Հա

Համայնք

22/07/2019 - 08:20

Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին մասնակցում է Թեհրանի հայոց թեմի թեմակալ առաջնորդը

Ասիայի Եկեղեցիների խորհուրդը ընդգրկում է Ասիայի բոլոր եկեղեցիները, որոնք գործում են աւելի քան 22 երկրների մէջ, ներառեալ Իրանը։ Իրանի հայոց եկեղեցին, 2010 թւականի ապրիլից մաս է կազմում սոյն խորհրդին եւ իր գործօն մասնակցութիւնն է բերում նրա աշխատանքներին։ Յայտնենք, որ 2018-ի յուլիսին սոյն խորհրդի Գործադիր վարչութիւնը իր տարեկան ժողովը գումարեց Անթիլիասում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի տնօրինութեամբ եւ հրաւէրով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի։ Սեպուհ արքեպիսկոպոսը 2010-ից սկսեալ Գործադիր վարչութեան անդամ է։

Կամբոջիա- Փնոմ-Փէն, 16-19 յուլիս 2019

 

Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութիւնը իր տարեկան հերթական ժողովը գումարեց Կամբոջիայի մայրաքաղաք Փնոմ-Փէնում 16-19 յուլիս 2019-ին։

Ասիայի Եկեղեցիների խորհուրդը ընդգրկում է Ասիայի բոլոր եկեղեցիները, որոնք գործում են աւելի քան 22 երկրների մէջ, ներառեալ Իրանը։ Իրանի հայոց եկեղեցին, 2010 թւականի ապրիլից մաս է կազմում սոյն խորհրդին եւ իր գործօն մասնակցութիւնն է բերում նրա աշխատանքներին։ Յայտնենք, որ 2018-ի յուլիսին սոյն խորհրդի Գործադիր վարչութիւնը իր տարեկան ժողովը գումարեց Անթիլիասում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի տնօրինութեամբ եւ հրաւէրով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի։ Սեպուհ արքեպիսկոպոսը 2010-ից սկսեալ Գործադիր վարչութեան անդամ է։

Կամբոջիան քսաններորդ դարի երկրորդ կէսին քաղաքական ծանր վիճակներից անցաւ եւ կոմունիստական արեւելում ունեցող կարմիր քամերներ անունով խմբակցութիւնը, իշխանութեան տիրանալով մօտաւորապէս երկու միլիոն անմեղ քաղաքացիներ յատկապէս մտաւորականներ, բժիշկներ, ուսուցիչներ, համալսարանականներ եւ ականաւոր քաղաքացիներ սպանդի, ջարդի, այլ խօսքով ցեղասպանութեան ենթարկեցին։

Երեքշաբթի, 16 յուլիսի առաւօտեան ժողովը առաւօտեան պաշտամունքով սկսաւ իր աշխատանքը։ Ժողովի ատենապետ Վիլիեմ Սիմարմաթա արքեպիսկոպոսը ջերմօրէն ողջունեց ներկաներին, իր ցաւը յայտնեց որ անցեալ տարի չէր կրցած մասնակցել Անթիլիասում տեղի ունեցած ժողովին, այնուհետ խնդրեց փոխ-ատենապետ վեր. Դիանա Տանային վարելու նիստերը։

Նախորդ նիստի արձանագրութեան վաւերացումից յետոյ Ասիայի Եկեղեցիների խորհրդի ընդհանուր քարտուղար՝ դոկտ. Մաթիւ Ժորժ Շունաքարան ներկայացրեց իր տարեկան տեղեկագիրը, որով կարեւորութեամբ անդրադարձաւ խորհրդի միջ-եկեղեցական յարաբերութիւնների այժմէականութեան, եկեղեցական-բարոյական հարցերի եւ այդ ուղղութեամբ կազմակերպած համագումարին, երիտասարդութեան կապւած հիմնահարցերին, ինչպէս նաեւ Ասիայի Եկեղեցիների խորհուրդի մնայուն կենտրոնատեղի ունենալու հարցին։

Արծարծւած հարցերի շուրջ տեղի ունեցաւ կարծիքների փոխանակում, այս առիթով եղած հարցերին ընդհանուր քարտուղարը տւեց լուսաբանիչ պատասխաններ։ Ժողովի այլ կարեւոր հարցերից էր 2020-ին տեղի ունենալիք խորհրդի 15-րդ համաժողովը։ Խօսւեց համաժողովի հաւանական եւ յարմարագոյն թւականի, վայրի եւ թեմայի հետ կապւած հարցերի մասին։

Ընդհանուր քարտուղարի զեկոյցի քննարկումի եւ ընդունումից յետոյ Սեպուհ Սրբազանը ժողովականներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ողջոյններն ու բարեմաղթութիւնները ինչպէս նաեւ, Իրանի Մշակոյթի եւ Միջազգային Հաղորդակցութեան Կրօնների երկխօսութեան կենտրոնի տնօրէն հոջ. Մահդի Թասխիրիի ողջոյններն ու բարեմաղթութիւնները։

Առաջին օրւայ աշխատանքների աւարտին ժողովականները այցելեցին Փնոմ-Փէնի աւետարանական եկեղեցին, որի պատւելին Ինք Ջուն (Eang Chun) բարի գալուստ մաղթեց բոլորին եւ որոշ բացատրութիւններ տւաւ եկեղեցու մասին։ Այնուհետ Սեպուհ Սրբազանը յանուն ժողովականների խօսք առնելով ասաց «Մենք զօրակցում ենք Կամբոջիայի ժողովրդին, որ 1975-79 տարիներին ապրեց իր պատմութեան ամենասեւ օրերը ենթարկւելով Քամեր րուժ կազմակերպութեան կողմից կազմակերպւած ցեղասպանութեան։ Մենք հասկանում ենք այդ, որովհետեւ իմ ժողովուրդն էլ 1915-ին ենթարկւեցաւ պատմութեան առաջին ցեղասպանութեան, որի զոհ գնացին աւելի քան մէկ ու կէս միլիոն անմեղ հայորդիներ»: Իր խօսքի աւարտին Սեպուհ Սրբազանը ներկաները հրաւիրեց լռութեամբ եւ աղօթքով յիշելու հայոց եւ Կամբոջիայի ժողովուրդների նահատակները։

Նոյն օրը երեկոյեան պաշտօնական յատուկ ընթրիք էր կազմակերպւած, որուն ներկայ գտնւեցին Կամբոջիայի Մշակոյթի նախարարը, նախարարի տեղակալն ու Փնոմ-Փէնի եկեղեցու հաւատացեալներն ու երիտասարդները։

Երեք օրերի վրայ տարածւած աշխատանքով ժողովականները հանգամանօրէն քննարկեցին խորհրդի նիւթա-բարոյական գործունէութիւնը, իրագործւած ծրագիրներն ու ապագայի անելիքները։

Յայտնենք, որ Ասիայի Եկեղեցիների խորհրդի անդամ եկեղեցիները գալիս են Արեւելքի եւ Ծայրագոյն Արեւելքի երկրներից թւով աւելի քան 27 անդամ եկեղեցիներ։

 

Դիւան ազգային առաջնորդարանի

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։