Հա

Մշակոյթ

20/07/2019 - 14:10

Թեհրանում՝ Հայաստանի Պետական կամերային երգչախմբի ելոյթների սեմին՝ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը կարեւորեց Իրան-Հայաստան մշակութային յարաբերութիւնները

Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան կազմակերպութեամբ յուլիսի 21-ին եւ 22-ին Թեհրանի «Վահդաթ» դահլիճում տեղի կունենայ Հայաստանի Պետական կամերային երգչախմբի ելոյթները: Յուլիսի 21-ի ելոյթը նւիրւած է անմահանուն Կոմիտաս վարդապետի ծննդեան 150-ամեակին, իսկ յուլիսի 22-ի ելոյթը նւիրւած է լինելու ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, արւեստի վաստակաւոր գործիչ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրեանի ծննդեան 80-ամեակին:

«ԱԼԻՔ», Կ.Դ. - Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան կազմակերպութեամբ յուլիսի 21-ին եւ 22-ին Թեհրանի «Վահդաթ» դահլիճում տեղի կունենայ Հայաստանի Պետական կամերային երգչախմբի ելոյթները: Յուլիսի 21-ի ելոյթը նւիրւած է անմահանուն Կոմիտաս վարդապետի ծննդեան 150-ամեակին, իսկ յուլիսի 22-ի ելոյթը նւիրւած է լինելու ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, արւեստի վաստակաւոր գործիչ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրեանի ծննդեան 80-ամեակին: Ի դէպ նշենք, որ այս առիթով Թեհրան է ժամանելու ինքը յոբելեար Տիգրան Մանսուրեանը:

Ելոյթների մասին թւականիս յուլիսի 18-ին Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան նախաձեռնութեամբ կազմակերպւել էր մամլոյ ասուլիս, դեսպանատան յարկի տակ:

Ասուլիսի ընթացքում Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը անդրադառնալով Կոմիտասի միջոցով հայ երաժշտութեանը ցուցաբերւած անզուգական ծառայութեանը, նաեւ ժամանակակից երաժշտութեան ռահվիրաներից եւ միջազգային ճանաչում գտած Տիգրան Մանսուրեանի ծաւալած աշխատանքների մասին, ընդգծեց, որ երգչախումբը 30 հոգանոց է, խմբի տնօրէնն է Արմէն Արաբեանը եւ գլխաւոր դիրիժորը հանրայայտ Ռոբերտ Մլքէեանը:

Դեսպանը իրանցի լրագրողներին ծանօթացրեց հայ երաժշտութեան երկու գիգանտներին եւ ընդգծեց, որ Կոմիտասի 150-ամեակը ԻՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչւել է որպէս 2019 թւականի միջազգային կարեւորագոյն իրադարձութիւններից մէկը: Մամլոյ ասուլիսի ընթացքում դեսպանը նշեց. «Որպէս դեսպան, ինձ համար կարեւորագոյն խնդիրը հայ-իրանական յարաբերութիւններն են, կարեւոր է յարաբերութիւնների քաղաքական, անվտանգութեան խնդիրները, այդ թւում տարածաշրջանի անվտանգութեան խնդիրները, երկկողմ տնտեսական յարաբերութիւնները, բայց վստահ եմ, որ մշակոյթը դրանցից եւ ոչ մէկից պակաս կարեւոր չէ: Վստահ եմ առանց մշակոյթի, առանց մարդասիրական ոլորտի, առանց գիր ու գրականութեան ու երաժշտութեան, յարաբերութիւնները չոր են եւ կիսատ: Իրանցի ժողովուրդը մեծ մշակոյթ կրող ժողովուրդ է եւ, իհարկէ, Իրան ասելիս առաջին հերթին ասոցացւում է Խայամի, Հաֆէզի եւ Սաադիի հետ, մենք յոյս ունենք, որ համերգից յետոյ, իրանցիների մօտ Հայաստան եւ հայութիւն արտայայտութիւնը զուգորդւելու է Կոմիտասի, Մանսուրեանի եւ Արամ Խաչատրեանի հետ»:

Դեսպանը հրաւիրեց ներկայ լինել համերգներին եւ վայելել հայ երաժշտութեան գիգանտների ստեղծագործութիւնները:

Ի դէպ տոմսերը կարելի է ապահովել www.iranconcert.com կայքէջի միջոցով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։