Հա

Մշակոյթ

18/03/2019 - 13:30

Չնւաճւած «Բերդաքաղաք»

Բացւում է եւ ընթերցւում գրեթէ մի շնչով` ապշեցնելով ինձ: Վերջին 20-25 տարում հայերէն գրւած հազւագիւտ նորութիւններից է, որն ինձ այսպէս տպաւորեց: Այս ի՜նչ համարձակ գործ ես ձեռնարկել: Եւ սքանչելիօրէն յաջողել: Ասես նորօրեայ դիւցազներգութիւն լինի, որ հանդուգն նորարարութիւն է` հին ու ծանօթ ակօսների վրայ: Եւ ի՜նչ հոյակապ հայերէն է` ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ, որն այսօր անպատիժ, զանգւածաբար, օրնիբուն ոտնահարւում ու պղծւում է Հայաստանում, ուր, իբրեւ թէ, պետականօրէն պաշտպանւած է:

(Վարանդի «Բերդաքաղաք»-ի ձեռագիրը կարդալուց անմիջապես յետոյ եւ մէկ տարի անց)

 

Սիրելի Վարանդ,

Ստացա՛յ:

Բացւում է եւ ընթերցւում գրեթէ մի շնչով` ապշեցնելով ինձ: Վերջին 20-25 տարում հայերէն գրւած հազւագիւտ նորութիւններից է, որն ինձ այսպէս տպաւորեց: Այս ի՜նչ համարձակ գործ ես ձեռնարկել: Եւ սքանչելիօրէն յաջողել: Ասես նորօրեայ դիւցազներգութիւն լինի, որ հանդուգն նորարարութիւն է` հին ու ծանօթ ակօսների վրայ: Եւ ի՜նչ հոյակապ հայերէն է` ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ, որն այսօր անպատիժ, զանգւածաբար, օրնիբուն ոտնահարւում ու պղծւում է Հայաստանում, ուր, իբրեւ թէ, պետականօրէն պաշտպանւած է:

Չգիտեմ, բառերս կը հերիքե՞ն արտայայտելու համար հիացմունքս վիպա-քերթողական քո ԱՍՔ-ի հանդէպ, շնորհակալութիւն յայտնելու այն հաճոյքի համար, որ պատճառեցիր ինձ անցած երկու օրւայ ընթացքում, երբ ընթերցում էի քո եզակի երկը: Իրօք ԵԶԱԿԻ, դժւարանում եմ նմանը զատել անցեալի մեր հարուստ գրականութեան մէջ: Ներկայի մասին էլ չեմ խօսում: Կարող ենք գուցէ հեռաւոր նմանութիւն գտնել Կոստան Զարեանի «Տատրագոմի հարսը»-ի հետ, որը Վազգէն Շուշանեանը Փարիզի «Մենք» հանդէսում որակեց որպէս «գրադարանային դիւցազներգութիւն եւ մտքի անսահման գիջութիւն մը»: Թերեւս որոշ զուգահեռներ կարելի է գտնել Պարոյր Սեւակի «Անլռելի զանգակատան» հետ, յուզական պոռթկումի մէջ ծնւած մի գործ, որը գրւեց գուցէ, այսպէս ասած, շիրազեան հայրենասիրական պոէզիային հակադրւելու համար:

Բայց թողնենք զուգահեռներ փնտրելու հոռի սովորոյթը եւ դառնանք քո զարմանալի գործին: Այո՛, զարմանալի իր անսպասելիութեամբ, իր հումորով, մեր պատմութեան բացառիկ անձանց յորդառատ ներկայութեամբ, վիպական գրաւիչ պատումով, որը չի թողնում հայեացքը կտրել էջից, լեզւական անսպառ հարստութեամբ, ժամանակներն իրար կապելու աներեւոյթ, բայց անքակտելի հանգոյցով… Ո՞ր մէկն ասեմ, շա՜տ են գործիդ արժանիքները, շատ-շատ, եղբայր, սփռել ես առատօրէն, թափւում են էջերիդ եզրերից, մի երկուսն էլ մեր ճապաղ գրչակներին տայիր, մի քիչ շնորհք երեւար նրանց կաուչուկէ տողերում:

