Հա

Համայնք

14/09/2019 - 14:10

Միասնութեան խորհրդանիշով մեկնարկեց Իրանի 51-րդ Համահայկական խաղերը

Միասնութեան խորհրդանիշով, երէկ, ուրբաթ, սեպտ. 13-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանում բացումը կատարւեց Իրանի 51-րդ Համահայկական խաղերի, որը նւիրւած էր Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան 75 եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի եւ Ուրմիայի մասնաճիւղերի 65-ամեակներին:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Միասնութեան խորհրդանիշով, երէկ, ուրբաթ, սեպտ. 13-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանում բացումը կատարւեց Իրանի 51-րդ Համահայկական խաղերի, որը նւիրւած էր Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան 75 եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի եւ Ուրմիայի մասնաճիւղերի 65-ամեակներին:

Այս շրջանի խաղերին մասնակցել են շուրջ 700 մարզիկ-մարզուհիներ Իրանի հայկական համայնքներից եւ Թեհրանի հայկական միութիւններից, որոնք 8 օրերի ընթացքում կը մասնակցեն զանազան մրցումների: Հանդիսութիւնը մեկնարկեց Տէրունական աղօթքով, կատարմամբ Հայ Համալսարանականների ընդհանուր միութեան եւ Հ.Մ.Ա.Կ.-ի երգչախմբի, ղեկավարութեամբ՝ Արփի Սիմրոջեանի: Ընթացքում հայերէնով ու պարսկերէնով հնչեցին երգեր: Յաջորդիւ կազմակերպութեան սկաուտները մարզադաշտ բերեցին Իրանի եւ Հ.Մ.Ա.Կ.-ի դրօշները ու ծածանեցին Իրանի պետական հիմնով ու կազմակերպութեան օրհներգով: Ապա մարզադաշտում տեղակայւեցին մարզական խմբերը: Այս տարւայ Համահայկական խաղերի ջահը միասնութիւնն էր 5 ջահերի, որոնք օրեր առաջ օրհնւել էին՝ Թաւրիզում, Ուրմիայում, Գեարդաբադում, Շիրազում եւ Թեհրանում ու պահւում էին մարզաւանի Ս. Խաչ մատուռում, իսկ այդ ջահերի միասնութիւնից բոցավառւած ջահը եւ Համահայկական խաղերի հիմնական ջահը վառեց բռնցքամարտի ժամանակի ախոյեան եւ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի վաստակաւոր միութենական 85-ամեայ Վարանդ Զովէլեանը: Ջահի բոցավառման արարողութիւնը մէկտեղւած էր ճոխ հրավառութեամբ:

Ընթացքում հնչեցին մարզիկների եւ իրաւարարների երդումները եւ ցուցադրւեց տեսաֆիլմ, որը համապարփակ ներկայացրեց կազմակերպութեան զանազան միութիւնների ու միաւորների աշխատանքները: 

Միջոցառմանը ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հարմիկ Զովէլեանը, հրաւիրւեց Թեհրանի Քաղխորհրդի նախագահ Մոհսէն Հաշեմին, եւ ելոյթների եզրափակիչ խօսքով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Հանդիսութեանը ներկայ էին՝ Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը եւ դեսպանութեան դիւանագիտական անձնակազմը, Հայաստանում Իրանի դեսպան Քազեմ Սաջջադին, Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր առաջնորդները, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեհրանի եւ Սպահանի հայոց թեմերի Թեմական խորհուրդների, ազգային մարմինների, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչներ, Թեհրանի Քաղխորհրդի եւ մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներ եւ մեծ թւով հայրենակիցներ:  

Բացման հանդիսութիւնը շարունակւեց պարային կատարումներով, որտեղ ելոյթով հանդէս եկան միութիւնների համատեղ պարախումբը ղեկավարութեամբ՝ Կարինէ Մանուչերեանի, նաեւ կազմակերպութեան պարախումբը, վերջում երգերի կատարումներով ելոյթ ունեցան երիտասարդ երաժիշտները:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։