Հա

Մշակոյթ

31/07/2019 - 14:50

Գալիլեայում եկեղեցու աւերակներ են յայտնաբերւել, որը, ըստ աւանդութեան, կառուցւել է Պետրոս եւ Անդրէաս առաքեալների տների վայրում

Իսրայէլի հիւսիսային Գալիլեայ շրջանում հնագէտները հնադարեայ կառոյցի մնացորդներ են յայտնաբերել, որը, ըստ ենթադրութիւնների, կարող է այն եկեղեցին լինել, որը կառուցւել է Պետրոս եւ Անդրէաս առաքեալների տների վրայ:

«alikonline.ir» - Իսրայէլի հիւսիսային Գալիլեայ շրջանում հնագէտները հնադարեայ կառոյցի մնացորդներ են յայտնաբերել, որը, ըստ ենթադրութիւնների, կարող է այն եկեղեցին լինել, որը կառուցւել է Պետրոս եւ Անդրէաս առաքեալների տների վրայ: Այս մասին ըստ Tert.am-ի գրում է Daily Mail-ը:

Եկեղեցու մասին առաջին յիշատակումներն արւել են 725 թւականին, սակայն դրա գոյութեան վերաբերեալ որեւէ ապացոյց չկայ, ինչը ժամանակի ընթացքում կասկածի տակ է դրել յիշատակութիւնների իսկութիւնը:

Պեղումների արդիւնքնում յայտնաբերւել է բիւզանդական ոճով եկեղեցու խճանկարապատ յատակը: Թիմի ղեկավար, Կիներեթի քոլեջի գիտնական Մորդեխայ Աւայիմը յայտնել է, որ այս ամառ իրականացւած պեղումները հաստատել են, որ Գալիլեայի շրջանի տւեալ հնավայրը Բեթսաիդա ձկնորսական գիւղակն է, որտեղ, ըստ Յովհաննէս Աւետարանչի, ծնւել են Պետրոս եւ Անդրէաս առաքեալները:

Մինչ այժմ պեղւել է եկեղեցու մէկ երրորդից մի քիչ պակաս հատւածը, սակայն, Աւայիմի համոզմամբ, սա հէնց իրենց փնտրած եկեղեցին է, քանի որ բոլոր վկայութիւնները համընկնում են:

Նիւ Եօրքի Նայեք քոլեջի հնագէտ Սթիւէն Նոթլին, որը մասնակցում է պեղումներին, գերադասել է եզրակացութիւնների մէջ աւելի զգուշաւոր լինել՝ սպասելով պեղումների հետագայ ընթացքին, մասնաւորապէս՝ եկեղեցու վայրում համապատասխան գրութեան յայտնաբերմանը, որում նշւած կը լինի դրա կառուցման նպատակը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։