Հա

Մշակոյթ

24/08/2015 - 10:30

Արքմենիկ Նիկողոսեան.- «Չարենցի, Բակունցի, Թոթովենցի դահիճները չպէտք է ներկայացւեն լուսապսակի ներքոյ»

Թէեւ անցել է աւելի քան 70 տարի, սակայն ստալինեան բռնութիւնների եւ հայ մտաւորականների սպանդի շրջանը լիովին բացայայտւած չէ. դատապարտւել են արարքները, սակայն ողբերգական իրադարձութիւնների մեղսակիցներն իրենց արժանի գնահատականը չեն ստացել:
Վերջին շրջանում գրականագէտները շատ են խօսում այն մասին, որ պէտք է վերարժեւորել այն, ինչ տեղի ունեցաւ 1937 թւականին: Նրանց թւում է գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսեանը:

«Անկախ» կայք


Թէեւ անցել է աւելի քան 70 տարի, սակայն ստալինեան բռնութիւնների եւ հայ մտաւորականների սպանդի շրջանը լիովին բացայայտւած չէ. դատապարտւել են արարքները, սակայն ողբերգական իրադարձութիւնների մեղսակիցներն իրենց արժանի գնահատականը չեն ստացել:
Վերջին շրջանում գրականագէտները շատ են խօսում այն մասին, որ պէտք է վերարժեւորել այն, ինչ տեղի ունեցաւ 1937 թւականին: Նրանց թւում է գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսեանը:
Նա գտնում է, որ ստալինեան բռնապետութեան տարիներին կատարւեց այն, ինչ՝ Ցեղասպանութեան տարիներին: «Գուցէ սա խորհրդային համակարգի մաս կազմող պետութեան ներսում էր, բայց նոյնը կատարւեց. մտաւորականութեան ջարդով փորձեցին գլխատել ժողովրդին, բացառել այդ ժողովրդի ներսում տրոփող իւրաքանչիւր ազատագրական, պայծառ, գեղեցիկ երակ, որը հետագայում այլ խնդիրների չի յանգեցնի»,- նշում է նա:
Միւս կողմից, նա ընդգծում է, որ ստալինեան բռնապետութիւնը այլ խնդիրներ էր լուծում եւ այնպէս չէր, որ միայն Հայաստանում էր այդպէս:
«Ցաւալի է, որ ինչպէս Մեծ Եղեռնի օրերին, այնպէս էլ ստալինեան բռնապետութեան շրջանում յարուցւած գործերի պատճառը հայ մատնիչներն էին, հայ գրողների տւած «դանոս»-ները (գրաւոր մատնութիւնները, խմբ.):
Բակունցի, Թոթովենցի, Չարենցի ձերբակալութիւնների, մահւան պատճառ դարձած մարդկանց պէտք է բացայայտել եւ ի ցոյց դնել:
«Յատկապէս 54 թւականից յետոյ, երբ հրամանը եղաւ եւ շատերը արդարացւեցին, բազմաթիւ փաստեր շրջանառութեան մէջ դրւեցին, բայց նրանք, ովքեր այդ տարիներին եղել էին դահիճ, իրենք սկսեցին հանդէս գալ զոհի կարգավիճակով, որ իբր «ժամանակն էր այդպիսին», որ «ստիպւած են այդպէս վարւել»:
Շատ ցաւալի է, որ նրանց անունները դրւում է անմեղ զոհերի անւան կողքին»,- գտնում է գրականագէտը:
Տարիներ առաջ մի բանավէճ եղաւ, որ սկսւեց Նորայր Ադալեանի «1937 թւական» յօդւածից յետոյ: Նա պահանջում էր, որ Երեւանում Չարենցի, Բակունցի, Թոթովենցի եւ ստալինեան բռնութիւններին զոհ գնացած մեր միւս գրողների, ինչպէս նաեւ աքսորի ենթարկւած գործիչների անուններով փողոցների կողքին չլինի, օրինակ՝ Հրաչեայ Քոչարի փողոցը: «Հրաչեայ Քոչարը այդ շրջանի ամենաաշխուժ հակահայկական, հակահայ գրական, հակահայ մշակութային գործիչներից էր:
Պատահական չէր նրա արտայայտութիւնը, որը յաճախ է շրջանառւում. «Չարենցը մի քար է, որ ընկած է մեր պոէզիայի զարգացման ճանապարհին: Առաջ գնալու համար մենք պէտք է վերացնենք այդ քարը», ընդգծում է գրականագէտը:
Անգամ 54 թւականից յետոյ, երբ ամէն ինչի մասին մասամբ կարելի էր գրել եւ բաց խօսել, ինչ-որ հանգամանքներ պարզել, 1937-ը շարունակեց մնալ համարեա քար լռութեան մէջ: Արխիւների բացման փորձեր կատարւեցին միայն 80-ականների վերջին:
Այս թեմայով յօդւածներ գրեցին Դաւիթ Գասպարեանը, Ամատունի Վիրաբեանը: Լոյս տեսաւ Գասպարեանի գիրքը՝ «Փակ դռների գաղտնիքը», որտեղ ահռելի տեղեկատւութիւն կայ իրականութեան մասին:
Հենրիկ Բախչինեանը 1999 թւականին հրատարակեց «Չարենցապատումը ըստ անտիկ վաւերագրերի» աշխատութիւնը, որտեղ առաջին անգամ հրապարակւեց Չարենցին՝ Գրողների միութիւնից հեռացնելու նիստի արձանագրութիւնը:
«Այստեղ այդ շրջանի վարք ու բարքը միանգամից բացւում է: Արձանագրութեան մէջ շատ հետաքրքիր կէտ կայ. բոլորը դատապարտում են, անգամ՝ Չարենցի մտերմագոյն ընկերներից Ակսել Բակունցը: Լուռ են մնում միայն Ստեփան Զօրեանը եւ Դերենիկ Դեմիրճեանը: Համարձակւում է խօսել միայն Աւետիք Իսահակեանը»,- ասում է Արքմենիկ Նիկողոսեանը:
Ըստ նրա, խօսքը ոչ միայն այն մասին է, որ Չարենցին հասցրին մահւան, Բակունցին գնդակահարեցին Ծիծեռնակաբերդի բարձունքին: «Խօսքը ներգրական մթնոլորտի յարաբերութիւնները հասկանալու եւ դրանք թափանցիկ ներկայացնելու մասին է: Այսքան տարի անց ինչ-որ գործիչների, ինչ-որ մարդկանց վերարժեւորելու կտրուկ ժամանակն է: Ցաւօք, Գուրգէն Մահարին աքսորից վերադարձաւ եւ ընդամենը կարճ ժամանակ անց վերադարձւեց աքսոր: Երբ արդէն իբր խրուշչովեան տարիներ էին, 60-ականներին հալածանքները Մահարու նկատմամբ շարունակւում էին: Սա, ըստ էութեան, նոյն գործընթացների շարունակութիւնն էր՝ երբեմն, իհարկէ՝ քաղաքակիրթ ձեւերով:
Այս է պատճառը, որ այդ փաստերը պէտք է բացայայտւեն, հրապարակւեն եւ իրական գնահատականներ տրւեն»:
Շատերը գիտեն, որ Բակունցի եւ Մահարու բանտարկութեան հարցում մեծ դեր են ունեցել Նայիրի Զարեանի որոշ յօդւածներ: «Յայտնի է, որ Քոչարի անզգուշ կամ դիտմամբ ասւած խօսքը կարող էր ինչ-որ մէկի գնդակահարութեան պատճառ դառնալ»:
Գրականագէտները արդէն որոշ փաստեր յօդւածների միջոցով ներկայացրել են: Գզրոցների ամբողջական բացումը ենթադրում է կերպարների, մասնակիցների ամբողջական ներկայացում:
«Մենք վերարժեւորման խնդիր ունենք»,- ասաց Նիկողոսեանը՝ ընդգծելով, որ գզրոցների ամբողջական բացման դէպքում շատ բաներ դրական լոյսի ներքոյ կարժեւորւեն, ինչպէս, օրինակ, այն փաստը, որ Եղիշէ Չարենցին տնային կալանքի ծանր շրջանում այցելել է միայն Աւետիք Իսահակեանը: Սա այն դէպքում, որ տարիներ շարունակ խօսում էին այն մասին, որ Իսահակեանին բերել էին Հայաստան լրտեսական գործունէութիւն ծաւալելու համար:
«Անկախ»-ի հարցին պատասխանելով, գրականագէտը նշեց, որ սա ամենեւին չի նշանակում այդ գրողներին չներառել դասագրքերի ծրագրերում: Ես սիրած բանաստեղծութիւններ ունեմ Նայիրի Զարեանից: Հարցը նրանց լուսապսակի մէջ չներկայացնելն է: Պարզապէս պէտք է գրել ճշմարտութիւնը. այո՛, ունի հանճարեղ բանաստեղծութիւններ, բայց 30-ականներին այսինչ բաներն արել է:
Այդ տարիներին Ռաֆայէլ Իշխանեանը «Գարուն»-ում մի յուշ տպագրեց: Նա գրում էր, որ այդ շրջանի Երեւանի ամենացաւալի պատկերներից մէկը եղել է, երբ Աբովեան փողոցով զբօսնելիս տեսնում էիր թանկարժէք մուշտակ հագած Նայիրի Զարեանին, այնինչ նոյն պահին Չարենցը դատապարտւած էր մահւան, Բակունցին գնդակահարել էին, Թոթովենցին գնդակահարել էին, Մահարին աքսորում էր»:
Մարդիկ մասնակցել են մշակոյթի, այսինքն՝ ժողովրդի հերթական գլխատմանը, թուրք հրոսակները, ովքեր մասնակցել են Զոհրապի եւ Վարուժանի սպանութեանը, եւ նրանք, ովքեր լինելով մեր ժողովրդի ծնունդ, մեր ազգի զաւակ, ստալինեան բռնապետութեան տարիներին այս կամ այն ձեւով մասնակցել են գրողների գնդակահարութեանը, նրանց մէջ մեծ հաշւով տարբերութիւն չկայ, քանի որ գործընթացն ու նպատակը եղել է նոյնը:
Սա պարզապէս գրական անցուդարձի մանրամասն չէ:
Սա կարեւոր է նաեւ այսօրւայ համար: Այսօր շատ բաներ կան ստալինեան բռնապետութիւնը յիշեցնող, որոնք արւում են լուռ եւ քաղաքակիրթ ձեւով:
«Մեկուսացումը միայն այն չէ, որ աքսորեն կամ բանտարկեն: Այսօր իւրօրինակ մեկուսացում կայ, որովհետեւ երբ գրողը գրում է, երբ նկարիչը նկարում է, եւ երկրի իշխանութիւնը ստեղծում է հոգեւոր բարոյական էնպիսի մթնոլորտ, որ մեծ արւեստագէտների ասածը չի հասնում ժողովրդին, սա բռնապետութիւնից աւելի վատ է: Մեթոդներն են տարբեր:
«Ի վերջոյ, բոլոր բռնակալներն ինչո՞ւ են դէմ եղել ազատ մշակոյթին եւ ճշմարիտ գրականութեանը. դրանք ցոյց են տալիս բռնապետութիւնից ազատւելու ուղիներ»,- եզրափակեց Արքեմնիկ Նիկողոսեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։