Հա

Մշակոյթ

06/07/2019 - 08:00

Ֆրունզիկ Մկրտչեանի քիթն անցաթուղթ է եղել, կամ ինչպէս մարդը մի ամբողջ դարաշրջան դարձաւ

Նրան բոլորը «տխուր աչքերով ուրախ մարդ» են անւանում. այս բնութագրումը ձուլւել է կերպարի հետ. ասես նրա երկրորդ անունը լինի։ Իսկ եթէ ուշադիր նայենք, աչքերը տխուր չեն, այլ խելացի, թէեւ մէկը կապւած է միւսի հետ։ Նա կատակերգու չէ, այլ հումորի ու խելքի հրաբուխ։ Առանց Ֆրունզիկ Մկրտչեանի անհնար է պատկերացնել ոչ միայն հայկական եւ խորհրդային կինոն, այլ նաեւ Հայաստանը։

«alikonline.ir» - Նրան բոլորը «տխուր աչքերով ուրախ մարդ» են անւանում. այս բնութագրումը ձուլւել է կերպարի հետ. ասես նրա երկրորդ անունը լինի։ Իսկ եթէ ուշադիր նայենք, աչքերը տխուր չեն, այլ խելացի, թէեւ մէկը կապւած է միւսի հետ։ Նա կատակերգու չէ, այլ հումորի ու խելքի հրաբուխ։ Առանց Ֆրունզիկ Մկրտչեանի անհնար է պատկերացնել ոչ միայն հայկական եւ խորհրդային կինոն, այլ նաեւ Հայաստանը։ Այս մասին գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Յիշւում են ոչ թէ նրա քիթն ու անհաւանական հայացքը, այլ անգամ ամենափոքր դերը, արտայայտութիւնները, որոնք ակնթարթօրէն տարածւել են ժողովրդի մէջ, անթափանց դէմքով հումորը, սուր, ազնիւ եւ արդար խելքը։

Իսկ քիթը, ի՞նչ քիթը... Քիթն անցաթուղթ է դարձել Կրեմլում կազմակերպւած պարգեւատրման արարողութեան ժամանակ, երբ գնացել է առանց փաստաթղթերի։ Այդ քթի շնորհիւ շուկայում փող չեն վերցրել գնումներ անելու ժամանակ, իսկ յետոյ էլ տաքսիում, որով տուն է գնացել գնումներից յետոյ։ Քիթն ինչ-որ առումով հեշտացրել է Ֆրունզէ Մկրտչեանի կենցաղը, բայց ոչ կեանքը։ Ողբերգական անձնական կեանքը լի էր արցունքներով եւ արցունքոտ ծիծաղով։

Տարիներ առաջ Հայաստանում նկարել են «Մենք ենք, մեր սարերը», «Ապտակը», «Մեր մանկութեան տանգօն», «Հին օրերի երգը», «Առաջին սիրոյ երգը», Խորհրդային Միութիւնում` «Կովկասի գերուհին» եւ «Միմինոն», որոնք ոչ մի կապ չունեն այսօրւայ սերիալների հետ։

Պատկերացնո՞ւմ էք Ֆրունզիկին, որ խաղար ժամանակակից հայկական սերիալում։ Ո՞չ։ Բնականաբար։

Նրան կարելի է անւանել ազգային հերոս այդ բառի բուն իմաստով. Չէ՞ որ հերոս կարող են լինել ոչ միայն զինւորները։ Նրան համեմատում են Ֆերնանդէլի, Չապլինի, Ժակ Թատիի հետ, բայց այդ համեմատութիւնները թոյլ են։ Ոչ այն պատճառով, որ Չապլինը, Ֆերնանդէլը կամ Թատին վատ արտիստներ են, բոլորովին ոչ, ուղղակի Ֆրունզիկն ուրիշ է։ Բոլորովին ուրիշ եւ որեւէ մէկին չնմանւող, մինչեւ ուղնուծուծը լեննականցի։

Մի անգամ նա ասել է. «Ես արդէն վաղուց եմ ապրում Երեւանում։ Բայց Լենինական ուզում եմ վերադառնալ յատկապէս մեծ յաջողութիւնների կամ ձախողումների օրերին։ Ինձ թւում է, որ այստեղ նոյնիսկ լուսաբացները եւ մայրամուտներն են անկրկնելի։ Ոչ մի տեղ այնքան սուր չեմ զգացել կեանքի գեղեցկութիւնը, որքան իմ մանկութեան քաղաքում»։

