Հա

Մշակոյթ

15/06/2019 - 10:50

Մի օր կռունկն այնքան կը կանչի, որ բոլորը յետ կը գան` մտքում գուրգուրելով լինել-չլինելու հարցը

Թատրոնին սիրահարւած աղջիկը մեծ բեմերի մասին չէ, որ երազում է: Նրան ընդամենը հարթակ է պէտք, որ ասի` ես նոյնպէս կամ: Ո՛չ հանդիսատես է պէտք, ո՛չ շռնդալից ծափահարութիւն ու ո՛չ էլ զուգընկերը, կարեւորը երազանքն է, իղձը, փափագը` յայտնւել չոր տախտակների վրայ, խաղ խաղալ ու ասել` ցտեսութիւն: Սա գոյի պայքար է, մարդուն գնահատելու ու արժեւորելու պակասի ճիչ, որ գալիս է իւրաքանչիւրի հոգուց: Մեզնից շատերը գուցէ արձակում են այդ ճիչը, բայց ոմանք լռում են ու սպասում՝ չգիտես, թէ ինչի:

Թատրոնին սիրահարւած աղջիկը մեծ բեմերի մասին չէ, որ երազում է: Նրան ընդամենը հարթակ է պէտք, որ ասի` ես նոյնպէս կամ: Ո՛չ հանդիսատես է պէտք, ո՛չ շռնդալից ծափահարութիւն ու ո՛չ էլ զուգընկերը, կարեւորը երազանքն է, իղձը, փափագը` յայտնւել չոր տախտակների վրայ, խաղ խաղալ ու ասել` ցտեսութիւն: Սա գոյի պայքար է, մարդուն գնահատելու ու արժեւորելու պակասի ճիչ, որ գալիս է իւրաքանչիւրի հոգուց: Մեզնից շատերը գուցէ արձակում են այդ ճիչը, բայց ոմանք լռում են ու սպասում՝ չգիտես, թէ ինչի: Սպասում էր նաեւ Համազգային մշակութային միութեան Լիբանանի Գասպար Իփեկեան թատերախմբի ռեժիսոր Յակոբ Տէր-Ղուկասեանը, որ Մայր հայրենիքում իրենց ներկայութիւնն ու գոյը տեղի թատերասէրները կը զգան այնպէս, ինչպէս որ կայ:

«Զգացի,- ասում է նա ու իրեն յատուկ զսպւածութեամբ, հանդարտ ոճով շարունակում,- հայ ռեժիսորներն ու թատերասէրները տեսան մեզ, ընկալեցին, ընդունեցին: Կարեւորն այն է, որ Սփիւռքի թատերախմբերին հէնց այնպէս, հարեւանցի չեն վերաբերւում: Թէեւ բարդ է այսօր թատրոն պահելը, բայց փորձում ենք անել հնարաւորը»:

Պատերազմի ժամանակ դժւար է մշակոյթ զարգացնելը, այն պահպանելը, սակայն կենսական անհրաժեշտութեան նման է: Չունես մշակոյթ, ուրեմն պարտւել ես: Ո՛չ դու կաս, ո՛չ էութիւնդ: Իսկ երբ գիտակցութիւնը ստիպում է հաշւի նստել կեցութեան հետ, այդ ժամանակ արւեստի մէջ թելադրողը տւեալ պահի գաղափարն է լինում` ինչն է կարեւոր:

Գաղափարը միշտ էլ առաջնային է Յակոբ Տէր-Ղուկասեանի համար: Թատրոնի բեմի տախտակներից, ռեկւիզիտից, հանդերձանքներից եւ այլնից զատ, էականն այն ասելիքն է, որ պէտք է տեղ հասցւի:

«Ինչ եմ ես հարցնում կամ ինչ եմ պատասխանում: Կարեւորն այս երկու հանգամանքն է, թէ դերասաններն իրենց խաղով ինչ են ուզում ասել, ինչի մասին խօսել, հարցնել: Կամ` գուցէ արդէն պատասխանում են: Հայաստանում եկել ենք պատասխանելու հիմնական ու կարեւոր մէկ հարցի` կանք, արարում ենք ու ոչ պակաս ստեղծագործական ներուժ ունենք: Եւ ուրախ եմ, որ թէ՛ Վանաձորում, թէ՛ Գիւմրիում, թէ՛ Երեւանում հանդիսատեսն ընդունեց մեզ ու հասկացաւ մեր անելիքը»,- ասում է նա:

Ռեժիսորի ճանապարհը դէպի թատրոն ուղիղ չի եղել: Որպէս դերասան եւ դեմադրիչ սկսել եւ կայացել է օտար բեմերում, իսկ յետոյ եկել է Համազգային թատրոնը ղեկավարելու պատասխանատու ու պատւաւոր պահը: Հրաժարւել չի կարողացել յստակ պատճառաբանութեամբ` ուժ տւողը Միացեալ, Ազատ ու Անկախ հայրենիքի գաղափարն է եղել:

Դերասաններից գոհ է, հայերէնին լաւ են տիրապետում, ճիշտ առոգանութեամբ կարդում, բեմադրում են տարբեր գործեր: Հանդիսատեսի պակաս չունեն` թէ՛ հայ, թէ՛ արաբ: Ցանկութիւնն է ժամանակակից հայ դրամատուրգների գործերին անդրադառնալ: Փորձ արդէն ունեցել է, յուսով է` ապագայում էլ կը լինի:

Իրական կեանքից դէպի բեմ, ըստ նրա, ոչ մի քայլ էլ չկայ: Իրականութիւնը բեմում է,  որտեղ ներկայացւում է ճշմարիտը, ապրեցնողը, սովորեցնողն ու գաղափարականը: Թատրոնը հէնց կեանք է` կեղծաւոր առեւտրականի հանդերձով: Իսկ բեմի վրայ խեղճուկրակ մէկը խեղդւել է բեմադրում, որ մի քանի գրոշ վաստակի: Փորձը փորձանք է դառնում, ու խեղդւել խաղացողը խեղդւում է: Աւարտւեց: Կար ու էլ չկայ: Եւ այդպէս միշտ` լինել, թէ չլինել: Յակոբ Տէր-Ղուկասեանի հիմնական ասելիքը շեքսպիրեան խօսքերն են: Այսօրւայ աշխարհում յատկապէս օրախնդիր է ու մարդկութեան գլխաւոր հարցը` լինել, թէ չլինել:

Մինչ մարդկութիւնը որոնում է հարցի պատասխանը, կռունկը բարձր ու երգեցիկ ձայնով կանչում է Սօս Սարգսեանի անւան համազգային թատրոնից ու տուն բերում Լիբանանի Գասպար Իփեկեան թատրոնը: Յետոյ հակառակը կը լինի, մի օր էլ կռունկն այնքան կը կանչի, որ բոլորը յետ կը գան` լինելու-չլինելու հարցը գուրգուրելով մտքում ու զգալով ամբողջ հոգով: Կանչէք Հայաստանի կռունկներ, քանի-քանի հայորդի կարօտ է ձեր ձայնին, իսկ բեմի չոր տախտակներից անդին` իրական կեանքում, չվերջացող թատրոնի անհաշւարկելի թւով արարն է:

 

«Yerkir.am»

Լուսանկարները՝ Գիւմրու դրամատիկական թատրոնի

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։