Հա

Մշակոյթ

Շաբաթ, 13 Յունւարի 2018 09:50

Ովքե՞ր են աշխարհի ամենահին բնիկները. Արմաւիրի մարզում յայտնաբերւել է հնագոյն բնակատեղին

Յայտնաբերւել են անգամ քարէ աղորիքի մնացորդներ։ Իսկ դա վկայում է, որ այդ 2017 թւականին Հայաստանի արժէքաւոր եւ կարեւոր հնագիտական բացայայտումը եղաւ Արմաւիրի մարզի Լեռնագոգ գիւղի հարեւանութեամբ «Լեռնագոգ 1» անւամբ հնավայրում յայտնաբերւած բնակատեղին, որը թւագրւում է մ.թ.ա. 8-րդ հազարամեակի վերջով, 7-րդ հազարամեակի սկզբով: Այդ մասին յունւարի 12-ին լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի գիտութիւնների ազգային ակադեմիայի հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի տնօրէն Պաւէլ Աւետիսեանը։

«alikonline.ir» - Յայտնաբերւել են անգամ քարէ աղորիքի մնացորդներ։ Իսկ դա վկայում է, որ այդ 2017 թւականին Հայաստանի արժէքաւոր եւ կարեւոր հնագիտական բացայայտումը եղաւ Արմաւիրի մարզի Լեռնագոգ գիւղի հարեւանութեամբ «Լեռնագոգ 1» անւամբ հնավայրում յայտնաբերւած բնակատեղին, որը թւագրւում է մ.թ.ա. 8-րդ հազարամեակի վերջով, 7-րդ հազարամեակի սկզբով: Այդ մասին յունւարի 12-ին լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի գիտութիւնների ազգային ակադեմիայի հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի տնօրէն Պաւէլ Աւետիսեանը։ Տեղեկացնում է «Sputnik» Արմենիան:

Մինչ այդ բացայայտւած բնակատեղիներից հնագոյները (Ակնաշէն գիւղի մօտ) թւագրւում են մ.թ.ա. 6-րդ հազարամեակի առաջին քառորդով:

Դեռեւս հետազօտւել է բնակատեղիի 25 քառակուսի մետրը։ Բայց այդ փոքր հատւածում արդէն քարէ աղորիքի մնացորդներ են յայտնաբերւել։ Իսկ եթէ այդտեղ ցորեն են աղացել, նշանակում է` տեղաբնակները նստակեաց են եղել եւ կենցաղավարութեամբ զբաղւել։

Գտածօն գիտնականների համար կարեւոր է ոչ թէ քաղաքական իրարանցում առաջացնելու, այլ գիտական առումով. նրանց հետաքրքրում է Արարատեան հովտի պատմութիւնը՝ մ.թ.ա. 10-ից 6-րդ հազարամեակների ընթացքում։ Տեւական ժամանակ ժամանակագրութեան այդ մասը բաց էր մնացել՝ համապատասխան տեղեկութիւններ չլինելու պատճառով, բայց այժմ նման բացայայտումների շնորհիւ այն լրացւում է: Ժամանակին այս գտածոյի նման բնակատեղիներ են յայտնաբերւել Արաքսից հարաւ ընկած բնակավայրերում, որոնք գտնւում են այժմեան Թուրքիայի եւ Սիրիայի տարածքներում:

Բնակատեղին աչքի է ընկնում կաւէ ճարտարապետութեան վաղ ձեւերով` պատւած լինելով չթրծւած կաւի շերտերով, որոնք շարւել են մէկը միւսի վրայ։ Իսկ ո՞վքեր եւ ինչպէ՞ս են այնտեղ բնակւել։

Դժւար թէ այն ժամանակներում սոցիալական շերտաւորումներ լինէին, եւ հարուստներն ու աղքատներն առանձին կացարաններ ունենային։ Այդ ժամանակ նաեւ տաճարներ չեն եղել։ Ըստ Աւետիսեանի՝ դրանք ընդհանրապէս բնորոշ չեն Հայկական լեռնաշխարհում այն ժամանակ տարածւած Քուռ-արաքսեան մշակոյթին` ի տարբերութիւն շումերականի։ Ծէսերը կարող էին կատարել հէնց կացարանների մօտ կամ բնակատեղիներից հեռու։ Ոգեպաշտամունքի առարկայ կարող էր լինել բնութիւնը՝ իր տարբեր դրսեւորումներով:

Ինչպէս նշեց Տոկաիի համալսարանի (Ճապոնիա) դոկտոր Մակոտօ Արիմուրան՝ գտածօների վայրից յայտնաբերած 12 նմուշների ռադիոածխածնային հետազօտութիւնն անցկացւել է արտասահմանեան գործընկերների աջակցութեամբ։ Եւ հէնց այդ նմուշների ուսումնասիրման շնորհիւ յաջողւել է բաւական ստոյգ սահմանել բնակավայրի թւագրութիւնը։

Այս տարի պեղումները եւ հետազօտութիւնները կը շարունակւեն։ Իսկ եթէ մարդկանց աճիւններ յայտնաբերւեն, կուսումնասիրւի դրանց ԴՆԹ-ն։ Բոյսերի ծաղկափոշու բաղադրութեան ուսումնասիրութեան միջոցով էլ հնարաւոր կը լինի որոշակի ենթադրութիւններ անել այն ժամանակների եղանակային պայմանների մասին։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում ՀՀ նախագահի պաշտօնում Արմէն Սարգսեանի առաջադրմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։