկնարկային շրջանում:

Ծրագրի մեկնարկին ընթերցւեց Սրբազան Հօր յղած պատգամը, իսկ ընթացքում ելոյթներ ունեցան նաեւ հրէական համայնքի ներկայացուցիչը, քահանայ հայրը, եւ միութեան վարչութեան նախագահը, ով ասմունքեց նաեւ Ահմադ Շամլուի «Վարդան սոխան նագոֆթ»-ը:

Օրւայ առիթով դոկտ. Անդրանիկ Սիմոնեանը ելոյթ ունենալով անդրադարձաւ իրանահայութեան նահատակների քանակին, որը բանախօսի հաւաստմամբ տոկոսային յարաբերակցութեամբ գերազանցում է Իրանի ժողովրդի միւս հատւածներին եւ նշեց, որ այսօր եւս իրանահայութիւնը մնալու է կանգնած՝ իր սիրելի Իրանի ժողովրդի կողքին «...քանի որ մենք մեզ փոքրամասնութիւն չենք համարում: Մենք Իրանի ժողովուրդն ենք»:

Օրւայ հիմնական բանախօսը յիշեցրեց նաեւ մի քանի խնդիրներ, որոնք ինչ-որ տեղ կարող են խօսել անտեսւած լինելու մասին: Նա նշեց, որ այսօր, երբ միասին հաւաքւած նշում ենք յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակը, սրան զուգահեռ տօնելու ենք եկել նաեւ յեղափոխութեան հասունացման տարիքը, ինչից կարելի է ակնկալել իրաւունքների հարցում առաւել բծախնդիր կեցւածք. «Յատկապէս, երբ բոլորս միասին ենք դիմագրաւում արտաքին սպառնալիքներն ու դրա թողած հետեւանքները տնտեսութեան վրայ»,-նշեց նա:

Միջոցառումը եզրափակւեց յեղափոխութեան յաղթանակի առիթով ու խորհրդանշով պատրաստւած տորթի հատմամբ:

Տօնական երեկոյթը յագեցւած էր ասմունքային ու երգ-երաժշտութեան կատարումներով:

Հանդիսատեսի շարքերը համալրւած էր Իրանագիտութեան կենտրոնի ներկայացուցիչների, Թեհրանի Նարմաք շրջանի ոստիկանութեան հրամանատարութեան, ԻՌՆԱ լրատւական գործակալութեան ներկայացուցչի, Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանի եւ միութենականների ներկայութեամբ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։