Աշխատանքն ու ալկոհոլն օգնել են նրան ժամանակաւորապէս մոռանալ ընտանեկան խնդիրները։ Մի անգամ նա ասել է Գէորգի Դանէլիային. «Ես հասկացել եմ, թէ ինչու են աշխարհը ղեկավարում ապաշնորհները. նրանք չեն խմում եւ ամբողջ ազատ ժամանակը ծախսում են կարիերայի վրայ»։

Նա կեանքից հեռացաւ Ամանորի տօներից առաջ` 1993 թ.-ի մութ, ցուրտ, ՀՀՇ-ական անյոյս դեկտեմբերեան մի օր։ Հասարակ երեւանցիների սառած ձեռքերը տարան նրա դագաղը, իսկ ժլատ, ոչ մի կոպեկ չզիջող, Օպերայի մօտ ծաղիկ վաճառողները փնջերով ծաղիկներ նետեցին նրան։

Ֆրունզիկը նա է, ով ինքն իրենով մի ամբողջ դարաշրջան դարձաւ։

Յարակից լուրեր

  • Մհեր Մկրտչեանը դարձաւ 87 տարեկան
    Մհեր Մկրտչեանը դարձաւ 87 տարեկան

    87 տարի առաջ այս օրը՝ 1930 թւականի յուլիսի 4-ին Գիւմրիում (Լենինական) ծնւել է հայկական կինոյի եւ թատրոնի հսկաներից մէկը՝ Ֆրոնզիկ (Մհեր) Մկրտչեանը:

  • Հնդիկ զբօսաշրջիկը հեռախօսում պահում է Մհեր Մկրտչեանի նկարը
    Հնդիկ զբօսաշրջիկը հեռախօսում պահում է Մհեր Մկրտչեանի նկարը

    «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում Գիւմրիում գործող «Մհեր Մկրտչեան» թանգարանում բացւելու է «Տխուր տիկնիկների երթ» խորագրով ցուցահանդէս: «panorama.am»-ի հետ զրոյցում թանգարանի տնօրէն Շողիկ Մելքոնեանն ասաց, որ տիկնիկներն իրենց համար խորհրդանշական նշանակութիւն ունեն, քանի որ կապւած են Մհեր Մկրտչեանի տիկնիկի հետ:

  • Գիւմրիում կանցկացւի Մհեր Մկրտչեանին նւիրւած փառատօն
    Գիւմրիում կանցկացւի Մհեր Մկրտչեանին նւիրւած փառատօն

    Սեպտեմբերի 17-ին ՀՀ անկախութեան 25-ամեակին ընդառաջ Գիւմրիում կանցկացւի Մհեր Մկրտչեանին նւիրւած փառատօն:
    Visit Gyumri զբօսաշրջային նախաձեռնութեան շրջանակում իրականացւող փառատօնի գաղափարը պատկանում է «Digital Pomegranate» (Թւային Նուռ) ընկերութիւնը եւ «Ծիրանափող» հասարակական կազմակերպութեանը:

  • Հարազատ քաղաքում յիշեցին ուրախ ու տխուր մարդուն
    Հարազատ քաղաքում յիշեցին ուրախ ու տխուր մարդուն

    Հարազատ քաղաքում կրկին յիշեցին ուրախ ու տխուր մարդուն: Յուլիսի 4-ին լրացաւ ԽՍՀՄ-ի ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչեանի 86-ամեակը: Ֆրունզիկի (նա ժողովրդի մէջ այս անունով աւելի էր ընդունւած) ձեւաւորման վրայ իր ուրոյն տեղն է ունեցել հայրենի քաղաքը: Դերասանի մեծ սէրը թատրոնի հանդէպ արթնացել է հէնց այստեղ՝ մանկութեան տարիներին:

  • ՄՀԵՐ ՄԿՐՏՉԵԱՆ-85 - Հեծանիւ երազելիս
    ՄՀԵՐ ՄԿՐՏՉԵԱՆ-85 - Հեծանիւ երազելիս

    Մհեր Մկրտչեանը ծննդեան օրը նշել չէր սիրում: Բայց հակառակ իր ցանկութեանը, տասնամեակներ յուլիսի 4-ին բազմաթիւ շնորհաւորանքներ էր ստանում ծանօթ-անծանօթներից: Նրա տարեդարձը շնորհաւորում են նաեւ այսօր՝ մահւանից տարիներ անց: Տարեդարձ, որ տօն է դարձել Մհեր Մկրտչեանին ու նրա արւեստը սիրողների համար:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։