Հա

Համայնք

30/09/2019 - 07:19

Ս. Գէորգ եկեղեցու անւանակոչութեան տօնն ու եռօրեայ ուխտագնացութիւնը

Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով, եռօրեայ ուխտագնացութիւն և եկեղեցական արարողութիւններ կատարւեցին Թեհրանի Ս. Գէորգ եկեղեցում, սեպտեմբերի 26, 27 և 28-ին: 

Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով, եռօրեայ ուխտագնացութիւն և եկեղեցական արարողութիւններ կատարւեցին Թեհրանի Ս. Գէորգ եկեղեցում, սեպտեմբերի 26, 27 և 28-ին: 

Ուխտատեղին ողողւել էր բազմահարիւր ուխտաւորներով, որոնք եկել էին իրենց քրիստոնէական պարտականութիւնը կատարելու սրբի հանդէպ, ինչպէս նաև հաղորդւելու աստւածային ներկայութեան և մասնակից դառնալու օրւայ խորհրդին:

Հինգշաբթի և ուրբաթ երեկոյեան, կատարւեց հսկումի արարողութիւն, նախագահութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի և մասնակցութեամբ քահանայ հայրերի:

Շաբաթ առաւօտեան ժամերգութեան աւարտին, պատարագեց և յաւուր պատշաճի քարոզեց  թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Թեմակալ առաջնորդն իր քարոզի ժամանակ գնահատելով ժողովրդի խուռներամ մասնակցութիւնը եռօրեայ ուխտագնացութեանը և օրւայ պատարագին, ընդգծեց. «Վստահ եմ, որ դուք այսօր եկել էք Ս. Գէորգ Զօրավարի հաւատքով հաղորդւելու և այդ հաւատքով շարունակելու ձեր կեանքը»:

Սրբազան Հայրն անդրադառնալով Ս. Գէորգի անհատականութեանն ընդգծեց, որ Ս. Գէորգ զօրավարը եղել է յանձնառու այն քրիստոնեաներից, ով յանուն քրիստոնէութեան և  յանուն ճշմարտութեան հալածւելը փառք է համարել, որովհետև իրենից առաջ եկեղեցու հայրերն ու հաւատացեալները ենթարկւել էին հալածանքի և չարչարանքի, սակայն չէին յուսահատւել, քանի որ Քրիստոսն ասում է՝ «Երանի նրանց, ովքեր հալածւում են արդարութեան համար»:

Քարոզի այլ բաժնում, Առաջնորդ Սրբազանը դիմելով հայ ժողովրդի կեանքին ընդգծեց՝ «Մեր ժողովուրդը հետևելով Քրիստոսի կեանքի օրինակին, հետևելով եկեղեցու սրբերին, յանուն ճշմարտութեան և յանուն արդարութեան, հալածանքների ենթարկւեց: Մեր ժողովուրդը պատմութեան ընթացքին, տասնեակ հազարաւոր նահատակներ տւեց, բայց երբեք չտկարացաւ քրիստոնէական և հայրենիքի իր հաւատքի մէջ»: «Երբ մենք հաւատանք մեր առաքելութեան և կոչումին, հաւատանք Աւետարանական ճշմարտութիւններին, մեզ համար կեանքում անկարելի բան չի մնալ: Ս. Գէորգի տօնը մեզ իւրաքանչիւրի համար կոչ է և պատգամ, որպէսզի մենք էլ սթափւենք, զգօն լինենք պահպանելու մեր քրիստոնէական հաւատը և մեր ազգային ինքնուրոյն դիմագիծը» -եզրակացրեց Սրբազան Հայրը:

Յաւարտ Ս. Պատարագի, Ս. Գէորգի մասունքը կրող արծաթեայ աջով  և սրբալոյս միւռոնով կատարւեց ջրի օրհնութիւն: Որից յետոյ, հաւատացեալները խուռներամ յառաջ գալով՝ հաղորդւեցին, օրհնւած ջուրն առան և վերանորոգւած իրենց քրիստոնէական հաւատքի մէջ, յագեցած և գոհունակ սրտով վերադարձան իրենց տները:

Յետ պատարագի, օրւայ առիթով պատրաստւած օրհնւած հարիսա (հալիմ) բաժանւեց հաւատացեալներին, այնուհետ եկեղեցական խորուրդը յատուկ հիւրասիրութեամբ պատւեց առաջնորդ Սրբազան Հօրը, եկեղեցական դասն ու հրաւիրեալ հիւրերը՝ թեմական խորհրդի և շինարարական մարմնի ներկայացուցիչները:

 

                                                                                                                Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։