Հա

Մշակոյթ

19/06/2019 - 08:40

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի նորաբաց պատկերասրահում ներկայացւեցին Ժանսէմի Եղեռնի թեմայով կտաւները

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտում առաջին անգամ բացւեց պատկերասրահ, որտեղ ներկայացւեց «Ժանսէմ. Մեծ Եղեռնի գեղանկարիչը» խորագրով մշտական ցուցադրութիւնը:

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտում առաջին անգամ բացւեց պատկերասրահ, որտեղ ներկայացւեց «Ժանսէմ. Մեծ Եղեռնի գեղանկարիչը» խորագրով մշտական ցուցադրութիւնը: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, ցուցադրութեան մէջ ներկայացւած են ֆրանսահայ մեծանուն նկարիչ Ժանսէմի (Յովհաննէս Սեմերջեան) «Եղեռն» շարքից 20 գործ: Կտաւների թիրախային կերպարը նրա գեղանկարչութեան կինն է:

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի ցուցադրութիւնների կազմակերպման բաժնի վարիչ Սեդա Պարսամեանը պատմեց, որ Ժանսէմը դեռ երկու տարեկան էր, երբ ծնողները Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով ստիպւած եղան գաղթել Օսմանեան կայսրութիւնից դէպի Յունաստան, այնուհետեւ՝ Ֆրանսիա:

«Մանկուց փոքրիկ Յովհաննէսի յիշողութեան մէջ ամրացած էին այն տխուր պատմութիւնները, որոնք լսել էր ծնողներից եւ միայն կեանքի վերջին շրջանում կարողացաւ իր տպաւորութիւնները յանձնել կտաւին»,- ասաց Պարսամեանը:

1998-2001 թւականներին ընթացքում` 78 տարեկանում Յովհաննէս Սեմերջեանը ստեղծեց 34 կտաւներից բաղկացած Եղեռն շարքը, վերարտադրելով Հայոց Ցեղասպանութեանը ուղղորդւած յայտնի դրւագները` տեղահանութիւն, գաղթականներ, կոտորած, վիշտ, որոնք նոյնքան խօսուն են, որքան Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող իւրաքանչիւր սարսափելի տեսարան:

«2002 թւականին Հայաստան կատարած իր հերթական այցի ժամանակ Յովհաննէս Սեմերջեանը ՀՀ կառավարութեան որոշմամբ նւիրատւութեան կարգով 34 կտաւները յանձնեց Հայոց Ցեղասպանութեան թանգարանին եւ հէնց նոյն տարում «Եղեռն» խորագրով  մշտական ցուցադրութիւն բացւեց, գործելով մինչեւ 2013 թւականը, այսինքն` մինչեւ Ցեղասպանութեան հարիւրամեակին ընդառաջ վերանորոգման աշխատանքները սկսելը, որից յետոյ կտաւները իջեցւեցին ֆոնդային պահոց: Այսօր հէնց իր անւամբ  պատկերասրահում բացւում է Ժանսէմի կտաւների ցուցադրութիւնը»,- ասաց Պարսամեանը:

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի ցուցադրութիւնների կազմակերպման բաժնի վարիչը համոզւած է, որ գեղանկարչութեան մէջ չկայ երկրորդը համարժէք Ժանսէմին, ով կարողացել է այս չափ խորութեամբ եւ ծաւալով ներկայացնել Հայոց Ցեղասպանութեան թեման` կտաւներին յանձնելով իրական պատմութիւններ:

Նրա խօսքով` հետագայում նախատեսում են ընդարձակել պատկերասրահը եւ Ցեղասպանութեան թեմայով Ժանսէմի մնացած կտաւները եւս ցուցադրել, ինչպէս նաեւ այլ հեղինակների կտաւների ցուցադրութիւն կազմակերպել:

Մշակութաբան-ցեղասպանագէտ Յասմիկ Գրիգորեանը նշեց, որ «Եղեռն» թեմայով կտաւներում գերակշռող մասում ընդգրկւած են բռնութեան տեսարաններ:

«Կտաւներում նկարիչը պատկերել է Ցեղասպանութեան ողջ ողբերգութիւնը: Ուշագրաւ է, որ Ժանսէմի կտաւների գերակշռող մասում մատնանշում են գործողութիւններ` տեղահանութիւն, բռնութիւն, արտասւել եւ այլն, որոնք կարծես միտւած են ներկայացնելու ոչ թէ տեղի ունեցած եւ աւարտւած պատմական իրադարձութիւնը, այլ ակնարկում են գործողութիւնների պատրանք»,- եզրափակեց Գրիգորեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։