Հա

Մշակոյթ

09/06/2019 - 10:40

Արշակ դարձած ստամբուլցի Եաշարի պատմութիւնը. ի՞նչ կապ ունի Կոմիտասը

Մօտ տասը տարի առաջ ինչպէս թուրք, այնպէս էլ հայ հասարակութեանը ցնցեց Եաշար Քուրթի պատմութիւնը. պարզւեց, որ յայտնի ռոք երաժիշտը հայ է: Պատահական բացայայտումը ցնցել էր նաեւ երգչին...

«alikonline.ir» - Մօտ տասը տարի առաջ ինչպէս թուրք, այնպէս էլ հայ հասարակութեանը ցնցեց Եաշար Քուրթի պատմութիւնը. պարզւեց, որ յայտնի ռոք երաժիշտը հայ է: Պատահական բացայայտումը ցնցել էր նաեւ երգչին... «Sputnik» Արմենիայի թղթակիցը փորձել է պարզել, թէ ինչպէս է նրա կեանքը փոխւել այդ պահից ի վեր:

Ճակատագրական բացայայտումը պատահական եղաւ, երբ կայացած երաժիշտ, «Beyaz Yunus» («Սպիտակ դելֆին») ալտերնատիւ ռոք խմբի հիմնադիր, բազմաթիւ ալբոմների հեղինակ Եաշար Քուրթը մօտ 40 տարեկան էր:

Բնիկ ստամբուլցին երաժիշտ եւ կոմպոզիտոր Արտօ Թունջբոյաջեանի հրաւէրով առաջին անգամ եկաւ Հայաստան, որոշեց մի քանի երաժշտական ձայնասկաւառակ գնել ու, շապիկներից մէկի վրայ տեսնելով հայ մեծ կոմպոզիտոր եւ երաժիշտ Կոմիտասի պատկերը, ուշադրութիւն դարձրեց իր հետ ունեցած անհաւանական նմանութեանը. «Ինչո՞ւ եմ այսքան հայի նման, եթէ թուրք եմ...»:

 

Բոլոր պատահականութիւնները պատահական չեն

Տուն վերադառնալով` նա ծնողներին հարցրեց.

- Ո՞րտեղից ենք մենք:

- Վանից:

- Ա՜յ թէ ինչ: Ամէն ինչ պարզ է... Ինչո՞ւ առաջ այդ մասին չէիք խօսում:

- Դէ…, - ծոր տւեցին ծնողները…

Պարզւեց` Ցեղասպանութիւնից փրկւել եւ Եաշարի տոհմը վերածնել էր նրա ապուպապը, որն այն ժամանակ 9 տարեկան էր, անունը` Իսմայիլ: Նա ոտքով հասել էր Սեւ ծովի ափեր, որտեղ նրան ապաստան էին տւել բարի մարդիկ: Ընտանիքի միւս անդամներին դաժանաբար սպանել էին 1915 թւականի ջարդերի ժամանակ:

Երաժիշտի ապրած ցնցումը վերածւեց զայրոյթի (համաձայնէք` հեշտ չէ 40 տարեկանում կրկին բացայայտել ինքնութիւնդ), եւ նա որոշեց մեկնել Թուրքիայից: Մօտ 2 տարի ապրեց Եւրոպայում եւ գրեթէ թողեց երաժշտական գործունէութիւնը:

«Ես հեռացայ, դադարեցի համերգներ տալ եւ սկսեցի լսել ներքին ձայնս... իհարկէ, շատ էի կարդում Ցեղասպանութեան մասին, ինչպէս նաեւ այդ ժամանակաշրջանի պատմութիւնը: Շատ ժամանակ ունէի այդ հարցը տարբեր կողմերից ուսումնասիրելու համար»,- «Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում պատմեց երաժիշտը:

Պէտք է նշել, որ Եաշարն այն մարդկանցից մէկն էր, ով ներողութիւն է խնդրել հայերից Ցեղասպանութեան համար եւ 2008 թւականի հոկտեմբերին մասնակցել է ստորագրահաւաքին (դեռ նախքան իր արմատների մասին տեղեակ լինելը): Նրա խօսքով` Անատոլիայի հայերի պատմութիւնը գիտէր, բայց ոչ շատ մանրամասն, իսկ Արտօ Թունջբոյաջեանի հետ ծանօթանալուց առաջ հայ ընկերներ չունէր:

«Հայերի պատմութեան նկատմամբ հետաքրքրութիւնն այդքան խորը չէր մինչեւ Հրանտ Դինքի սպանութիւնը: Այդ ողբերգական իրադարձութիւնը, կարելի է ասել, շրջադարձային եղաւ, քանի որ շատերը բարձրաձայնեցին այդ թեման»,- նշեց նա:

Որոշ ժամանակ անց յայտնի ռոք երաժիշտը սկսեց հայերէն սովորել:

«Շուտով ես մկրտւեցի եւ ստացայ Արշակ Ասպետ անունը: 2014 թւականին իմ պատմութիւնը պատմեցին ծպտեալ հայերի մասին պատմող «Լռութեան ժառանգութիւնը» վաւերագրական ֆիլմում: Այդ նախագծի շրջանակում ես մեկնեցի Վան, Բերկրի քաղաք, որտեղից էլ սերում է ընտանիքս: Ուզում էի անցեալի մասին ինչ-որ վկայութիւն գտնել… Ընդհանուր առմամբ, ինձ թւում է, որ առաջընթաց կայ իրողութիւնն ընդունելու հարցում …»,- խոստովանեց նա:

Երգիչը բացայայտ յայտարարեց իր արմատների մասին, աւելի ուշ խոստովանեց, որ դրանից յետոյ հեշտ չէր. թուրք հասարակութիւնը շատ ցաւագին ընդունեց լուրը:

Հարցազրոյցներից մէկում նա ասել է. «Ինձնից երես թեքեցին նոյնիսկ նրանք, ում ես ընկեր էի համարում: Եղան մարդիկ, որոնք ասացին. «Դէ, եթէ հայ ես, ուրեմն չքւի՛ր Հայաստան»: Ինձ համար դժւար է բացատրել, որ եթէ ես հայ եմ, ապա այստեղ ես տանն եմ: Նախնիներիս հայրենիքը այդ երկրի մի մասն է դարձել ոչ իրենց կամքով: Բայց, չնայած դրան, հայերն այնքան լաւ բան են արել նրա համար, որ ես կարող եմ համարձակօրէն հպարտանալ ծագումովս»:

Սակայն, ինչպէս մեզ պատմեց Եաշարը, Եւրոպայից վերադառնալով` նրա երկրպագուների մեծ մասը ամէն դէպքում համակերպւեց այս իրողութեանը եւ ընդունեց նրան:

 

«Լեռներ՝ ամպերի վրայ»

Շուրջ 6 տարի առաջ երգիչն իրեն կոչեց «նոր հայ». «Ես կուզենայի հայկական երաժշտութիւն նւագել, բայց դրա համար այն դեռ ուսումնասիրել է պէտք, պէտք է հայ դառնալ: Ես դեռ «նոր հայ» եմ»»,- ասել է նա հարցազրոյցներից մէկում:

Այսօր նա խոստովանում է, որ սովորել է հայ լինել երաժշտութեան շնորհիւ:

«Որպէս պրոֆեսիոնալ` ես երկար տարիներ քրտնաջան աշխատել եմ էթնիկ նիւթի հետ, հայկական երաժշտութեան վրայ: Այդպես ես սովորեցի հայ լինել»,- ժպտալով ասում է նա:

Պէտք է նշել, որ իր ծագման մասին ճշմարտութիունն իմանալով` իր կեանքի որոշակի ժամանակահատւածը երաժիշտը նւիրեց Կոմիտասի կեանքի եւ արւեստի ուսումնասիրման գործին: Իսկ 2-3 տարի առաջ Համշէնին (Սեւ ծովի ափ` Թուրքիայի հիւսիս-կենտրոնական հատւածում գտնւող Սամսուն գաւառից մինչեւ Ռուսաստանի հարաւ, բնիկ հայերով բնակեցւած տարածք, պատմական Փոքր Հայքը - Խմբ.) նւիրւած ալբոմ թողարկեց:

Պատասխանելով հարցին, թէ արդեօք կա՞ն յատուկ «հայկական» ծրագրեր ապագայի համար` Եաշարը նշեց, որ աշխատում է միւս հայ արտիստների հետ մի մեծ նախագծի վրայ, որը նւիրւած է Կոմիտասի 150-ամեակին:

«Այն ինքնատիպ հեքիաթ է` օպերայի վերածւած: Ներառում է պատմութիւններ, երգեր, Համշէնի ծեսեր տարբեր լեզուներով` հին հայերէն, հին յունարէն, լազերէն, թուրքերէն»,- պատմեց նա:

Ռոք երգչի խօսքով` եթէ ամէն ինչ յաջողութեամբ պսակւի, ապա երաժշտական նախագծի առանձին հատւածներ կը ներկայացւեն արդէն այս տարւայ սեպտեմբերին: Բայց բաւական ծանր աշխատանք է սպասում:

Եաշարը մեծ ոգեւորութեամբ է խօսում Հայաստան կատարելիք այցի մասին, որը նախատեսում է ամռանն ու աշնանը:

- Իսկ ի՞նչն ամէնից շատ տպաւորեց, երբ 2009-ին առաջին անգամ եկաք Հայաստան:

- Ամպերից վեր բարձրացող լեռները, Երեւանի քարէ շէնքերը, ինչպէս նաեւ երաժիշտները, որոնց հետ համագործակցում էի...

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։