Հա

Մշակոյթ

06/11/2018 - 08:20

Լոնդոնում ցուցադրւել է Քադիր Աքընի՝ Ցեղասպանութեան մասին պատմող «RED» ֆիլմը

Լոնդոնում տեղի է ունեցել թուրք գրող, հրապարակախօս Քադիր Աքընի պատրաստած Հայոց Ցեղասպանութեան եւ Հնչակեան կուսակցութեան յայտնի գործիչներից Փարամազի (Մատթէոս Սարգսեան) վերաբերեալ «RED» վաւերագրական ֆիլմի ցուցադրութիւնը:

«alikonline.ir» - Լոնդոնում տեղի է ունեցել թուրք գրող, հրապարակախօս Քադիր Աքընի պատրաստած Հայոց Ցեղասպանութեան եւ Հնչակեան կուսակցութեան յայտնի գործիչներից Փարամազի (Մատթէոս Սարգսեան) վերաբերեալ «RED» վաւերագրական ֆիլմի ցուցադրութիւնը: Ըստ «ermenihaber.am»-ի գրում է «evrensel.net»-ը:

Աղբիւրի փոխանցմամբ` միջոցառումը կազմակերպւել է «Թուրքական եւ քրդական համայնքի համերաշխութեան կենտրոնի» կողմից, որի ժամանակ Աքընը նաեւ իր գրքերն է մակագրել:

Մասնակիցներից գրող Այդըն Չուբուքչուն ելոյթում նշել է, որ ծայրաստիճան կարեւոր են, որ այս տեսակ ճշմարտութիւնները ջրի երես դուրս գան եւ յաւելել, որ Աքընի կատարած աշխատանքը նոյնպէս կարեւոր փաստաթղթի դեր է կատարում:

Ֆիլմի դիտումից յետոյ հեղինակ Աքընը անդրադառնալով 1915 թ. Ստամբուլի Բէյազետ հրապարակում Փարամազի եւ 19 յեղափոխական գործիչների կախաղան բարձրացւելուն, շեշտել է, որ չպէտք է ստւերել պատմութեան էջերը: 

Աքընի փոխանցմամբ` նա նաեւ ուսումնասիրութիւններ է կատարել հայ կանանց շարժման վերաբերեալ: 

Հեղինակի կարծիքով` մեծ խիզախութիւն է պահանջւում խօսել հայերի նկատմամբ կիրառւած ճնշումների եւ ցեղասպանութեան քաղաքականութեան մասին:

Աքընը պատմել է, երբ հետազօտութիւնների ընթացքում իրեն հարցրել են, «հայ է, թէ՞ ոչ... կամ հայ ես, կամ էլ թաքցնում ես, որ հայ ես». այս ամէնը ապացուցում է, թէ ինչքան ծանր են եղել հայերի նկատմամբ ճնշումները:

Փարամազը ծնւել է Մեղրիում։ Սովորել է Էջմիածնի Գէորգեան ճեմարանում (1878-1883)։ 1884 թւականից զբաղւել է ուսուցչութեամբ։ 1897 -ին իր ստեղծած ֆիդայիների խմբով անցել է Վան, սակայն ձերբակալւել է եւ դատապարտւել մահւան։ Բայց Վանի ռուսական փոխհիւպատոսի միջնորդութեամբ ազատւել է կալանքից եւ ուղարկւել Կովկաս։ 1908-ի երիտթուրքերի յեղաշրջումից յետոյ անցել է Թուրքիա, քարոզել Օսմանեան սուլթանութիւնում ապրող ժողովուրդների միջեւ բարեկամութիւն հաստատելու գաղափարը։ 

Փարամազը եւ 19 ականաւոր Հնչակեան գործիչներ 1915 թւականի յունիսի 15-ին Կ. Պոլսի Բէյազիդ հրապարակում կախաղան են բարձրացւում: Նրանք իրենց կեանքը նւիրել էին հայերի ազատագրական պայքարին, իսկ 1913-ի սեպտեմբերին Ռումինիայում կայացած Հնչակեան կուսակցութեան համագումարի ժամանակ վճռել էին սպանել Ադանայի կոտորածների հեղինակ երիտթուրքական պարագլուխներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։