Հա

Մշակոյթ

14/08/2013 - 12:30

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ - «Համայակ ջան» ներկայացման առիթով

Իրանահայ հումորի տունը, որ համայնքում ճանաչւած է «31 եւ 1 լցրած ատամ» շոու ծրագրով գալիք օրերում պատրաստւում է հանդէս գալ նոր թատերական ներկայացումով՝ «Համայակ ջան» խորագրով:

Իրանահայ հումորի տունը, որ համայնքում ճանաչւած է «31 եւ 1 լցրած ատամ» շոու ծրագրով գալիք օրերում պատրաստւում է հանդէս գալ նոր թատերական ներկայացումով՝ «Համայակ ջան» խորագրով: Այդ կապակցութեամբ «Ալիք»-ը զրուցեց խմբի գեղարւեստական ղեկավար եւ ներկայացման հեղինակ ու բեմադրիչ Սեդրակ Գոջամանեանի հետ: Ստորեւ ներկայացնում ենք մեր զրոյցի արդիւնքը:

 

Հ.- Ինչո՞ւ «Համայակ ջան» եւ ոչ՝ «31 եւ 1 լցրած ատամ»:
Պ.- Մէկ տարի առաջ, երբ վերականգնւեցին Իրանահայ հումորի տան աշխատանքները, մշակեցինք նոր աշխատելաոճ: Երկարատեւ ծրագիր, որը հանդիսատեսին հետզհետէ թատերասրահ վերադարձնելուց բացի՝ պէտք է ունենար նաեւ դրամատիկ արժէք: Պարզ է, որ այս օրերին հասկանալի պատճառներով ցանկալի է, որ թատերական լեզուն լինի կատակերգական, նոյնիսկ եթէ թեման իրականում ողբերգական է: Ելնելով այս իրականութիւնից եւ ցանկանալով աւելի խորքային ներկայացում բեմադրել, գրեցի «Համայակ ջան» պիէսը: Սկզբում նախատեսւած էր այն բեմադրել նախորդ տարւայ փետրւարին, սակայն մի շարք անձնական դժւարութիւնների պատճառով՝ յետաձգւեց: Անկեղծ ասած՝ թատերական առումով ամբողջովին նոր փորձառութիւն է, քանի որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայացումը հիմնականում մէկ դերասանի խաղարկութեամբ է կատարւում, բաւականին բարդ աշխատանք է՝ թէ՛ թեմայի, թէ՛ միզանսցենային լուծումների, եւ թէ՛ ներկայացման ընդհանուր ռիթմի պահպանման առումով:

130814d01a

Հ.- Ո՞րն է ներկայացման թեման:
Պ.- Համայակը համայնքային-հասարակական գործիչ է: Երկար տարիներ աշխատելով ազգային-հասարակական ոլորտում՝ վերջապէս առիթ է ստանում՝ հանդէս գալու որպէս Ապրիլ 24-ի համահաւաքի բանախօս: Միաժամանակ, այդ տարւայ Ապրիլ 24-ը համընկել է պետական արձակուրդի, ու նրա կինը որոշել է ընկերուհիներով ճամբորդել Դուբայ՝ գնումների համար: Համայակը չի համաձայնւել նրա ճամբորդութեանը, քանի որ կարծում է, թէ իր նման «հեղինակաւոր» ազգային գործչի ընտանիքի բոլոր անդամները պէտք է ներկայ լինեն Ապրիլ 24-ի ոգեկոչման բոլոր ձեռնարկներին: Զոյգերի միջեւ բաւականին բարդ խօսակցութիւն է ծաւալւում, եւ դրա արդիւնքում՝ նրանք գժտւում են: Համայակի դասախօսութիւնից մի քանի ժամ առաջ կինն անցնում է հակահարւածի, եւ...

Հ.- Այս բոլորը ինչ-որ որոշակի նպատակ ունի՞ թէ ուղղակի պատմութիւն է:
Պ.- Բնականաբար, նպատակ է հետապնդում: Սակայն, թէ ինչ պատգամ ունի, դա արդէն ուղղակի կախւած է հանդիսատեսի ճաշակից կամ աւելի ճիշտ տրամաբանութիւնից: Անձամբ որպէս թատերագիր եւ որոշ պարագաներում նաեւ որպէս բեմադրիչ՝ հաւատացած եմ, որ դրամատիկ տեքստի մէջ երբեք չպիտի երեւոյթներն այնպէս ներկայացնել, որ հանդիսատեսին ուղղակիօրէն ստիպի ընտրութիւն կատարելու ճշտի-սխալի կամ սեւի-սպիտակի միջեւ: Երեւոյթները, տարաձայնութիւնները պիտի յստակ ցոյց տալ, ճիշտ պատմել ու դատողութիւնը թողնել հանդիսատեսի բանականութեանն ու տրամաբանութեանը:

130814d01b

Հ.- Կը ներկայացնե՞ս բեմադրութեան անձնակազմին:
Պ.- Սկսեմ դերասանական կազմից: Գլխաւոր դերում հանդէս է գալիս Քաջունի Արզումանեանը, լրացուցիչ դերում՝ Արէն Սաֆարեանը: Երկուսն էլ բաւականին դժւար պարտականութիւն ունեն: Միւսը երաժիշտ Սեւան Շամիրեանն է, որ մարմնաւորում է Համայակի պապիկի կերպարը: Նախկին երկու ներկայացումների պէս՝ այս անգամ եւս նա ստանձնել է երաժշական կտորների ձեւաւորումն ու կատարումը: Բեմանկարիչ՝ Արին Քեշիշզադէ, գրաֆիստ՝ Թեւիկ Ծատուրեան, լուսանկարիչ՝ Սեւակ Թովմասեան, իսկ գովազդային գրեթէ բոլոր աշխատանքների՝ տեսահոլովակների պատրաստումը կատարել է «Անի» ստուդիան՝ Քլօդ Սարգսեանի գլխաւորութեամբ: Իմ խորին շնորհակալութիւնը պէտք է յայտնեմ մեր գլխաւոր հովանաւոր «Արամ սուրճ»-ին՝ մեզ օժանդակելու համար: Հաւատացէք, այսօրւայ դրութեամբ, եթէ չլինեն նման հովանաւորներ, անհնար կը լինի մեզ պէս անկախ՝ ոչ-միութենական կարգավիճակով խմբերի աշխատանքը: Գործ, որն արդէն երկրորդ անգամը լինելով՝ կատարում է «Արամ սուրճ»-ը: Նաեւ շատ շնորհակալ եմ Հայ համալսարանականների ընդհ. միութիւնից՝ իրենց հնարաւորութիւնները մեզ տրամադրելու համար:

Հ.- Որեւէ բան մնա՞ց, որ կուզէիր աւելացնել:
Պ.- Այս ներկայացումը բոլորովին նոր փորձառութիւն է թէ՛ խմբի, թէ՛ անձամբ ինձ համար: Այն պարունակում է փոխաբերական արտայայտութիւններ, հնչիւնային կատակներ, նաեւ պատկերային բարդ ժեստեր: Իմ պատկերացրածը դերասանների հնարաւորութիւններն էին: Յուսով եմ, որ դրական արձագանգ ունենայ ու մեզ էլ մղի նմանօրինակ ներկայացումների: Շնորհակալ եմ «Ալիք»-ից, որ առաջին օրւանից կանգնած է եղել մեր կողքին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։