Շատ բան ունեմ ասելու, մանաւանդ որ ամէն ինչ չասացի, յուսամ դեռ առիթներ կունենամ արտայայտելու կարծիքս, բայց շտապեմ շնորհակալութիւն յայտնել ԱՍՔ-իդ մի երկու կարեւոր արժանիքի համար` ի թիւս միւսների:

Սիրելի ՔԵՐԹՈՂ, կարդում էի գործդ ու մի երկու հազար տարի յետ գնում մտովին, ասես Գողթան երգիչներից լաւագոյնին ունկնդրէի… Այո՛, այո՛, համեմատութիւնս բնաւ հաճոյախօսութիւն չէ, ոչ էլ չափազանցութիւն: Նրանք հէնց այդ վայրերում էին ապրում, եւ այդ ոգին է խօսել մէջդ հարազատօրէն:

Եւ երկրորդ` գործդ ասես հանրագիտարան լինի: Որքա՜ն անուններ, պատմական կարեւոր փաստեր, եղելութիւններ իմացայ քո էջերից:

Սա մէկ օրւայ կամ քաղաքական հանդիսութեան համար չես գրել` որպէս պետականօրէն յանձնառու, իսկ շիտակն ասած, որպէս պալատամերձ գրիչ, այլ յաւերժութեան համար ես գրել  որպէս ազատ ստեղծագործող:

 

* * *

 

Այս անկեղծ տողերը գրւեցին ուղիղ մէկ տարի առաջ, իրանահայ բանաստեղծ Վարանդի «Բերդաքաղաք»` իրօք բացառիկ ստեղծագործութեան ոգեւորիչ ընթերցանութեան անմիջական տպաւորութեամբ, գրւեցին տեղնուտեղը, ընթերցումն աւարտելուն պէս:

Պիտի խոստովանեմ, որ համակարգչի էկրանին գեղարւեստական գործ կարդալուն այդպէս էլ չընտելացայ: Ինձ համար եւ կարծում եմ իմ սերնդի միւս գրաքննադատների համար նոյնպէս, էկրանը գեղարւեստական եւ յատկապէս մասնագիտական-աշխատանքային ընթերցանութեան համար չէ: Մեր առջեւ պէտք է գիրք լինի, լրագիր, թեկուզ ձեռագիր էջ, մի խօսքով, թղթին յանձնւած տեքստ:

Սակայն Վարանդն ինձ ստիպեց առաջին եւ յուսամ վերջին անգամ հրաժարւել մասնագիտական սկզբունք դարձած իմ սովորույթից եւ 366 էջանոց դիւցազնապատումը կարդալ գրեթէ մի շնչով` համակարգչի էկրանին: Հիմա, տասներկու ամիս անց, երբ նորից կարդում եմ հեղինակին հասցէագրած իմ անմիջական տպաւորութիւնը, ցանկութիւն չի առաջանում խմբագրել ուղերձս, մեղմել հիացական ոգին, ինչ-ինչ բառեր ջնջել… Ներկայացնում եմ ընթերցողին այնպէս, ինչպէս գրւեց մէկ  տարի առաջ, առանց որեւէ փոփոխութեան:

Եւ այսօր, երբ բաւական ժամանակ է անցել առաջին ընթերցումից յետոյ, երբ խանդաւառութեանը փոխարինել է հանգիստ ու կշռադատւած մեկնաբանութեան եւ գնահատութեան պահանջը, ես տեսնում եմ, որ իմ ոգեւորութիւնը լիովին հիմնաւորւած էր Վարանդի ստեղծագործութեան գեղարւեստական բարձր արժանիքներով, նորութեամբ, ինքնատիպութեամբ եւ արդիականութեամբ:

«Բերդաքաղաք»-ը նկարագրում է, թէ ինչպէս 1921 թ. փետրւարեան ապստամբութիւնից յետոյ Լեւոն Շանթը եւ մի խումբ մտաւորականներ ու քաղաքական գործիչներ, անցնելով Արաքսը, ապաստան գտան Թաւրիզում: Փառահեղ անունների մի բոյլ, որոնց մի մասը, այդ թւում եւ Լ. Շանթը, Եգիպտոս մեկնելուց առաջ, մի որոշ շրջան մնում են այդ քաղաքում: Եւ հեղինակը դէպքերի, դէմքերի մի փառահեղ հրաւառութիւն է մատուցում ընթերցողին` համոզելով մեզ, որ իրանահայ գաղութն այդ տարիներին ապրում էր մշակութային-կրթական բացառիկ մի աշխոյժ կեանքով: Թատրոն, գրականութիւն, կերպարւեստ, կինօ, լուսանկարչութիւն, երաժշտութիւն եւ նոյնիսկ աճպարարութեան եւ մոգութեան բարձր ու շշմեցնող արւեստ: Ներկայ են նաեւ իրանական մշակոյթի ականաւոր դէմքեր եւ նոյնի՜սկ ֆակիրներ, որոնք Արեւելքի գոյնն ու հմայքն են ներկայացնում:

Ոչինչ չափազանցւած չէ: Իրօք այդպէս է եղել: Եւ հեղինակը մեզ համոզում է, որ, ցաւօք, բաւականաչափ ծանօթ չենք բառացիօրէն մեր կողքին ապրող հայկական մեծ գաղութի մշակութային հարուստ կեանքին:

«Դյուցազնապատում» եւ «Ասք» գործածեցինք` բնորոշելու համար այս ստեղծագործութեան գրական սեռը: Իրօք այդպէս է, քանի որ «Բերդաքաղաք»-ը համակւած է հերոսական շնչով: Բայց, հաւանաբար, պէտք է նաեւ «թատերախաղ» եւ «սցենար» եզրոյթները գործածել, առաւել ճշգրիտ ներկայացնելու համար իրար յաջորդող, փառահեղօրէն «բեմադրւած» տեսարանները, որոնցում հերթով տողանցում են գործող անձինք` մի կողմից Լ. Շանթը` Առաջին Հանրապետութեան մի շարք կարեւոր դէմքերի հետ, միւս կողմից` իրանահայ գաղութի սերուցքն ի դէմս արւեստի եւ գրականութեան ծանօթ եւ անծանօթ գործիչների: Եւ ինչպիսի՜ վարպետութեամբ է կարողացել հեղինակ-բեմադրիչը վերստեղծել այդ տարիների մթնոլորտը:

Գործածեցինք նաեւ «սցենար» եզրոյթը: Այո, այս գիրքն ամբողջութեամբ հրաշալի նիւթ կարող է դառնալ բազմասերիանոց պատմական ֆիլմի համար, սակայն ո՛չ սերիալային հակագեղարւեստական եւ, չվարանենք ասել, հակազգային «գեղագիտութեամբ»: Եւ եթէ Աստւած տա՛յ այս երազն իրականութիւն դառնայ, ապա կարծում ենք, որ հնարաւոր կը լինի նաեւ հետաքրքրել իրանական կողմին, մի երկիր, որն այսօր համաշխարհային կինոարւեստում պատւաւոր դիրքեր է նւաճել:

Շարունակում եմ ընթերցանութիւնը, եւ յանկարծ, կատարեալ յայտնութի՛ւն, կարդում եմ տէրեանական ոգով, բայց արդէն ինքնուրոյնութռան անժխտելի կնիքը կրող քնարական հրաշալի տողեր: Ամօթ ինձ, հեղինակի անունն առաջին անգամ եմ կարդում, ես, որ ժամանակին, 60-70-ականներին բառացիօրէն կլանում էի «Նոր էջը»` իրանահայ գրողների հրաշալի հանդէսը: Սարհադ Քաջազեան… Ինչպէ՞ս է պատահել, որ այս անունը չի դրոշմւել յիշողութեանս մէջ: Գուցէ նրա բանաստեղծութիւնները չեն արժանացել խմբագրական խորհրդի հաւանութեան: Հազիւ թէ …

Իմ եւ Վարանդի հերթական հեռախօսազրոյցներից մէկի ընթացքում պիտի պարզէի, որ այդպիսի բանաստեղծ գոյութիւն չի ունեցել, եւ որ այդ նրբին տողերի հեղինակը ոչ այլ ոք է, քան ինքը` Վարանդը: Հրաշալի՜ միստիֆիկացիա: Եւ ինչպիսի՜ վարպետ ոճաւորում` տէրեանական ոգով: Դրանք նաեւ երգի հրաշալի տեքստեր են: Ամէն մի բանաստեղծութեան ետեւը մի գեղեցիկ մեղեդի կայ, որը մեր կոմպոզիտորները պիտի շտապեն գտնել:

Ի դէպ, երգի տեքստը:

Յիշում եմ, որ Արցախեան շարժման առաջին օրերին, Բեռլինում ապրող, ծագումով իրանահայ կոմպոզիտոր լուսահոգի Լուդւիգ Բազիլից ստացայ հայկական նոր հանրապետութեան օրհներգը` հրաշալի մեղեդի, Վարանդի տեքստով: Յիշում եմ նաեւ, որ տեղնուտեղը, վստահելի անձանց միջոցով ուղարկեցի Ստեփանակերտ: Աւա՜ղ, ուշադրութեան չարժանացաւ: Խառը օրեր էին, ինչ իմանաս` ինչո՞ւ: Բայց գոնէ պահպանւե՞լ է…

Առիթից օգտւելով պէտք է ասեմ, որ Վարանդը Հայաստանում իր տաղանդին համարժէք ուշադրութեան եւ գնահատութեան չարժանացաւ: Աւելին` նոյնիսկ խանգարել են, վնասե՜լ: Մէկ այլ փաստ պիտի յիշեմ, այս անգամ ցաւալի: 1985 թ. «Սովետական գրող» հրատարակչութիւնը, գեղարւեստական գրականութեան բաժնի վարիչ Ստեփան Թոփչեանի նախաձեռնութեամբ, լոյս ընծայեց «Սփիւռքահայ գրականութիւն» ծաւալուն տարեգիրքը, որտեղ բաւական ընդարձակ եւ տպաւորիչ ծաղկաքաղով ներկայացւած էր նաեւ Վարանդը: Գիրքն ընդամենը մի քանի օր էր, ինչ առաքւել էր հանրապետութեան գրախանութները, երբ իմացանք, որ համապատասխան մարմինների հրահանգով, ամբողջ տպաքանակը հանւել է վաճաքից եւ ոչնչացւել: Մեզ համար կատարելապէս անհասկանալի էր այդ որոշումը, քանի որ տարեգրքում զետեղւած տեքստերը քաղաքական-գաղափարական առումով որեւէ խնդիր չէին կարող յարուցել: Պարզւեց սակայն, որ տեքստերը չեն մեղաւոր, այլ ներկայացւած հեղինակներից մէկը` Վարանդը, ՀՅԴ-ի համակիրը լինելու իր հանգամանքով: Պարզեցինք նաեւ, որ գրախանութները հասցրել են ընդամենը երկու հարիւր օրինակ վաճառել… Այնպէս որ, տարեգիրքն այսօր բացառիկ արժէք ունի, ունեցողները թող լաւ պահեն:

2018 թ. հոկտեմբերին Երեւանում լոյս տեսած «Բերդաքաղաք»-ն այդ «բախտին» չարժանացաւ, սակայն չէի ասի, թէ այդքանով հանդերձ ավելի բախտավոր եղավ: Գրողը երբեմն ավելի բախտավոր է դառնում արգելւած, դատարան ընկած կամ այրւած գրքով: Ֆրանսիացի քննադատներից մէկը ժամանակին գրեց, որ Ֆլոբէրի «Մադամ Բովարի»-ն այդպիսի փառքի չէր արժանանայ, եթէ չդատւէր: Այդ վէպն, անշուշտ, հանճարեղ է եւ լիովին վաստակած փառքի է արժանացել, բայց, հաւանաբար, չենք կարող պնդել, թէ քննադատի կարծիքը կատարելապես անհիմն է:

Առաջին դէպքը չէ, երբ Հայաստանում լոյս է տեսնում սփիւռքահայ գրողի տաղանդաւոր երկը եւ մեր քայքայւած ու դասալքւած գրաքննադատութեան բացարձակ լռութեանն արժանանում: Դա անհամեմատ աւելի վիրաւորական է, քան այրելն ու արգելելը: Գրքեր կան, որոնց յայտնւելը պէտք է անմիջապէս մեկնաբանւի ու գնահատւի մամուլում: Վարանդի գրքին հարկ է աւելացնել ֆրանսահայ բանաստեղծ եւ արձակագիր Դընի Տոնիկեանի «Աղբաստան» եւ ամերիկահայ արձակագիր Պօղոս Գուբելեանի «Փտախտ» վէպերը, որոնք անպայման պիտի դառնային մեր մամուլի եւ յատկապւս գրական հանրութեան սեւեռուն ուշադրութեան առարկան: Բայց աւա՜ղ… Եւ եթէ դա տեղի չունեցաւ, նշանակում է գործ ունենք լուրջ թերացման հետ, երբ համապատասխան անձինք դադարել են իրենց մասնագիտական եւ հասարակական պարտականութիւնները կատարել կամ թացը չորից այլեւս չեն ջոկում եւ առանց դոյզն իսկ ամօթի, հրապարակաօ, «տաղանդաօոր» եւ նոյնիսկ «հանճարե՜ղ» են համարում ոմանց միջակ շարադրանքը:

Ափսո՜ս: 1921թ. մեր թշնամիները` ներքին թէ արտաքին, չկարողացան նւաճել այդ Բերդաքաղաքը, իսկ այսօր մեր գրաքննադատութիւնը չկամեցաւ մտնել բարեկամների առջեւ բացւած «Բերդաքաղաք»-ի դարպասներով եւ սիրով ու գնահատութեամբ «նւաճել»: Անգամ մեր պետականութեան վերականգնման 100-ամեայ տարեդարձի՜ն: Չէ՞ որ գրքի երրորդ էջին այսպիսի ընծայագիր կայ. «Ձօն Հայաստանի Ա. Հանրապետութեան Կերտման 100-ամեակին»:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉԵԱՆ

Փետրւար - 2019 թ., Փարիզ

Յարակից լուրեր

  • Ալեքսանդր Թոփչեանի «Բանկ Օտոմանը»` պարսկերէն
    Ալեքսանդր Թոփչեանի «Բանկ Օտոմանը»` պարսկերէն

    Հայ ժողովրդի պատմութեան 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին տեղի ունեցած մի շարք կարեւորագոյն իրադարձութիւններ արգելեալ նիւթեր էին Խորհրդային Հայաստանի գրեթէ ամբողջ գոյութեան ընթացքում: Օրինակ` Կ. Պոլսի Օսմանեան բանկի գրաւման եւ դրան յաջորդող` քաղաքում տեղի ունեցած հազարաւոր հայերի ջարդի պատմութիւնը, հասկանալի պատճառներով, չարտացոլւեց խորհրդահայ գրողների երկերում: Անկախութիւնից յետոյ էլ կարծես չէին շտապում խախտել այդ պարտադրւած լռութիւնը:

  • Մենք հաւատու՜մ ենք, Արա՛մ
    Մենք հաւատու՜մ ենք, Արա՛մ

    Իրանահայ ճանաչւած բանաստեղծ Վարանդն իր անտիպ այս ստեղծագործութիւնը, Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-աեակի առիթով նւիրել է Արամ Մանուկեանի յիշատակին:

  • Կայացաւ իրանահայ բանաստեղծ Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդէսը
    Կայացաւ իրանահայ բանաստեղծ Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդէսը

    Երէկ Երեւանի Աւետիք Իսահակեան անւան կենտրոնական գրադարանում կայացաւ իրանահայ բանաստեղծ Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդէսը։ 

  • Վարանդը՝ «Գ. Մելիտինեցի» գրական մրցանակի դափնեկիր
    Վարանդը՝ «Գ. Մելիտինեցի» գրական մրցանակի դափնեկիր

    Որախութեամբ տեղեկացանք, որ իրանահայ անւանի գրող Վարանդն արժանացել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Գ. Մելիտինեցի» գրական մրցանակին:

  • Բանաստեղծ Վարանդի «Իրանի ժամանակակից պոէզիա» հատորի շնորհանդէսը
    Բանաստեղծ Վարանդի «Իրանի ժամանակակից պոէզիա» հատորի շնորհանդէսը

    Նախաձեռնութեամբ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանապետութեան դեսպանութեան եւ համագործակցութեամբ Իրանահայ գրողների միութեան, երեքշաբթի յունիսի 19-ին, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Յովհաննէս Թումանեանի անւան դահլիճում տեղի ունեցաւ շնորհանդէս նւիրւած բանաստեղծ Վարանդի «Իրանի ժամանակակից պոէզիա» հատորին, որը 2017 թւականի հոկտեմբերին, Ս. Թարգմանչաց տօնի առթիւ, արժանացել է Հայաստանի գրողների միութեան (ՀԳՄ) «Կանթեղ» մրցանակին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։