Հա

Մշակոյթ

19/06/2019 - 10:50

Հնագէտները կոչ են անում դադարեցնել աճուրդներում եգիպտական հնութիւնների վաճառքը

Հին եգիպտական յուշարձանների ցուցադրութիւնը համաշխարհային թանգարաններում, դրանց վաճառքը աճուրդներում Արեւմուտքի երկրներին թոյլ է տալիս Եգիպտոսի պատմութեան շնորհիւ վաստակ ունենալ եւ խախտում է մտաւոր սեփականութեան եգիպտական իրաւունքները, կարծում է հնագիտութեան ոլորտի փորձագէտ, Եգիպտոսի Հարաւային Սինայի հնագիտական համալիրների հնագիտական հետազօտութիւնների վարչութեան գլխաւոր տնօրէն Աբդէլ Ռահիմ Ռիհանը:

«alikonline.ir» - Հին եգիպտական յուշարձանների ցուցադրութիւնը համաշխարհային թանգարաններում, դրանց վաճառքը աճուրդներում Արեւմուտքի երկրներին թոյլ է տալիս Եգիպտոսի պատմութեան շնորհիւ վաստակ ունենալ եւ խախտում է մտաւոր սեփականութեան եգիպտական իրաւունքները, կարծում է հնագիտութեան ոլորտի փորձագէտ, Եգիպտոսի Հարաւային Սինայի հնագիտական համալիրների հնագիտական հետազօտութիւնների վարչութեան գլխաւոր տնօրէն Աբդէլ Ռահիմ Ռիհանը: Ըստ «News.am»-ի՝ տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Աւելի վաղ «Christie's» աճուրդն իր պաշտօնական կայքում տեղադրել էր 110 լոտը մասնաւոր հաւաքածուից, որն առաջարկւելու է վաճառքի յուլիսի 4-ին Լոնդոնում։ Դա հին եգիպտական Ամոն աստծոյ քարէ գլուխն է՝ Թութանհամոն փարաւոնի դիմագծերով, բարձրութիւնը՝ 28.5 սանտիմետր։ Տարիքը՝ աւելի քան երեք հազար տարի։ Նախատեսւում է վաճառել հինգ մլն. դոլարով։

Եգիպտոսի գլխաւոր դատախազութիւնը յունիսի 13-ին պաշտօնական հայցադիմում է ներկայացրել Մեծ Բրիտանիային՝ պահանջելով դադարեցնել նմուշի, ինչպէս նաեւ եգիպտական ժառանգութիւն համարւող 32 առարկաների վաճառքը։ Դատախազութիւնը նաեւ մտադիր է նախաձեռնել ապօրինաբար դուրս տարւած արտեֆակտների վերադարձի ընթացակարգ։ Եգիպտոսի հնութիւնների նախարարութիւնն օրերս յայտարարել է, որ «Christie's» աճուրդում վաճառքի հանւող նմուշը Թութանհամոնի պատկերով գողացւել է ոչ թէ նրա դամբարանից, այլ, ամենայն հաւանականութեամբ, դուրս է տարւել Լուքսորի Կառնակայի տաճարից։

Աբդէլ Ռահիմ Ռիհանը դժգոհել է «անհեթեթ իրավիճակից», որն ամէն անգամ ստեղծւում է, երբ եգիպտական իշխանութիւնները փորձում են վիճարկել արտասահմանում ապօրինաբար յայտնւած արտեֆակտների վաճառքը։

«Հէնց որ եգիպտական իշխանութիւնները յայտնաբերում են հին եգիպտական մի որեւէ արտեֆակտ, յուշարձան, որը ներկայացվում է արտասահմանեան սակարկութիւններում, եւ փորձում են խանգարել դրա վաճառքին, արտասահմանյան գործընկերները հարցնում են՝ կարո՞ղ է արդեօք Եգիպտոսը ապացուցել դրա ծագումը եւ այն, որ դա եգիպտական է։ Բայց եթէ արտեֆակտը ձեռք է բերւել եւ դուրս տարւել Եգիպտոսից ապօրինաբար, դրա մասին ոչ մի թուղթ չկայ, ոչ մի տեղ գրանցւած չէ, եգիպտական կողմը չի կարող ներկայացնել համոզիչ ապացոյցներ, եւ յուշարձանները հանւում են վաճառքի»,- ասել է փորձագէտը։

Գործակալութեան զրուցակիցն առաջարկում է էական լրացումներ կատարել ինչպէս հնագիտականյ պաշտպանութեան մասին եգիպտական օրէնքներում, այնպէս էլ միջազգային մակարդակով ակտիւացնել ժառանգութեան պաշտպանութեանն ուղղւած աշխատանքը։ Նրա կարծիքով՝ նման օրէնքները պէտք է, առնւազն, արտասահմանեան ցուցադրութիւններից ապահովեն եկամուտներ յուշարձանների պատկանելութեան երկրներին, ինչպէս նաեւ խոչընդոտել ապօրինաբար դուրս տարւած հնագիտական արժէքների վաճառքին տարբեր աճուրդներում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։